RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2020-01-16 22:43:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 2369, Տպվել է` 191, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿԱՆԱԴԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՎԱՆՇԱՆԸ ԴՈԿՏ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆԻՆ ԵՎ ԳՐԵԳ ՍԱՐԳԻՍՅԱՆԻՆ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ, (The Arm. Mirror-Spectator)

Կանադայի գլխավոր դատավոր Ռիչարտ Ուագների գլխավորած պատվանշաններ շնորհող խորհդատու հանձնախմբի հանձնարարականի հիման վրա դեկտեմբերի 28-ին Կանադայի ընդհանուր կառավարիչ Ջուլի Պայեթը հայտարարել է, որ 120 հոգի արժանացել են Կանադայի բարձրագույն պատվանշանին, որ հիմնվել է 1967-ի հուլիսի 1-ին կոնֆեդերացիայի ստեղծման 100-ամյակի առթիվ, եւ տարին երկու անգամ շնորհվում է, խիստ բծախնդիր քննարկումների արդյունքում, մարդկանց, որոնք բացառիկ ծառայություններ են մատուցել երկրին:

Հպարտությամբ արձանագրում ենք, որ բարձրագույն պարգեւին արժանացել են հայ համայնքի ճանաչված հասարակական գործիչներՙ գիտնական եւ առաջին հայ-կանադական կրթօջախի ու բազմաթիվ ենթակառույցների հիմնադիր դոկտ. Արշավիր Գյոնճյանն ու գործարար եւ Տորոնտո Համալսարանի ցեղասպանության եւ մարդու իրավունքների ծրագրի, ինչպես նաեւ Զորյան ինստիտուտի հիմնադիր (եւ ներկա նախագահ) Գրեգ (Գուրգեն) Սարգիսյանը:

Ստեղծման օրվանից ավելի քան 6 հազար մարդ, տարբեր բնագավառներից, արժանացել է այդ պարգեւին, սակայն ազգությամբ հայերի թիվը եղել է խիստ սահմանափակ: «Միրոր-Սփեքթեյթր» թերթի տեղեկատվությամբՙ Կանադայի ասպետի կոչում է շնորհվել լուսանկարիչ Յուսուֆ Քարշին (1990-ին) եւ ռեժիսոր Ատոմ Էգոյանին (2015-ն), իսկ պետական ծառայողի օրդենը շնորհվել է Շառլ Ազնավուրին (2008-ին):

«Բարձրագույն պարգեւի արժանանալու լուրը հեռախոսով ինձ հայտնեցին գլխավոր կառավարչի քարտուղարությունից: Ցնցված էի, զարմացած եւ անշուշտ հուզված: Նման բան հաճախ չի պատահում: Շնորհակալություն եւ երախտագիտությունս հայտնեցի, որ երկիրը գնահատում է իր ծառայությունները: Հետո 50 տարիների իմ աշխատանքը հայ համայնքում ֆիլմաշարի տեսքով անցավ իմ աչքերի առջեւից: Անհատ ներգաղթողներից մենք կարողացել էինք ստեղծել լավ կազմակերպված մի համայնք իր եկեղեցիով, կրթական հաստատություններով եւ մամուլի օրգաններով: Դա իսկապես մեծ ձեռքբերում էր», նշել է դոկտ. Ա. Գյոնճյանը պարգեւատրման առթիով:

«Ազգ»-ը ջերմորեն շնորհավորում է իր պատվական երկու բարեկամներինՙ Ռամկավար Ազատական կուսակցության եւ ՀԲԸՄիության վետերան ղեկավար դոկտ. Արշավիր Գյոնջյանին եւ Ցեղասպանության ուսումնասիրման ու հանրայնացման գործում կարեւոր դերակատար Զորյան ինստիտուտի հիմնադիր նախագահ Գուրգեն Սարգիսյանինՙ պետական բարձրագույն պատվանշանին արժանանալու առթիվ:

Նկար 1. Արշավիր Գյոնջյան

Նկար 2. Գրեգ Սարգիսյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 17-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ