RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2105, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՏՕ-Ի ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ընդամենը մի քանի օր է անցել ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողվից, բայց արդեն սկսել են ի հայտ գալ որոշ ցավոտ հարցեր, որոնք դաշինքի մասնակիցները փորձում էին թաքցնել:

Այսպես, գագաթաժողովի ավարտից հետո ելույթ ունենալովՙ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ դաշինքի անդամները, այդ թվում Թուրքիան, հավանություն են տվել Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով Լիտվայի նախագահի գրասենյակի կայքը: Ըստ որում, նշվում էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իր երկիրը որպես ՆԱՏՕ-ի անդամ հավատարիմ է դաշնակցային պարտքին եւ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի ամեն մի հարձակմանը:

Ի դեպ, գագաթաժողովի նախօրեին թուրքական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանից Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին հավանություն չի տա այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքի անդամ երկրները ահաբեկչական չեն ճանաչել Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություններին: Խոսքը մասնավորապես Սիրիացի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասին էր: Սակայն ավելի ուշ Չավուշօղլուն Հռոմում լրագրողներին հայտարարեց, որ Թուրքիան մինչեւ վերջ հավանություն չի տվել Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին եւ կարգելափակի պատրաստի փաստաթղթի հրապարակումը, եթե դաշինքը հրաժարվի ահաբեկչական ճանաչել Սիրիացի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Սաՙ առաջին:

Երկրորդ, Անկարան նման դիրք կբռնի այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքը չի հաստատել Թուրքիայի պաշտպանության ծրագիրը: Նախարարի խոսքերովՙ ազնիվ չի լինի, եթե ՆԱՏՕ-ի անդամները չպաշտպանեն Թուրքիայի ծրագիրը եւ պաշտպանեն ուրիշներինը: Ռոյթեր գործակալությունը թուրքական դիվանագիտական աղբյուր վկայակոչելով հաղորդում է, որ այս տարի ավելի վաղ ՆԱՏՕ-ն համաձայնել էր հավանություն տալ Թուրքիայի պաշտպանության ծրագրին, այդ թվում հարավիցՙ Սիրիայի սահմանից հարձակման ենթարկվելու դեպքում: Ծրագրով նախատեսվում էր Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները ճանաչել Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգ:

Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեր ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը, ըստ որի Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ կամ մի քանի անդամի վրա հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի վրա: Այդ ծրագիրը գաղտնի էր պահվում, բայց դրա գոյության բուն փաստը որոշակի պարզություն է մտցնում Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի գործողությունների շարժառիթների մեջ: Ծրագիրը կազմվել էր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն գործում էր «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որի կազմում ընդգրկված են դաշինքի բոլոր անդամները: Պարզվում է, որ Թուրքիային վերաբերող ՆԱՏՕ-ի ծրագիրը կապված է եղել բացառապես սիրիացի քրդերի դեմ ուղղված պայքարի հետ, որոնք նույնպես մարտնչում են «Իսլամական պետության» դեմ:

Ավելի ուշ, մինչեւ օրս չպարզված պատճառներով, ԱՄՆ-ը եւ դաշինքի այլ երկրներ, նախ եւ առաջ Ֆրանսիան, ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են պաշտպանել այդ ծրագիրը: Բայց դա եղել է հետո: Ահա թե ինչու փոքր-ինչ տարօրինակ են ընկալվում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքերը. «Երբ ես նայում եմ Թուրքիային, նա հիմա պայքարում է նրանց դեմ, ովքեր մեզ հետ ուս-ուսի տված մարտնչել են ԻՊ դեմ»: Բայց դեռ վերջերս Փարիզը եւս նման դիրք էր բռնել: Այս կապակցությամբ թուրքական դիվանագիտական աղբյուրը հարցը սրությամբ է դրել. եթե ինչ-որ մեկն ուզում է հրապարակել Մերձբալթիկան ու Լեհաստանը պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագիրը, ապա պետք է հրապարակի նաեւ Թուրքիայի պաշտպանության ծրագիրը: Այլապես դուրս է գալիս, որ Անկարային ներառում են Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական ծրագրերում, որին նա չի համարում թշնամական պետություն, իսկ իրենք խուսափում են Մերձավոր Արեւելքից, որտեղից, ըստ Անկարայի, բխում է Թուրքիային սպառնացող վտագը: Ինչպես գրում է թուրքական Turkiye հրատարակությունը, Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի «խնդրահարույց զավակը», որը առաջարկում է հստակ խաղ, այլ ոչ թե դաշինքի նավարկուղիով շարժվելու քաղաքականություն: Անկարան սկսել է շրջափակել դաշինքի ծրագրերը, քանի որ վերջինս շրջափակում է թուրքական ծրագրերը:

Ի դեպ, Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Էրդողանի եւ Մակրոնի միջեւ տեղի ունեցած վեճը ցույց տվեց, թե որքան տարբեր են Անկարայի եւ Փարիզի պատկերացումները Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Սիրիայի իրադարձությունների առնչությամբ: Իր հերթին ՆԱՏՕ-ի համար դա ներկայացնում է լուրջ խնդիր, չնայած որ քրդերի հետ կապված իրավիճակը Լոնդոնում չի քննարկվել: Թուրքական Haber7 հրատարակությունը երկրի կառավարությանը հորդորում է Արեւմուտքին չստիպել սիրել Թուրքիային, քանի որ այնտեղ նրան վաղուց չեն սիրում, եւ չվախենալ ցուցադրելուց, որ եթե Թուրքիան դուրս գա դաշինքից եւ է՛լ ավելի մերձենա Ռուսաստանի հետ, ապա ՆԱՏՕ-ի վերջը կգա: Գոյություն ունի գաղափար, թե հարկավոր է աջակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին , որը ՆԱՏՕ-ում իրեն առավել զայրացնող անձ է համարում ոչ թե Էրդողանին, այլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Այսպես Թրամփը վիրավորական եւ շատ տհաճ է անվանել Մակրոնի հայտարարությունը «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին»: Հիշեցնենք, որ Մակրոնի դժգոհության պատճառն այն էր, որ Սիրիայի հյուսիս ներխուժելու հարցում Անկարան հաշվի չէր առել ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը:

Թուրքիան խորհրդակցել էր միայն Թրամփի հետ, եւ վերջինս հավանություն էր տվել ներխուժմանը, ինչը, ի դեպ, բացասական լայն արձագանք առաջացրեց հենց ԱՄՆ-ում: Այնպես որ, ըստ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի , Անկարայի վարքագիծը հազիվ թե հնարավոր լինի ավերիչ համարել ՆԱՏՕ-ի համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ