ԱՍԱԴԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Սիրիայում կան մի քանի հազար ամերիկացի զինվորականներ, այլ ոչ թե մի քանի հարյուր, ինչպես դա պնդում են Սպիտակ տունը եւ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Phoenix հեռուստաալիքին: Նրա խոսքերով, այդ թվակազմի մեջ մտնում են մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցները: Ամերիկյան վարչակարգը իր պատերազմներում զգալի չափով հենվում է մասնավոր ռազմական ընկերությունների վրա, ինչպիսիք են Blackwater-ը Իրաքում եւ այլն: Նույնիսկ եթե Սիրիայում ամերիկացի զինծառայողների թիվը մի քանի հարյուր է, նրանցից բացի երկրում պատերազմում են նման ընկերությունների հազարավոր, գուցեեւ տասնյակ հազարավոր անդամներ, Ասադի խոսքերը մեջբերում է SANA գործակալությունը: Ըստ որում, Ասադը ամերիկացի մեծաթիվ զինծառայողների ներկայության համար չի մեղադրում անձամբ նախագահ Թրամփին: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներում քաղաքական համակարգը լոբբիստների ազդեցության տակ է: Դա մասնավորապես վերաբերում է Դամասկոսի նկատմամբ վարվող քաղաքականությանը, ընդգծել է Ասադը: Նա որպես երկրում ամերիկացիների ներկայության դեմ ուղղված միջոց նշել է հակաահաբեկչական պայքարը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ին հավատարիմ ընդդիմադիր խմբերին կարելի է մասնակից դարձնել այդ պայքարին: Դրա արդյունքը կդառնա ամերիկյան ուժերի հեռացումը Սիրիայից: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ Սիրիայում կմնան մոտ 600 ամերիկացի զինծառայողներ: Վաշինգտոնում, այնուամենայնիվ, քանիցս ընդգծել էին, որ զինծառայողներ կթողնեն նավթի հանքավայրերի պաշտպանության համար: Էսպերի խոսքերով, նավթային եկամուտները կպատկանեն Սիրիայի դեմոկրատական ուժերին: Ռուսաստանի հետախուզության տվյալներով, սիրիական նավթի մաքսանենգ առեւտրից ստացվող եկամուտները իրականում փոխանցվում են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների եւ հետախուզական ծառայությունների հաշիվներին: Նկատի ունենալով, որ սիրիական մաքսանենգ նավթի մեկ բարելի արժեքը 38 դոլար է, ամերիկյան այդ «մասնավոր բիզնեսի» ամենամսյա հասույթը կազմում է ավելի քան 30 մլն դոլար: |