ՀՌՈՄԻ ԱԿՈՒՄԲ. «ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է, ՆՈՐ ԱՇԽԱՐՀՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է» Պատրաստեցՙ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ Հռոմի ակումբը հասարակական կազմակերպություն է, վերլուծական կենտրոն, որը 1968 թվականին հիմնել են իտալացի արդյունաբերող Աուրելիո Պեչչեին եւ Տնտեսական ու սոցիալական զարգացման կազմակերպության գիտական հարցերի գծով գլխավոր տնօրեն Ալեքսանդր Քինգը: *** Հռոմի ակումբի ղեկավարները եւ դրա առաջատար փորձագետները հանգել են միանշանակ հետեւությանՙ մեր քաղաքակրթության զարգացման պարադիգմայի արմատական փոփոխման անխուսափելիությանը: Անցյալ ամիս Հռոմի ակումբը ներկայացրեց «Come on: Կապիտալիզմ, կարճատեսություն, բնակչություն եւ մոլորակի կործանում» նոր զեկույցը, որը հարմարեցված էր իր կեսդարյա հոբելյանին: Դա թերեւս մեր ժամանակի կարեւորագույն փաստաթղթերից մեկն է: Հռոմի ակումբը մնում է այն հիմնական հարթակը, որը ձեւավորում է պատասխանատու գլոբալիզմի եւ կայուն զարգացման օրակարգը եւ կողմնորոշիչ է համաշխահային էլիտայի նշանակալի մասի համար: Հոբելյանական զեկույցը գրել են ակումբի երկու նախագահներըՙ Էռնստ Վայցզեկկերը եւ Անդերս Վիյկմանը 34 ուրիշ անդամների մասնակցությամբ: Կապիտալիզմի կոշտ քննադատություն, ֆինանսական սպեկուլյացիաների մերժում, մատերիալիզմից եւ ռեդուկցիոնիզմից հրաժարում, այլընտրական տնտեսության, «Նոր լուսավորչության», ամբողջական աշխահայացքի, մոլորակային քաղաքակրթության կոչ. այսպիսին է Հռոմի ակումբի առաջարկած օրակարգը: Հեղինակների համար մեկնակետ է ծառայում ամերիկացի բնապահպան եւ տնտեսագետ Հերման Դեյլիի առաջարկած «լեցուն աշխահի» հայեցակարգը: Մարդկային քաղաքակրթությունը ձեւավորվել է «դատարկ աշխարհի» պայմաններում, անծանոթ տարածքների եւ ռեսուրսների առատության աշխարհում: Այնտեղ դեռ արմատակալած են գերիշխող կրոնները, քաղաքական գաղափարախոսությունները, սոցիալական կառույցները: Իսկ իրականում մարդկությունը մուտք է գործել «լեցուն աշխարհ», որը բերնեբերան լցված է եւ ունի սահմանների հետագա ընդլայնման անչափ աղոտ պատկերացումներ: Եթե շարունակենք ապրել «դատարկ աշխարհի» կանոններով, ապա փլուզումը չի ուշանա: Զեկույցը բաղկացած է երեք մասից: Առաջինը կոչված է ցուցադրելու ներկայիս ճգնաժամի ողջ խորությունը: Երկրորդը նվիրված է իշխող աշխարհայացքի քննադատությանը եւ «Նոր լուսավորչության» այլընտրանքի շարադրմանը, երրորդ մասըՙ գործնական լուծումներին: Come on արտահայտությունն ունի երկու նշանակությունՙ «մի փորձիր ինձ խաբել» եւ «միացիր մեզ»: Հռոմի ակումբը ենթադրում է, որ անցյալ դարի 80-ական թվականներին տեղի է ունեցել կապիտալիզմի վերասերում: Շահույթի հիմնական աղբյուր դարձան ֆինանսական սպեկուլյացիաները: Ներկայումս ֆինանսական գործառնությունների իննսունութ տոկոսը սպեկուլյատիվ բնույթ է կրում: Օֆշորային գոտիներում թաքցված է քսանմեկից մինչեւ երեսուներկու տրիլիոն դոլար: Մոլորակի խոշորագույն խնդիրը մնում է համընդհանուր ջերմացումը: Ակումբը ողջունում է Փարիզյան համաձայնագրի ստորագրումը, բայց մատնանշում է, որ պետությունների ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումն անգամ անբավարար կլինի նախատեսված նպատակներին հասնելու համար: Մյուս հիմնահարցերի թվում զեկույցն առանձնացնում է «վեցերորդ զանգվածային բնաջնջումը»ՙ կենդանական աշխահի սրընթաց կրճատումը, ստեղծվող տեխնոլոգիաների չնախատեսված հետեւանքները եւ միջուկային հակամարտության սպառնալիքը: Եթե չափենք ածխաթթու գազի արտանետումները, որոնք մոլորակի ջերմացման հիմնական պատճառն են, ամենահարուստ ամերիկացիների մեկ տոկոսը արտանետում է մեկ մարդու հաշվով 318 տոննա ածխաթթու գազ, մինչդեռ երկրագնդի միջին բնակիչըՙ վեց տոննա: Հարուստ տնային տնտեսությունները առաջինը պետք է անցնեն կենսագործունեության նոր մոդելի: Ամենից շատ քննադատության է արժանանում Հռոմի ակումբի ժողովրդագրական դիրքորոշումը: Ակումբը հանդես է գալիս ծնելիության առավելագույն կրճատման օգտին: Հեղինակները հատկապես մերժում են ՀՆԱ-ն: ՀՆԱ-ի միակ չափորոշիչը այն արագությունն է, որով փողերը շարժվում են տնտեսության մեջ: Հեղինակները նշում են արտառոց դեպքեր: Նավթի թափվելը մեծացնում է ՀՆԱ-ն վթարների վերացման ծախսերի պատճառով: Տնամերձ հողամասերում բանջարեղենի աճեցումը ՀՆԱ-ում հաշվի չի առնվում, բայց սուպերմարկետներում դրա վաճառքը հաշվառվում է: Ցավոք դժվար է պատկերացնել որեւէ հաջողակ քաղաքական ուժ, որը կուզենար նվազեցնել երկրի ՀՆԱ-ն: Զեկույցի գլխավոր կետը «Նոր լուսավորչության» գաղափարն է, որի արդյունքը պետք է դառնա ամբողջական աշխարհայացքը: Մարդասիրական, բայց մարդակենտրոնությունից զերծ, զարգացմանը հակված, բայց կայունությունը գնահատող: Զեկույցը ընդգրկում է մի քանի բնագավառ, որտեղ հարկավոր է հասնել հավասարակշռությանՙ մարդու եւ բնության փոխհարաբերություններում, կարճաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարների, արագության եւ կայունության, անհատականի եւ հանրայինի, կանանց եւ տղամարդկանց միջեւ (հեղինակները նշում են, որ հավասարակշռությունը չի նշանակում մեխանիկական հարթեցումՙ ավելի մեծաթիվ կանանց տեղաշարժ դեպի տղամարդկանց դիրքեր), հավասարության եւ արդարացի պարգեւատրման, պետության եւ կրոնի միջեւ (զեկույցը ողջունում է աշխարհիկությունը, բայց ընդգծում կրոնի դրական նշանակությունը): Ինչ վերաբերում է «լեցուն աշխարհի» քաղաքականությանը, հեղինակներն ընդգծում են համընդհանուր կանոնների կարեւորությունը, որոնք պետք է պարտադիր լինեն բոլոր երկրների համար: Առանձին պետությունն իրավասու չէ կատարել ինչ ցանկանում է, մանավանդ երբ խոսքը ամբողջ մոլորակին վերաբերող գործողությունների մասին է: Նավթի դարաշրջանի ավարտը կանխորոշված է: Անչափ հավանական է, որ այն կավարտվի ավելի շուտ, քան կանխատեսվել էր: Արեւի եւ քամու մաքուր էներգիայի արժեքը տարեցտարի նվազում է, իսկ դրա արտադրությունը բազմապատկվում: Նավթի պահանջարկի աճը կանգ կառնի 2020 թվականին, իսկ եթե իրավացի է Ստենֆորդի համալսարանի հետազոտող Թոնի Սեբան , էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելը կարող է տեղի ունենալ մինչեւ 2030 թվականը: Նավթի ու գազի վիթխարի հանքաշերտերը այդպես էլ կմնան հողի մեջ: Բաց թողնված շահույթը գնահատվում է վեցից մինչեւ քսան տրիլիոն դոլարի միջակայքում: Զարմանալի փոփոխություններ են տեղի ունենում Չինաստանումՙ ռեսուրսների խոշորագույն սպառող երկրում: Կոմկուսը հռչակել է «բնապահպանական քաղաքակրթության» կառուցման ուղեգիծ, ինչն արտացոլվեց սահմանադրության մեջ եւ տեղ գտավ 2016-2020 թթ. զարգացման ծրագրերում: Չինաստանն առաջատար է դառնում այլընտրական էներգիայի ոլորտում: Չորս տարում արեւային էներգիայի արտադրությունն ավելացել է քսան անգամ: Երկիրը մտադիր է դարակեսին էներգիայի 80 տոկոսը ստանալ վերականգնվող աղբյուրներից: Ապագայի տնտեսությունը պետք է միտված լինի կայունությանը, այլ ոչ թե աճին եւ պետք է ավելացնի ընդհանուր բարօրությունը, այլ ոչ թե մասնավոր շահույթը: *** Պարտադիր չէ աջակցել Հռոմի ակումբին եւ պաշտպանել նրա հայացքները, բայց տվյալ զեկույցը կարելի է համարել ամենաառաջավոր համաշխարհային էլիտայի հայացքների արտահայտությունը, եզրակացնում է ռուս քաղաքագետ, փիլիսոփա, պրոֆեսոր Օլեգ Մատվեյչեւը : |