RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ՀԵՌԱՆԿԱՐ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 8111, Տպվել է` 214, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՇՆԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

Հունվարի 15-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի «Մանեժի» կենտրոնական ցուցասրահում հրապարակեց Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձը:

Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը ստանձնելու չորս ժամանակահատվածներում սա Վլադիմիր Պուտինի նմանօրինակ 16-րդ ուղերձն էր, որին լրագրողներս հետեւում էինք մեզ հատկացված հատուկ սրահում:

Իր ուղերձում, որը տեւեց մոտ մեկ ժամ, Ռուսաստանի նախագահն առաջարկեց «արմատական փոփոխություններ» կատարել երկրի Սահմանադրության մեջՙ ամրապնդելով Պետդումայի դերն ու վերանայելով Դաշնային Ժողովի դերակատարումը:

Նրա առաջարկները նախատեսում են մի շարք փոփոխություններ Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն եւ այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում եւ երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին: Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլեւս չպետք է լինի 2 անգամից ավելի ընտրված նախագահ: 2024-ին լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, եւ Սահմանադրությունն արգելում է նրան նախագահ վերընտրվել հինգերորդ անգամ: Այսօր նա փաստորեն առաջարկել է Սահմանադրության մեջ ամրապնդել Պետական խորհրդի կարգավիճակը:

Բացի այդ, Պուտինն առաջարկում է ընդլայնել խորհրդարանի լիազորությունները: Պետդուման պետք է հաստատի վարչապետի թեկնածությունը, այնուհետեւ, նրա առաջարկով, կառավարության անդամների: Նախագահից պահանջվելու է այդ անձանց նշանակել առաջարկված պաշտոնում:

Իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվելու են նախագահի կողմիցՙ Դաշնության խորհրդի հետ խորհրդակցելուց հետո: Դաշնության խորհուրդը կստանա սահմանադրական եւ Գերագույն դատարանների դատավորներին աշխատանքից ազատելու իրավունք:

Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Ռուսաստանի ղեկավարը կենտրոնացավ երկրի ազգաբնակչության կյանքի որակի բարելավման մի շարք հարցերի վրաՙ մատնանշելով հասարակության կոնկրետ խավեր եւ կոնկրետ բնագավառներ: Մասնավորապես, Պուտինը հանդես եկավ ծնելիության մակարդակի բարձրացման առաջարկովՙ ֆինանսական խթանման ուղին մատնանշելով երիտասարդ ընտանիքների համար: Նա նաեւ ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդիրը մեջտեղ բերեց, շեշտելով ուսուցիչների համար հավելավճարներ ներմուծելու անհրաժեշտությունը:

Միջոցառման ավարտին ԶԼՄ ներկայացուցիչներիս հնարավորություն ընձեռնվեց հանդիպելու եւ հարցեր ուղղելու ՌԴ Պետդումայի պատգամավորներին, որոնք կարեւորեցին երկրի նախագահի ուղերձում նշված մեծածավալ փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրատապությունը: Ընդհանրապես, այդ օրը ինձ հանդիպած բազմաթիվ պատգամավորներ, որոնք, ի դեպ, վկայակոչեցին նաեւ Ռուսաստանի բնակչության մեծամասնության կարծիքը, համոզված են, որ Վլադիմիր Պուտինը անփոխարինելի ղեկավար է, կշռադատված քաղաքական գործիչ եւ միջազգային հարաբերություններում իմաստուն դիվանագետ, որը երկար ու ձիգ տարիներ Ռուսաստան պետության նավը անփորձանք տանում է բարեկեցիկ եւ արժանապատիվ եզերքներ:

Վլադիմիր Պուտինի ուղերձից մի քանի ժամ անց տեղի ունեցած կառավարության նիստում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:

«Այսօր ՌԴ նախագահի մատնանշած արմատական փոփոխությունները երբ ընդունվեն, ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա քննարկումներից հետո, դրանք էական փոփոխություններ կմտցնեն ոչ միայն Սահմանադրության մի ամբողջ շարք հոդվածներում, այլ նաեւ իշխանական թեւերի հավասարակշռության մեջՙ գործադիր իշխանությունում, օրենսդիր իշխանությունում, դատական իշխանությունում»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

«Այդ համատեքստում,-շարունակել է նա,-ակնհայտ է, որ մենքՙ որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք ընդունելու դրա համար բոլոր հնարավոր որոշումները, եւ այդ պայմաններում ես համարում եմՙ ճիշտ կլինի, որ Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան Ռուսաստանի Դաշնության կառավարությունը գործող կազմով հրաժարական տա»:

Կառավարության նիստին ներկա Վլադիմիր Պուտինը գոհունակություն է հայտնել կառավարության ձեռք բերած արդյունքների կապակցությամբՙ նշելով, որ ամեն ինչ չէ, որ ստացվել է. «Ամեն ինչը միշտ էլ ամբողջությամբ չի ստացվում», - ասել է նա եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում բոլորի հետ հանդիպումներ կունենա:

Ընդունելով գործադիրի հրաժարականըՙ նախագահ Պուտինը Դմիտրի Մեդվեդեւին առաջարկել է զբաղեցնել Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը եւ զուգահեռաբար ժամանակավոր կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները:

Ռուսաստանի կառավարության ներկայիս կազմը ձեւավորվել է 2018 թվականի մարտինՙ նախագահական ընտրություններից հետո, երբ Պուտինը չորրորդ անգամ ընտրվեց նախագահ:

Մեդվեդեւը նախարարների կաբինետը գլխավորում է 2012 թվականից:

Նույն օրը Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:

Վերջինս 53 տարեկան է, անկուսակցական, 2010-ից զբաղեցնում էր Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը:

Մինչ պետական համակարգում պաշտոն ստանձնելը Միշուստինը զբաղվել է գործարարությամբ, ղեկավարել ակտիվների կառավարմամբ զբաղվող միջազգային UFG Capital Partners ընկերությունը:

Ժամանակին նա աշխատել է իր մտերիմ ընկերոջՙ Լեւոն Ամդիլյանի «Միջազգային համակարգչային ակումբ» ՓԲԸ-ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ