RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2352, Տպվել է` 163, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՅՈՒՐՄԵԼՅԱՆԻ ԴԱՍԱԿԱՆ ՎԵՊԸ ՎԵՐԱՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ

Հ.Ծ.

Հայոց պատմությունն ու մշակույթը օտարներին ծանոթացնելու գործին նվիրված Մեծ Բրիտանիայում գործող Հայկական ինստիտուտը վերահրատարակել է հայազգի անգլիագիր գրող Լեւոն-Զավեն Սյուրմելյանի դասական դարձած ինքնակենսագրականՙ «Ձեզ եմ դիմում, տիկիններ եւ պարոններ» (I Ask You, Ladies and Gentlemen) վեպը, նոր սերնդի համար հատորին ավելացնելով պատմական ակնարկ, քարտեզ, բառարան եւ լուսանկարներ:

Սյուրմելյանը ծնվել է 1907-ին Տրապիզոնում: 1915-ին զրկվել է ծնողներից, ապաստանել տարբեր որբանոցներում: Սովորել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, որտեղից ուղարկվել է ԱՄՆՙ ուսանելու Կանզաս Սիթիի երկրագործական քոլեջում: Ստեղծագործել է 15 տարեկանից: 1924-ին Փարիզում լույս է տեսել «Լույս զվարթ» հայերեն բանաստեղծությունների անդրանիկ եւ վերջին ժողովածունՙ Վ. Թեքեյանի առաջաբանով: Հետագայում գրել է միայն անգլերեն: Նրան մեծ համբավ է բերել վերոնշյալ վեպը, որը բնագրից հայերեն է թարգմանել Հրաչ Բուջիկանյանը («Սովետական գրող» հրատ., Երեւան, 1980): Գրքի առաջաբանում Վիլյամ Սարոյանը գրում է. «Վեպը պարունակում է ամենալավ էջերը, որ երբեւէ կարդացել եմ: Գրեթե ամբողջ գիրքը քնարական բանաստեղծություն է: Սյուրմելյանի ոճը պարզ է եւ անսեթեւեթ, ջերմ ու սրամիտ եւ միաժամանակ լի քաղաքակիրթ ու խելացի մարդու թախիծով»:

Իսկ Սյուրմելյանը իր ներածականի առաջին տողերը սկսում է այսպես. «Հիշեցե՛ք մեզ», գոչեց Ազնիվ հորաքույրս, եւ այս եղավ վերջին խոսքը, երբ ժանդարմները մեզ բաժանեցին Ջեվիզլիքում ու կանանց ստիպեցին տողանցել դեպի մահ»: Վեպում հստակ ուրվագծված են այն դաժանությունները, որ ծնում են պատերազմն ու մարդատյացությունը: Այդ հատկանիշներն էլ վեպը դարձնում են այժմեական: Այն թարգմանվել է իտալերեն, շվեդերեն, գերմաներեն, չեխերեն, հունարեն եւ այլ լեզուներով:

Սյուրմելյանի մյուս վեպըՙ «98,60» խորագրով դարձյալ ինքնակենսագրական է: Ունի նաեւ թարգմանություններ հայերենիցՙ «Սասնա ծռեր» (1965) դյուցազներգությունը եւ «Անմահության խնձորներ» (1965) վերնագրով հայկական ժողովրդական հեքիաթների ժողովածուն: Նրա «Վիպագրության տեխնիկա» գրականագիտական աշխատությունը օգտագործվում է ամերիկյան բարձրագույն դպրոցներում: 1983-ին արժանացել է Հայաստանի գրողների եւ Ժուռնալիստների միությունների Խաչատուր Աբովյանի անվան մրցանակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ