RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2570, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՐԾՆԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞... ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Սպասենք արձագանքի

ՀՀ քաղաքացին, վստահ եմ համոզված է, որ դժվար է կյանքի ութերորդ տասնամյակն ապրող մեկին, ով նաեւ ակտիվ լրագրությամբ է զբաղվում, անակնկալի բերել: Այդպիսի մեկը լինելով, այսուհանդերձ նման պահ ապրեցի Հանրային հեռուստաընկերության հունվարի 18-ի լուրերի հեռարձակման ընթացքում ունկնդրելով ՀՀ վարչապետիՙ երկրի գյուղոլորտի վիճակին նվիրված այցերից մեկի մասին պատմող ռեպորտաժը: ՀՀ թիվ 1 պաշտոնյային բոլորս գիտենք, ծանոթ դեմք էր նաեւ նրան անմիջական ուղեկցողը, ով «այո»-ներով պատասխաններ էր հնչեցնում բացառապես օրգանիկ մշակաբույսերի աճեցման եւ ինչ-ինչ արտահանումների կապակցությամբ: Մասամբ աննկատ դիրքում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի ոլորտի անմիջական պատասխանատու տեղակալը, քաղաքապետ Հայկ Մարությանի բնորոշմամբՙ ոչ պատշաճ հագ ու կապով, որն առավելագույնս էր ընդգծվում հանրությանը մշտապես հարգանքով ներկայացող նախարարի բացակայության պարագայում:

Արտառոց կամ անսովոր ոչինչ էլ չկա, կասեն հատկապես Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները, պնդելով որ իրենց աշխատակիցն ամենայն բարեխղճությամբ է կատարել մասնագիտական պարտականությունըՙ լուսաբանել ՀՀ վարչապետի այցը ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն: Իսկ ահա գյուղոլորտին ու տնտեսության այս ճյուղին ծանոթ որեւէ մեկը կպնդի, որ ՀՀ պետական կառավարման համակարգում, վարչապետին կից կամ նախարարություններից որեւէ մեկին ենթակա նման անվանմամբ կառույց կամ հաստատություն գոյություն չունի, առավել եւսՙ երբեւէ չի էլ եղել: Այն կա ԱՄՆ-ի գյուղնախարարության հետաքրքրությունների շրջանակում աջակցություն ծավալող, ամենուր գործող, ՀՀ-ում 2005 թվականին ստեղծված CARD անվանումով, որի հայերեն վերծանումը Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն է թարգմանվում: Թե ինչու այս մասին տեսալրատվության ընթացքում որեւէ ակնարկ չհնչեց, պարզապես անհասկանալի է, գուցեՙ անհարգալից: Չէ՞ որ սույն կենտրոնն իր 15-ամյա կենսագրության ընթացքում այնպիսի գործունեություն է ծավալել, համենայն դեպս այդպես են հիմնավորում կազմված հաշվետվություններն ու վերլուծությունները, ինչպիսին են տասնյակ հազարավոր շահառու գյուղացիների կողմից պահվող կենդանիների գենետիկական հատկանիշների բարելավումը, բանջարաբուծության եւ պտղաբուծության, կաթի ու կենդանական ծագման սննդահումքի արտադրության ծավալների ավելացումն ու որակական բարելավումը, այծաբուծության ծրագրի ներդրումը, ՀՀ-ում սննդի անվտանգության համակարգի բարեփոխումը, ջրային ռեսուրսների կառավարման կատարելագործումը, արտահանմանը միտված պանրագործների դպրոցի հիմնումը... ամփոփՙ մի ամբողջ գերնախարարության գործառույթների իրականացումը, որի համեստ գնահատականը ՀՀ գյուղնախարարության տարօրինակ լուծարումը եղավՙ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածք ընդգրկելու տեսքով:

Հանրահայտ ասացվածք կա առ այն, որՙ մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, այլ արեք այն, ինչ ամերիկացիներն են անում: Ասվածի ապացույցը տարիներ առաջ Երեւանի փողոցները զավթած «Վայելիր Ամերիկայի ոգին» գովազդապաստառներն էին, որոնցում ներկայացվում էր ամերիկյան արտադրության ծխախոտը: Եղան գայթակղության տրվողներ, իսկ հյուսիսամերիկացիներն այդ ընթացքում շարունակում էին տնտեսությունում լոկոմոտիվի դեր ունեցող եգիպտացորենի հատիկի աննախադեպ ծավալների բերք աճեցնել: 2000-2017 թվականներին 250-375 մլն տոննա հատիկ է հավաքվել, անասնակեր օգտագործելով կաթ ու մսի հավելյալ հարյուր հազարավոր տոննաներ են ստացել, բուսայուղ ու կարագ պատրաստել, անասունների կաշին վերամշակել, սպիրտ թորել, ցողուններից ու կողրերից այլեւայլ պարագաներ թողարկել, այսկերպ նոր աշխատատեղեր ստեղծելով հզոր երկիրը գերհզորացնել, հարյուր հազարավոր հայերի էլ իրենց կողմը գրավել:

Առանց երկմտել նշեմ, որ հատուկ տրամադրվածություն չունեմ մեզ օգնության ձեռք պարզած որեւէ մեկի հանդեպ. ամեն մեկն իր նպատակն է հետապնդում, իր շահը քողարկում, իր խաղը խաղում: Հարց է թեՙ ինչո՞ւ ենք ինքներս այս ամենի պարզունակ մասնակիցը դառնում, երբ հաստատ ու բազմիցս համոզվել ենք, որ տվյալ դեպքում ՀՀ գյուղատնտեսությունում վիճակը բոլորովին էլ բարվոք չէ, եթե ողբալի չգնահատենք: Արդյո՞ք արդեն նշված շաբաթ օրով կազմակերպվածը, գործնական այց կհամարեք թե բեմականացում, իրականացվեց ի հակադրություն ջրօգտագործող ընկերություններում, անասնապահության ու սպանդանոցային մորթի ոլորտներում մարդկանց բողոքները շղարշելու համար: Չէ՞ որ համանման մոտեցումները ակնթարթային ազդեցություն են թողնում, հայաստանաբնակն ամեն պահի է առնչվում իր առօրյայի ու կենցաղի գրեթե անլուծելի դարձող խնդիրների հետ: Օրերս Գերմանիայից վերադարձած ծանոթս սուպերմարկետների մի քանի գովազդային թերթիկ էր բերել եւ հարց էր տալիս. ինչո՞ւ են մեզանում տեղական գյուղմթերքներն այսչափ թանկ: Այցելեցի Երեւանի ծայրամասային սուպերմարկետներից մեկըՙ եւ խնդրեմՙ Գերմանիայում կիլոգրամը 3 եվրոյով առաջարկվող չերրի տեսակի լոլիկը, ՀՀ արժույթով 1600 դրամ, մեզանում 2390 դրամ է, բրոկկոլի կաղամբըՙ համապատասխանաբար 950 եւ 1590 դրամ, շամպինյոն սունկըՙ 1700 եւ 2040 դրամ, ստեպղինըՙ 230 եւ 285 դրամ, կարտոֆիլը 200 եւ 260 դրամ... Եվ սաՙ ջերմատներն ու բաց դաշտավարությունը պետության կողմից գազի, ջրի, էլեկտրականության համաֆինանսավորման պարագայում, հարկային ու մաքսային արտոնությունների տրամադրման պայմաններում: Այսօրինակ փաստերի առկայության պարագայում ՀՀ բարձրագույն պաշտոնյաների յուրօրինակ ֆեյսբուքյան աչքալուսանքները նվազագույնը տարօրինակ կարելի է դիտարկել: Բարձր գներով կաշկանդելով ոմանց հարաբերական գնողունակությունը, ուղղակի հարված է հասցվում շուկայական հարաբերություններում առաջարկ-պահանջարկի բանական կարգավորմանը, տեղական արտադրանքի ծավալմանը, դրամի շրջանառության արագացմանը, ֆինանսա-տնտեսական ողջ համակարգի լիարժեք գործունեությանը: Ընդամենն ասենքՙ տխուր է:

Այս ամենից հետո մի բան է մնում. սպասել ՀՀ վարչապետի աշխատակազմի արձագանքին: Հուսանքՙ չի ուշանա:

20.01.2020 թ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ