Ի ՀԱԿԱԿՇԻՌ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ» ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչված արհեստական կառույցի ձայնն արդեն խաթարում է մեր հանգիստը: Բաքուն ամեն բան անում է, որպեսզի նրանց ձայնը Երեւանում ու բանակցային սեղանի շուրջ լսելի լինի: Ցավոք, ՀՀ ղեկավարությունը ջուր է լցնում նրա ջրաղացին ու տեղի տալիս այդ պահանջներին` առանց հակակշիռ ստեղծելու: Ես չեմ ուզում պնդել, թե մեր երկրի ղեկավարությունը դիտմամբ է անում այդ ամենը, բայց մեր պետական գործիչները ինչպես ներսում, դրսում նույնպես իրենց խոսքը պարուրում են պոպուլիզմի անթույլատրելի չափաբաժնով ու կամաց-կամաց տանուլ տալիս ամեն ինչ: Չնայած` խիստ ու հիմնավոր կասկածներ ունեմ, բայց չեմ բացառում, որ գուցե նրանք բոլորից շատ են ուզում խնդիրը հարթել, բայց չեն կարողանում, իվիճակի չեն` վերոբերյալ պատճառներով նաեւ: «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածն այսօր Հայաստանի մասով լուրջ արտոնություններ է ստացել հենց քաղաքական անպտղության պատճառով, այնինչ, թե՛ ներսում, թե՛ դրսում, երբեք անդրադարձ չի եղել ո՛չ Հյուսիսային (Դաշտային) Արցախի հայերին, ո՛չ Նախիջեւանին, ո՛չ փաստացի ՀՀ տարածք համարվող Արծվաշենին: Պաշտոնական Երեւանը պետք է Բաքվի ստեղծած «համայնքին» հակակշիռ ստեղծի րոպե առաջ, որովհետեւ բանակցային մի քանի փուլ արդեն, հերթականությամբ տանուլ է տվել: Վերոհիշյալ հայկական բնակավայրերի բնիկների խնդիրների արծարծումը ոչ միայն տեղին, այլեւ խիստ շահեկան կլիներ բանակցային բոլո՛ր հարթակներումՙ առնվազն ի հակակշիռ «Ադրբեջանական համայնք» հորինվածքի: |