RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2533, Տպվել է` 168, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԱՏՄ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրասիական փորձագիտական ակումբի, «Ինտեգրում եւ զարգացում» հ/կ-ի, ինչպես նաեւ Ա.Ա. Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի համատեղ գիտաժողովը: Փորձագիտական հավաքի հիմնական նպատակն էր քննարկել Եվրասիական ինտեգրացիոն տարածքի պետությունների ներքին եւ արտաքին մարտահրավերների հիմնական խնդիրները:

Գիտաժողովը վարում էր Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքագետ Արամ Սաֆարյանը , որն իր ելույթում շեշտեց նմանատիպ միջպետական փորձագիտական հանրության շփումների կարեւորությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինը , ինչպես նաեւ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը :

Առաջինը ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը , անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում ինտեգրման գործընթացներին, այն բնութագրելով որպես անընդհատ գործընթաց, որը երբեք կանգ չի առնում: Վերջինս իր ելույթում հերքեց տարածված այն կարծիքը, թե վերազգային միությունների մեջ պետությունների ներգրավումը ազդում է վերջիններիս ինքնիշխանության վրա, որպես օրինակ բերելով ԵՄ անդամ երկրներին:

Օրվա հիմնական ելույթը Ա.Ա. Գրոմիկոյի անվան Արտաքին հետազոտությունների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Գրոմիկոյինն էր, որի ելույթը վերնագրված էրՙ «ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն գործընթացների համատեքստում»: Վերջինս շեշտեց, որ արդի գլոբալիզացիայի ու համաշխարհային մրցակցության սրման պայմաններում տարածաշրջանային ինտեգրացման գործընթացները այդ ամենին դիմակայելու միակ հնարավորությունն է:

Գրոմիկոն նշեց, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո աշխարհը դարձել է ոչ միայն ավելի բարդ, այլեւ ավելի վտանգավոր, եւ այս պայմաններում միջպետական ինտեգրացիոն գործընթացները դրան դիմակայելու լավագույն տարբերակն են: Այս գործընթացը հատկապես կարեւոր է արդի բացասական տնտեսական զարգացման միտումները հաղթահարելու համար, երբ, օրինակ, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը հազիվ հասնում է 2%-ի, նույն միտումներն են նաեւ Ռուսաստանում, իսկ Չինաստանում առաջին անգամ վերջին երկու տասնամյակում աճը ավելի նվազ կլինի 6%-ից:

Բավականին հետաքրքրական էր Բելառուսիան ներկայացնող, քիմիական գիտությունների դոկտոր, դեսպան Ռախմանովի ելույթըՙ «Միութենական պետության եւ ԵԱՏՄ-ի տեխնոլոգիական անվտանգությունը» թեմայով: Վերջինս համոզված է, որ առաջիկա տասնամյակներում աշխարհը կհրաժարվի նավթից եւ կսկսի օգտագործել բաց տիեզերիքի էներգիան:

Հրաժարումը ավանդական էներգակիրներից կհանգեցնի այդ հումքի արտահանմամբ գոյատեւող պետությունների սնանկացմանը, իսկ աշխարհում կգերակայեն տեխնոլոգիական պետությունները: Հետեւաբար, պնդում է գիտնականը, տեխնոլագիական զարգացումներն են կարեւոր ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:

Իսկ նմանատիպ զարգացումներ հնարավոր է միայն տեխնոլոգիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում, իսկ մեկ առանձին վերցրած պետությունը դիմակայել արդի, օր-օրի սրվող մրցակցությանը չի կարող: Ռախմանովը օրինակ բերեց ԵՄ-ին, որի «Էյրբաս» անդրազգային ինքնաթիռաշինական եւ նմանատիպ այլ ընկերություններ հենց տեխնոլոգիական ինտեգրման լավագույն օրինակներն են:

Կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ ՀՀ ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչության պետ, դեսպան Արմեն Եգանյանըՙ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի եւ ԵՄ համագործակցության համատեղելիության որոշ էլեմենտների մասին» թեմայով: Վերջինս շեշտեց, որ ՀՀ-ն մնում է իր արտաքին քաղաքականության նախապատվությունների տիրույթում, սակայն կատարվել են շեշտադրումների որոշակի փոփոխություն:

Եգանյանը նշեց, որ ՀՀ-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը աճում է եւ հատկապես կարեւորվում է համատեղ նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի շուկաների ստեղծումը, ինչպես նաեւ թվային ընդհանուր օրակարգի զարգացումը: Արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման պայմաններում դեսպանը կարեւորեց ՀՀ-ԵՄ համապարփակ պայմանգրի կնքումը, ինչը ուժեղացնում է այդ կառույցի հետ առեւտրատնտեսական համագործակցությունը:

Վերջում ելույթ ունեցավ տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ՙ «Թավշյա հեղափոխության տնտեսական բաղադրիչը. ձեռքբերումներ եւ խնդիրներ» թեմայով: Կոնֆերանսը, ինչպես եւ միշտ, ավարտվեց կազմակերպիչների կողմից մատուցված ճաշով եւ ակտիվ քննարկումներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ