RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՎԱՍՏԱԿ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2326, Տպվել է` 152, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԹՈՒՐՔԱԳԵՏ-ԱՐԵՎԵԼԱԳԵՏ ԱՎԵՏԻՍ ՓԱՓԱԶՅԱՆԸ

ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Հայ օսմանագիտությունը ծանր կորուստ կրեց: 88 տարեկան հասակում կյանքից հեռացավ ականավոր թուրքագետ-արեւելագետ, աղբյուրագետ Ավետիս Փափազյանը:

Ծնվել է 1931 թ. Սիրիայի Լաթաքիա քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ս. Յակոբեանց Ազգային երկսեռ վարժարանում, այնուհետեւՙ Բեյրութի Ս. Նշան եկեղեցու դպրոցում:

1946 թ. ընտանիքի հետ միասին ներգաղթել է Հայաստան: 1955-1960 թթ. սովորել է Երեւանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բաժնում: 1961 թ. ընդունվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի (ԳԱ) Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժին եւ հաջողությամբ հանձնելով ընդունելության ասպիրանտուրայի քննություններըՙ մեկնել է Մոսկվաՙ ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտ, որտեղ էլ 1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը հետեւյալ խորագրովՙ «Քյաթիբ Չելեբիի «Ջիհան-նյումա»-ն եւ «Ֆեզլեքե»-ն որպես աղբյուր Հայաստանի պատմության (17-րդ դար)»: Ա. Փափազյանը 32 տարի շարունակ աշխատել է Հայաստանի ԳԱ Արեւելագիտության ինստիտուտում: 1988-1992 թթ. ղեկավարել է ինստիտուտի աղբյուրագիտության բաժինը: Միաժամանակ 1968-1975 թթ. Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետում դասավանդել է օսմաներեն եւ Թուրքիայի պատմություն առարկաները: 1992 թ. Ա. Փափազյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղ շարունակել է իր բեղուն գիտական գործունեությունը:

Վաստակաշատ գիտնականը 13 գրքի եւ մոտ 300 հոդվածի հեղինակ է, որոնք լույս են տեսել Հայաստանի ակադեմիական պարբերականներում եւ Լոս Անջելեսի հայկական մամուլի էջերում: Նրա գիտական հետազոտությունների մեծ մասը նվիրված է Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին միջնադարյան թուրք պատմագիրների աշխատությունների ուսումնասիրությանը, իսկ 1983 թվականից պատմաբանը սկսել է զբաղվել նաեւ Հայոց ցեղասպանության հարցերովՙ շրջանառության մեջ դնելով Մեծ եղեռնին առնչվող մեծ քանակությամբ արժեքավոր թուրքական աղբյուրներ եւ արխիվային նյութեր:

Առանձնահատուկ նշանակություն ունի 1989 թ. հրատարակված «Հայոց ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» գիրքը (վերահրատարակվել է 15 տարի անցՙ 2005 թ. Լոս Անջելեսում, ապաՙ 10 տարի անց կրկին Երեւանում, «Ազգ» թերթի կողմից), որում առաջին անգամ հայերեն թարգմանությամբ հանրությանն են ներկայացվում 1919-1920 թթ. Կոստանդնուպոլսում տեղի ունեցած երիտթուրքական կուսակցության ղեկավար գործիչների դատավարության այն նյութերը, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանության հետ: Նյութերը վերցված են 1919-1920 թթ. Կ. Պոլսում հրատարակվող «Թաքվիմ-ի վեքայի» թուրքական պաշտոնաթերթի համարներից: Հրատարակված նյութերի այս ամբողջությունը անհերքելիորեն վկայում է երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի ու կառավարության կողմից ծրագրավորված հայերի ցեղասպանության փաստը, որն այսօր ջանադրաբար փորձում են ժխտել Թուրքիայի իշխանությունները:

Արժեքավոր է նաեւ 1999 թ. Երեւանում հրատարակված Ա. Փափազյանի «Թուրքական վավերագրերը Հայաստանի եւ հայերի մասին (16-19-րդ դարեր)» խորագրով աշխատությունը: Հեղինակը ուշագրավ այս աշխատությամբ գիտական լայն շրջանառության մեջ է դնում Հայաստանի եւ հայերի մասին նկարագրող թուրքական վավերագրեր, որոնք գիտական հմտությամբ ու բանիմացությամբ են թարգմանվել ու վերլուծվել:

Դեռեւս 2000 թ. Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցին պրոֆեսոր Ա. Փափազյանը սկսում է Մեծ եղեռնին նվիրված հրապարակումների մի շարք. նախՙ 2000 թ. հանրությանն է ներկայացվում երկու աշխատությունՙ «Հայկական հարցը եւ Մեծ Եղեռնը 1876-2000 թթ.» ժամանակագրությունը եւ «Ցեղասպանություն եւ գոյատեւման պայքար» գիրքը:

2001 թ. լույս է տեսնում թուրքագետի «Հայերի ցեղասպանությունը թուրք քաղաքական գործիչների հուշագրություններում» ուսումնասիրությունը, որտեղ հեղինակը մերկացնող պարզաբանումներով ներկայացնում է թուրք քաղաքական գործիչների եւ կեղծարար պատմաբաններիՙ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսակետները եւ մեկնաբանությունները:

Ա. Փափազյանի գրչին են պատկանում նաեւՙ «Քյաթիբ Չելեբիի «Ջիհան-նյումա»-ն եւ «Ֆեզլեքե»-ն որպես աղբյուր Հայաստանի պատմության (17-րդ դար)» (1973 թ., Երեւան, ռուսերեն), «Հայերի ցեղասպանութիւնը Օսմանյան կայսրությունում» (1996 թ., Լոս Անջելես), «Թուրքական վավերագրական նյութերՙ Օսմանյան կայսրության ոչ-մահմեդական ժողովուրդների մասին (1835-1915 թթ.)» (2002 թ., Երեւան), «Պայքար հանուն արդարության» (հ. Ա եւ Բ, 2003-2004 թթ., Երեւան), «Հաւաստի վկայութիւններ Հայոց ցեղասպանութեան» (2007 թ., Լոս Անջելես) եւ «Օսմաներենի ձեռնարկ» (2012 թ., Երեւան) աշխատությունները:

Պրոֆեսոր Ա. Փափազյանը հայ մտավորականի բարձր տիպար էրՙ պարզ, անկեղծ ու բարյացակամ: Նրա մարդկային բարձր ու առաքինի հատկանիշներն էին համեստությունը, ազնվությունն ու գործին նվիրվածությունը, որոնց շնորհիվ վայելում էր գործընկերների սերն ու հարգանքը:

Ավետիս Փափազյանի հիշատակը միշտ վառ կմնա արեւելագետների սրտերում, եւ նրա գիտական ժառանգությունը միշտ իր մնայուն տեղը կունենա հիմնարար օսմանագիտության եւ հայագիտության մեջՙ նպաստելով վերջիններիս զարգացմանը:

ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի աշխատակիցների անունից խորին ցավակցություն ու զորակցություն ենք հայտնում նշանավոր օսմանագետի հարազատներին եւ այս ծանր պահին նրանց հետ միասին կիսում անդառնալի կորստի ցավը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ