RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2020-01-31 > #005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020



Տեղադրվել է` 2020-02-13 22:25:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2021, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱԶԱՏԱԳՐՎՈՒՄ Է

Մ.Խ.

Քաղաքական ուժերից ով չի ալարում` իրեն հարմար ձեւով շահարկում է Արցախի ազատագրված տարածքները վերադարձնել-չվերադարձնելու խնդիրը: Սակայն կան մարդիկ, որոնք իրենց գործով արդեն իսկ առարկայական պատասխան են տալիս այդպիսի շահարկումներին, ծանրակշիռ փաստերով համալրելով այդ տարածքների հայկական պատկանելության ու ծագումնաբանության ապացույցները եւ այդպես փաստելով, որ հայկական տարածքները չեն կարող առեւտրի առարկա լինել: Այդ առումով Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է գրող Բակուր Կարապետյանի եւ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագետ-ուսումնասիրողների ծավալուն համատեղ աշխատանքի արդյունքը` Քարվաճառի շրջանի 44 ամրոցների ուսումնասիրություն-քարտեզագրումների վերատպությունները, հիանալի փաստական եւ տեղեկատվական նյութ է պարունակում:

«Արցախի ազատագրված տարածքների նորահայտ ամրոցները» աշխատանքը կատարվել է երեք տարվա ընթացքում, դեռ ուսումնասիրության եւ քարտեզագրման են սպասում էլի տասնվեց ամրոցներ: Ուսումնասիրող խումբը լինում է տեղում, մանրակրկիտ ուսումնսիրում ինչպես պահպանված կառույցներն ու դրանց տեղական պատմությունները, այնպես էլ դրանց վերաբերյալ առկա գիտական նյութը: Դա դժվարին եւ ժամանակատար աշխատանք է` դժվարամատչելի վայրերի ուսումնասիրությամբ, բազմաթիվ այցելություններով: Այնպես որ` ցանկացողները տարբեր կերպ, այդ թվում` ֆինանսապես, կարող են դեռ աջակցել ազատագրված տարածքների պատմությունը եւս ազատագրելու հայրենանվեր գործին:

Ըստ արձակագիր եւ հրապարակախոս Բակուր Կարապետյանի ` Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջանների 44 ամրոցներից 30-ն արդեն հետազոտվել է: Այդ աշխատանքներում նշանակալի մասնակցություն են ունեցել հնագետ-ազգագրագետ Գագիկ Սարգսյանը եւ բազմաթիվ այլ աջակիցներ: Ուսումնասիրության հեղինակները նշեցին Հայաստանի ազգային ակադեմիայի, Արցախի պետական եւ մասնավոր կառույցների օժանդակությունը ծավալուն աշխատանքին:

Հատկանշական է, որ ցուցահանդեսի բացմանը Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը փոխանցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի քաջալերումը` Հայաստանի Ազգային ժողովում ճանաչողական բնույթի այս նախաձեռնությանը, ապա եւ Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Բակուր Կարապետյանի պարգեւատրումը` «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

Քարտեզներն ու կից տեղեկատվությունը անգնահատելի տեղեկություններ են փոխանցում Արցախի ազատագրված տարածքներում տասնյակ դարերով եռացող հայկական կյանքի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ