RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



Տեղադրվել է` 2020-01-16 22:43:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 7691, Տպվել է` 216, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀԻՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքի թեման թարմացել է ու բուռն քննարկումների դաշտ մտել: Դեռ 2003-ին, երբ հնագետներ Ֆրինա Բաբայանն ու Աղավնի Ժամկոչյանը հնավայրը հայտնաբերցին, շատերը կարծիք հայտնեցին, թե պետք է հին քաղաքը հնարավորիս բացել, հողի շերտերից ազատել: Բայց որոշվեց նորից այն փակել, հողի շերտի տակ պահպանել ու Հանրապետության հրապարակի տեսքը չփոխել:

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումն արեց, այս անգամ հրապարակի տակ գտնվող հին քաղաի մասինՙ նշելով, որ այն պետք է դառնա զբոսաշրջային տեսարժան վայր ու վերածվի թանգարանի: Հաջորդ օրն իսկ հնագետներն ու ճարտարապետներն սկսեցին մեկնաբանել ու վերլուծելՙ բացե՞լ, թե չբացել պատմական շերտը, արդյո՞ք հին քաղաքն արժեք է ներկայացնում:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռըՙ Մարկ Գրիգորյանը, կարծում է, որ այն ոչ՛ ճարտարապետական, ո՛չ էլ պատմամշակութային տեսակետից որեւէ արժեք չունի: Ըստ նրաՙ շինությունները 18-րդ դարի են, բացելու դեպքում էլ հայտնի չէ, թե ինչ անակնկալի կհանդիպենք: Չի բացառվում, որ այն մահմեդական կառույց լինի, քանի որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը պարսկական տիրապետության տակ էր: Մարկ Գրիգորյանին մտահոգում է այն, թե ինչ նախագիծ է ներկայացվելու, ինչպես ու որտեղից է փորվելու հնավայրը, չէ՞որ այն Երեւանի ուղիղ կենտրում է եւ կարող է խաթարել հանրության տեղաշարժը, փողոցների երթեւեկը: Ի վերջո, Երեւանում պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող բազմադարյա կոթողներ ու հնավայրեր կան, որոնք առաջինը խնամքի եւ ուշադրության կարիք ունեն:

Հրապարակի պատմական շերտը բացելու եւ թանգարանի վերածելու գաղափարն իրագործելու համար ԿԳՄՍ նախարարությանը կից փրձագիտական հանձնաժողով է ստեղծվել. նիստ առայժմ չի հրավիրվել:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էլ կարծում է, որ շինությունները պետք է բացվեն ու ներկայացվեն հանրությանը. ամենեւին էլ կարեւոր չէՙ դրանք ում կառուցածն են, կարեւորն այն է, որ հայերի տներ են ու պետք է պատմությանն այլ կերպ վերաբերվել:

Ֆրինա Բաբայանը պնդում է, որ կառույցը 17-րդ դարի է, շինվածքի հեղինակները հայ վարպետներն են, որոնք հայկական տուֆ են օգտագործել: Հնագետն, իհարկե, ուզում է, որ հին քաղաքի մնացորդները հրապարակի սալահատակի ու ասֆալտի տակից հանվեն եւ ուսումնասիրվեն:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը շինությունները բոլորովին այլ դարաշրջանի է վերագրումՙ 19-րդ դար:Նա մասնագիտորեն բացատրում է, որ Երեւանում ուղիղ փողոցներ կառուցվել են 1850-ականներին, մինչ այդ փողոցները մահմեդական ազդեցությամբ ոլոր-մոլոր են եղել: Քանի որ հրապարակի տակ եղած շինությունները դասավորված են ուղիղ կառուցված փողոցի վրա, ուրեմն դժվար չէ եզրակացնել, որ հին քաղաք կոչվածը 19-րդ դարի երկրորդ կեսին է կառուցվել, ոչ թե 18 կամ առավել եւս 17-րդ դարերում: Ուղիղ փողոցների առաջին օրինակներից է նաեւ Աստաֆյանՙ այժմյան Աբովյան փողոցը: Պավել Ավետիսյանը բացառում է, որ շինություններն ավելի վաղ դարաշրջանի են պատկանում, բայց դա չի նշանակում, որ դրանք արժեք չունեն: Հնագետը պնդում էՙ լինի Երեւանը, թե այլ քաղաք, հողի տակ ինչ էլ հայտնաբերվի, կարեւոր ու արժեքավոր է: Մեր քաղաքային կյանքի անցյալը, հիշողության մշակույթը ցաքուցրիվ է ներկայացված: Այս մեկը Հովհաննես Քաջազնունու տուննէ, մյուսըՙ Աֆրիկյաններին է պատկանել, երրորդում Ակսել Բակունցն է ապրել: Մեր պատմությունն ու մշակույթը ընդհատված հիշատակումներով է ներկայացված, ոչ թե ամբողջական հիշողությամբ: Այդ իմաստով որեւէ հնավայրՙ անգամ 19-րդ դարի, պետք է ուսումնասիրվի եւ հանրայնացվի: Բայց այս դեպքում գործը բարդանում է, քանի որ շինությունները գտնվում են Հանրապետության հրապարակի տարածքում: Ոչ ոք առայժմ չի պատկերացնում կամ ելք չի առաջարկումՙ ինչպես եւ որտեղից է բացվելու հնավայրը: Կարծիքներ են հնչում, թե միգուցե ասֆալտն ու սալահատակը քանդվեն, հսկա ապակի դրվի, որի տակից էլ հին քաղաքը կերեւա: Մյուսների պատկրեացմամբ պետք է աստիճաններով մուտք ու ելք բացի, որպեսզի զբոսաշրջիկներն ու տեղացի այցելուները կարողանան իջնել ու ոչ միայն տեսնել քաղաքի նկուղները, այլեւ շրջել այնտեղ:

Հնագետ Պավել Ավետիսյանը դեմ չէ, թող հնավայրը բացվի, բայց ինչպես է արվելու: Գործ ունենք Հանրապետության հրապարակի հետ, որը մերօրյա պատմամշակութային կոթող է: Իսկ համաձայն շրջակա միջավայրի եւ հուշարձանների պահպանման մասին օրենքիՙ պատմամշակութային հուշարձանի տեսքը խաթարելն օրենքով պատժելի է: Բացի այդ, աշխատանքներն ինչպե՞ս են տարվելու, որ հրապարակի տեսքը չխաթարվի, կաթվածահար չլինի նաեւ երթեւեկությունը ոչ միայն հրապարակում, այլեւ հարակից փողոցներում:

Դժվար չէ ենթադրել, թե հին քաղաքը բացելու եւ թանգարանի վերածելու համար ինչ հսկայական գումարներ են պահանջվելու: Իշխանություններն ուզում են այսկերպ զարգացնել զբոսաշրջությունը, որպեսզի Երեւան այցելած օտարերկրացին տեսնի նաեւ ժամանակակից քաղաքներին ոչ բնորոշ, անսովոր տեսարանՙ երկհարկանի Երեւան:

Իհարկե, Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի արժեքը ոչ ոք չի նսեմացնում, բայց նույն Երեւանն ունի քաղաքային մշակույթի հնամենի կոթողներՙ Շենգավիթը, Կարմիր բլուրը, Էրեբունին: Կարմիր բլուրի պեղումները ղեկավարած անվանի հնագետ Բորիս Պիատրովսկու որդինՙ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պատրովսկին պարբերաբար գալիս է Երեւան ու հիասթափված հեռանում, որովհետեւ տեսնում է, որ մեր հնավայրերը դարձյալ անմխիթար ու անխնամ վիճակում են, դրանք այդպես էլ չեն դառնում թանգարան բաց երկնքի տակ, որովհետեւ ներկայանալի տեսք չունեն: Երեւանյան հնավայրերն էլ մեր Պիզայի աշտարակը կամ Կոլիզեյն են, որոնք շարունակում են անտեսված մնալ թե՛ պետության, թե՛ հասարակության կողմից:

Երեւանի կենտորնն առանց այդ էլ ծանրաբեռնված է, մեր քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքրական դարձնելու համար արդյո՞ք ավելի ճիշտ չի լինի խնամել, ներկայանալի տեսքի բերել Կարմիր բլուրն ու Էրեբունին, գումարներն այնտեղ ուղղել: Այդ հնավայրերն իրնեց արժեքով անհամամտելի են 19-րդ դարի քաղաքի մնացորդների հետ, ու եթե ուզում ենք օտարերկրյա այցելուին զարմացնել ու հիացնել, ապա զարմաքի ու հիացմունքի առարկաները վաղուց պատրաստ ենՙ հազարամյակների մշակույթ, պատմություն ու քաղաքակրթություն կրող Կարմիր բլուրն ու Էրեբունին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ