RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 4009, Տպվել է` 302, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄՅՈՒՆԽԵՆԻ ԲԱՆԱՎԵՃԸՙ ՔՎԱՆՏԱՅԻՆ ՀԱՅԱՑՔՈՎ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Փետրվարի 16- ին ավարտված Մյունխենի անվտանգության 56- րդ համաժողովի արդյունքներն ամփոփող գերմանական մամուլը հատուկ հարց է հնչեցնումՙ 200- ից ավելի պաշտոնական միջոցառումներից, 3000 երկկողմ ու բազմակողմ հանդիպումներից, կլոր սեղաններից, տաք ու կիրթ բանավեճից հետո բազմաբեւեռ, Արեւմուտքի ազդեցությունից դուրս սահող, դժվար վերահսկելի աշխարհն ավելի՞ անվտանգ դարձավ: Ու մինչ մամուլը, որ ամեն օր բարեխիղճ արձանագրում է, թե Եվրոպան ձայն չունի, պիտի փոխի իր կրավորականությունը, բայց հոռետեսական կարծիքների չափաբաժինը փորձում է նվազեցնելՙ համոզված նկատել տալով, թե մարդկության առջեւ ծառացած կլիմայական, համաճարակային, կիբեռանվտանգության հարցերի շուրջ գոնե միասնական պայքարի կամք է ուրվագծվում, մահասպան զենքը Սիրիայում, Լիբիայում, Ուկրաինայում, Ղարաբաղի ու Հայաստանի սահմաններին կրակելով չի պարպվումՙ տանն էլ է կրակում:

Երեկ հայտնի դարձավ, որ Մյունխենից հեռու, գերմանական Հանաու քաղաքում ծայրահեղ աջ հայացքների տեր 43- ամյա Թոբիաս Ռ-ը նարգիլեի բարերում սպանդ է իրականացրելՙ կյանքից զրկելով 10 հոգու, մինչ այդ ինտերնետում մանիֆեստ հրապարակելով: Փախստականների նոր քարավաններին կարտոնե՞ն երդիկ ունենալ իրենց կողքին, թե՞ ոչ, Եվրոպայում այլեւս անվտանգ չէՙ աջ ուժերի վերելքը հնարավոր չէ չնկատել, բայց ինչպես օրեր առաջ եվրոպացի գործընկերներս էին խոստովանում, չկա առայժմ մի երկիր, որ աջ արմատականների դեմ պայքարի հաջողված քաղաքականություն է իրականացնում: Այս կամ այն երկրի «անվտանգ վայր» լինելու մեր պատկերացումները փոխում է լրահոսը:

Այս համատեքստում հատկապես ուրիշ շեշտով է ընթերցվում «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» փետրվարի 14- ի համարում հրապարակված ծավալուն հոդվածը, որով հեղինակը կոչ է անում բաց անել Արցախի դարպասներըՙ գործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, ճամփորդական նոր հասցե ընտրել Արցախի Հանրապետությունը , վայր, որ անվտանգ է: «Ճանաչման խնդրանքով» վերնագիրն է ընտրել հոդվածի հեղինակ, գրող, լրագրող Օլիվեր Մարիա Շմիթթը ՙ Արցախը մանրամասն նկարագրող իր անկեղծ պատումը բաց նամակ դարձնելով ու այն հասցեագրելով ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշինՙ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես անկախ, ազատ երկիր, որպես ՄԱԿ- ի 194- րդ պետություն:

Բրեքսիթի քննարկումների լավան սառել է թեեւ, բայց Մակրոնիՙ «ՆԱՏՕ- ի ուղեղը մահացել է» արտահայտությունը մյունխենյան համաժողովը չսկսվածՙ թեմա էր դարձել, այնուհետ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ հասցեին Շթայնմայերի ՙ համաժողովի բացման ելույթում հնչեցրած քննադատությունը լսեցինք, սա էլ սուր հակահարված գտավ ԱՄՆ արտգործնախարար Փոմփեոյի պատասխան ելույթումՙ առավել խորացնելով այն ճաքը, որ ԱՄՆ- Եվրոպա երկրաշարժի հետեւանք էՙ արդեն տեւական ժամանակ: Իրանի արտգործնախարարն էլ ընդգծեց, որ արժանապատվությունն ու հումորն իր դիվանագիտական հմտության բաղադրիչ է, իսկ իր երկրին պարտադրելը դժվար է, բայց սա անցյալ տարի էլ շատ հստակ շեշտադրվել էր, ե՞ւՙ էական բեւեռացվող առճակատմանը լավատեսության հիմք տվող բանաձեւ գտնվե՞ց:

Անվտանգության համաժողովը ցույց տվեց, որ դասական տրամաբանությամբ հնարավոր չէ աշխարհում կատարվողը մեկնաբանել, բարեբախտաբար կա Հայաստանի նախագահ Սարգսյանը, որ ֆիզիկոս է, գրում է «Զյուդդոյչե ցայթունգի» հոդվածագիր Շտեֆան Կորնելիուսը , որին այնքան է տպավորել Մյունխենում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ՙ քվանտային ֆիզիկայի օրենքներով լուծում գտնելու ելույթ նորույթը, որ մյունխենյան համաժողովի մասին իր ծավալուն վերլուծական հոդվածը վերնագրել է «Քվանտային քաղաքականություն»: Տեղի սղության պատճառով չենք կարող հանձնվել այն գայթակղությանը, որին մղում է «Զյուդդոյչե ցայթունգը», ներողամիտ բացատրությամբՙ Արմեն Սարգսյանի մտքի խոռոչներն ընդլայնող ելույթը բնագիր անգլերենով տեղադրված է նախագահի կայքէջում:

Գերմանական մամուլը Փաշինյանի այցը չլուսաբանեց

Վարչապետ Փաշինյանի Բեռլին, ապա Մյունխեն այցը գերմանական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում չհայտնվեց. Գերմանական տպագիր մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը, առցանց մեդիան ծանոթացրել, գրել են նրա մասին 2018- ից ի վեր, եւ ժամանակ առ ժամանակ օրինակ են բերում, երբ սոցիալական ցանցերի դերը, դրա միջոցով հեղափոխություն անելու նրա ֆենոմենն են ուզում ընդգծել: ֆբ- ով հանրության համար հասանելի լինելու Հայաստանի վարչապետի պարզ կենսակերպը, պաշտոնյայի առավելագույն թափանցիկությունը գերմանացիների համար բավարար հիմք է, որ Հայաստանի վարչապետին հարց տալու փոխարեն նախապատվություն տան այլ թեմաների լուսաբանմանը. մանավանդ որ ներքաղաքական բազմաշերտ նյութի գերակայություն կաՙ Թյուրինգիա երկրամասում ներքաղաքական փոթորկուն դրվագները քողազերծվելուն զուգահեռ ֆաշիզմի վիրուսն են ջանում ախտահանել, տարբեր տրամաչափի պաշտոնյաների հրաժարականներ են հաջորդում, երկրամասային նոր ընտրությունների ուրվագիծն էլ կա, եւ հանրությանը մեծ հաշվով չի հետաքրքրում հեռավոր Հայաստանից ով եկավ-գնաց:

Բայց պաշտոնական Բեռլինը, կանցլեր Մերկելը, որ ծանրաբեռնված ժամանակացույցի մեջ տեղավորել էր Հայաստանի վարչապետին հյուրընկելելու, զրուցելու առիթը, ազդակ է փոխանցում, թե Գերմանիան շարունակում է հետամուտ լինել մեր երկրում կատարվող փոփոխություններին: ԳԴՀ արտգործնախարարության Արեւելյան Եվրոպայի,Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Միշայել Զիիբերտը թվիթերյան գրառում էր արել: Բարի գալուստ նորից Գերմանիա, վարչապետ Նիկոլ Փաշինյա՛ն, Գերմանիան Ձեր կողքին կմնա, քանզի հետամուտ եք Ձեր բարեփոխման քաղաքականությանը»:

Մյունխենյան հարթակը

Մյունխենյան Փաշինյան- Ալիեւ բանավեճի մասին մի անդրադարձ կա տպագիր տարածքում: Անվտանգության համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը «Բիլդին» փոխանցել էր, թե առաջընթացը փոքր քայլերի մեջ էլ պիտի տեսնելՙ նկատել տալով, թե «Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների բանավեճ-հանդիպումը Կովկասում խաղաղության պահպանման մեծ քայլ է»: Իշինգերն արդեն իր գոհունակությունը փոխանցել էր թվիթերյան գրառմամբ: Փետրվարի 16- ին, ամփոփելով այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովի հիշարժան ձեռքբերումները, Վոլֆգանգ Իշինգերը բարձրաձայնեց տեսախցիկի առջեւՙ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն առաջին անգամ հանրային հարթակում քննարկեցին ԼՂ հակամարտության հարցն առաջ տանելու ուղիները: Մյունխենյան հարթակը հենց այն չեզոք վայրն է, որ հնարավորություն է ապահովում հակամարտող կողմերին հանդիպել եւ խոսել: Շնորհակալություն Հայաստան եւ Ադրբեջան, իսկ եւ իսկ դա արեցիք:

Արտաքին անվտանգության քաղաքականության, Արեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի հարցերով մասնագիտացած լրագրող Զիլվիա Շթյոբերը , որ Ֆրիդրիխ Էբրերտ հիմնադրամում կայացած հանդիպմանը ներկա էր եւ հարց ուղղեց վարչապետ Փաշինյանին, մյունխենյան բանավեճին հետեւելով, թվիթերյան հետեւյալ գրառումն արեց. «Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ կայացած բանավեճը վկայեց, թե 30 տարի «սառեցված», իրականում տաք հակամարտությունից հետո որքան տարբեր է պատմության մեկնաբանությունը: Նրանք կարող էին գործածել ընձեռված հնարավորությունըՙ հանրությանը հասկացելու Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի սահմանամերձ տարածաշրջանում ԼՂ հակամարտության լրջությունը»:

Եթե գիրք նվիրելու հայկական ավանդույթը Մյունխենում մի քանի օր շուտ սկսեին ու սրահ մտնող յուրաքանչյուր ունկնդիր աթոռին գտներ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հայկական առաջարկների մասին անգլերեն կամ գերմաներենՙ հին ու նոր քարտեզներով ամփոփ մի ժողովածու, որի մեջ անշուշտ չէր մոռացվի Այազ Մութալիբովի հետ Դանա Մազալովայի «Նեզավիսիմայա գազետայում» հրատարակված հարցազրույցի տեսապատճենված օրինակը, կարիք չէր լինի մտահոգվելու, թե պատմության դերձակ Ալիեւն ում կտպավորեր: Առայժմՙ միայն իր կողմնակից հայրենակիցների կեցցեներն են հեղեղել սոցցանցերը: Այդպիսի ոգեւորություն կլինի՞ շաբաթՙ փետրվարի 22- ին Բեռլինում, Բրանդենբուրգյան դարպասներին հարող Փարիզի հրապարակում եվրոպաբնակ ադրբեջանցիների հանրահավաքի ժամանակ, կապրենք, կհետեւենք: Ի հիշատակ Խոջալուի ողբերգության այս տարի հանրահավաքից բացի ուրիշ մարտահրավեր են հաղթահարելուՙ Արարատ լեռան գագաթն են մագլցելու, որ ողբերգությունը պատկերող լուսանկարների ցուցադրությունն այնտեղ զետեղեն:

Իսկ Մյունխենի համաժողովի փոքրիկ հաջողությունը, ինչպես գնահատեց Իշինգերը, այն է, որ Կոսովոն եւ Սերբիան երկու երկրների միջեւ երկաթուղային եւ ավտոմեքենաներիՙ 90- ականներից ի վեր խափանված հաղորդակցության վերսկսման մասին իրենց մտադրությանը գրավոր ձեւակերպում են տվել: Ի դեպ փետրվարի 17- ին Իշինգերը շնորհավորեց Կոսովոյինՙ անկախության 12- րդ տարեդարձի առթիվ: Եթե Գուտերեշին տպավորի ու համոզի «ՖԱՑ»- իՙ Արցախի անկախությունն անհապաղ ճանաչելու բաց նամակը, մանավանդ Մյունխենում Իլհամ Ալիեւի անզիջում կեցվածքը տեսնելով, գուցե Իշինգերի հաջողությունը հենց նա՛ կրկնապատկի: Մենք այդու մոդերատորի ամենատպավորիչՙ կարմիր պիջակի հետ բանավեճի դառնությունն էլ կմոռանանք ու քվանտային լուծումների լավատեսությամբՙ շնորհակալ կլինենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ