ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸՙ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետեւանքով տարեկան զոհվում են ավելի քան 300 եւ մարմնական վնասվածքներ են ստանում հազարավոր մարդիկ: Ներկայումս տարբեր տեսակի միջոցառումներ եւ օրենսդրական ակտեր են մշակվել հարցի մեղմացման համար`բալային համակարգ, զրկում եւ այլն: Վթարների հիմնական պատճառը` արագության գերազանցում, ոգելից խմիչքի օգտագործում, ճանապարհների վատ վիճակ եւ այլն: Առաջարկում եմ հետեւյալը` Ճանապարհային տեղադրված երթեւեկության նշանների մեջ մտցնել ձմեռային եւ ամառային ժամանակահատվածի համար արագության սահմանափակումներ: Դպրոցների եւ հասարակական վայրերի առաջ տեղադրել համապատասխան ցուցանակներ: Հատկապես տարեց, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում տանել համապատասխան աշխատանքՙ վարորդական իրավունքները ինքնակամ վերադարձնելու համար: Խրախուսել նրանց նյութական եւ բարոյահոգեբանական տեսակետից: Բարձրացնել վարորդական վկայականներ տվող կազմակերպությունների դերն ու նշանակությունը, պատասխանատվությունը: Զանգվածային լրատվամիջոցներով նպաստել հարցի նկատմամբ ազգային անվտանգության կարեւորության գիտակցմանը: Մանրակրկիտ ուսումնասիրել միջազգային փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները: Մշակել հարցի զգալիորեն մեղմացման համալիր ծրագիր եւ այն իրականացնել: Երեկոյան ժամերին լուսավորել մայրուղիների առաջնահերթ որոշ հատվածներ: Խրախուսել եւ գործածության մեջ դնել խնդրի լավացման առաջարկները: |