RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2020-01-10 > #002, 2020-01-17 > #003, 2020-01-24 > #004, 2020-01-31 > #005, 2020-02-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020



Տեղադրվել է` 2020-01-24 11:22:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2953, Տպվել է` 172, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հիշում եք մեկ տարի առաջՙ անցյալ տարվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել Հայաստանում օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, աղյուսակ ներկայացրել, որտեղ երեւում են 2017 թ.ի եւ 2018 թ.ի ինը ամիսների օտարերկրյա ներդրումների ցուցանիշները եւ որտեղ նա հպարտորեն հայտարարում էր «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությունից հետո եւ դրա հետեւանքով մոտ 10 անգամ նվազած ներդրումների ծավալի որոշ չափով վերականգման մասին: Լավատեսական գրառումն էլ ավարտվում էր «դուխով» հեղափոխական կոչով: Սակայն արի ու տես, որ ո՛չ լավատեսության, ո՛չ էլ «դուխով» լինելու որեւէ հիմք օտարերկրյա ներդումների առումով գոյություն չունի, իսկ վարչապետն ամբողջ անցած տարվա ընթացքում ներդրումների ցուցանիշներին ոչ մի կերպ չի անդրադարձել: Ի՞նչ է տեղի ունեցել:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը հրապարակել է ՀՀ վճարային հաշվեկշիռը, որը հպարտանալու տեղ չի թողնում կառավարությանն ու նրա ղեկավարին: Ըստ այդմ, 2019 թ.-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա ներդրումները Հայաստանում կազմել են 91 մլն դոլար: Եթե սրան հավելենք նաեւ նախորդ եռամսյակների ներդրումների ծավալը, ապա կստացվի, որ 2019 թ.-ի ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 185,7 մլն դոլար: Հասկանալու համար սա շատ է, թե՞ քիչ, բավական է նշենք, որ 2018 թ.-ի առաջին ինը ամիսներին օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 186,4 մլն դոլար: Ավելի քան 700 հազար դոլար ներդրումների նվազումը գուցե այդքան լուրջ անկում չլիներ, եթե այն գրանցված չլիներ 2018 թ.-ի առանց այն էլ նվազած ներդրումների ծավալի ֆոնին:

Մյուս կողմից, բացի օտարերկրյա ներդրումների ծավալների նվազումից, անհամեմատ ավելի մեծ չափով նվազել են այդ նույն ներդրողների կողմից եկամուտների վերաներդրումը Հայաստանում: Այսպես, անցյալ տարվա ինը ամիսներին օտարերկրյա ներդրողների կողմից վերաներդրված եկամուտը կազմել է 73,5 մլն դոլար: Նախորդ 2018 թ.-ի ինը ամիսներին այդ ցուցանիշը 106,2 մլն դոլար էր: Այսինքն, Հայաստանում վերաներդրվող եկամուտը նվազել է մոտ 31 տոկոսով, եւ օտարերկրյա ներդրողները իրենց ստացած եկամուտը կրկին չեն վերաներդնում մեր երկրում: Ընդ որում, 2019 թ.-ի երկրորդ եռամսյակում ոչ միայն եկամուտ չի վերաներդրվել, այլ 24,6 մլն դոլար դուրս է տարվել:

Ասվածին մնում է ավելացնել, որ ներկա իշխանության կառավարման արդեն երկրորդ տարին է շուտով լրանում, բայց նրա կողմից որեւէ քիչ թե շատ նշանակալի ներդրումային ծրագիր Հայաստանում չի սկսվել: Տարատեսակ հայտարարությունները հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների մասին այդպես էլ մնացել են հայտարարություններ: Միայն նախորդ իշխանության ժամանակ սկսված ներդրումային ծրագրերն են որոշ ընդհատումներով շարունակվել, որոնք գործող իշխանությունը իրեն է վերագրել: Բացի սրանից, վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունն արդեն հասցրել է ձախողել մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր եւ հիասթափեցնել ներքին եւ օտարերկրյա ներդրողների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ