ՀՐԱՇԱԳՈՐԾ... ԿԱՐՏՈՖԻԼԸ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Զվարճահետաքրքիր մի զրույց կա կարտոֆիլի մասին: Շուկայում երկու համագյուղացիներ իրենց աճեցրած կարտոֆիլն են վաճառում, մեկն այդ օրերին հաստատված գնով, մյուսն աստղաբաշխական թանկ: Երբ առաջինը հարցնում է երկրորդին այդպես վարվելու պատճառը, պատասխանը հետեւյալն է լինում.-եթե ամսվա մեջ գեթ մեկը մեկ կիլոգրամ գնի, եկամուտս ավելին կլինի, քան քո ամբողջ ամսվա շահածն է: Որեւէ մեկը չի վկայում, թե այդ գեթ մեկ-ը հայտնվել է թե ոչ եւ արդյո՞ք մտահղացումն իրականություն է դարձել: Փոխարենը դիտարկելով այսօրվա իրադարձությունները կարելի է պնդել, որ հեռու չէ այն օրը, երբ այս համեստ բանջարեղենի վաճառքը կարելի է լավագույնս շահութաբեր գործ համարել: Ապացու՞յց եք ուզում, խնդրեմ. մայրաքաղաքի առեւտրային ցանցում կարտոֆիլ է հայտնվել, որի կիլոգրամը վաճառվում է 1885 դրամով, արտասահմանյան գրառումով: Հարեւանությամբ այլ տեսակներ էլ կան, 250-300 դրամով, երեւի տեղական, միայն պարզ չէ որ մարզից են, որ գյուղերից, որ ֆերմերների մշակած-արտադրած: Դրանց տնկանյութը հիմնականում հոլանդական, լեհական ու բելոռուսական է եղել: Թերեւս կարեւոր էլ չէ, բոլորն էլ եղբայր ժողովուրդներ են, մեզ հարեհաս, հույս ու ապավեն: Առայժմ այսքանը: Երբ երիտասարդ վաճառողուհուն դիմեցի անհավանական գնով վաճառվող կարտոֆիլի մասին ինչ-որ այլ տեղեկատվություն ստանալու նպատակով, անակնկալի եկավ, որը հարթեց ներկա տարեցներից մեկը, ասելով,- դե կարտոֆիլ ա, էլի: Դե եթե կարտոֆիլ է, նշեմ որ մշակաբույսի հայրենիքը Հարավային Ամերիկան է եւ այն Հայաստանում հայտնվել է ռուսական ցար Պետրոս 1-ի օրոք: Պալարը պարունակում է 76,3 տոկոս ջուր եւ 23,7 տոկոս չոր նյութեր, այդ թվումՙ օսլա 17,5 տոկոս, շաքարներ 0,5 տոկոս, սպիտակուցներ, հանքային աղեր, վիտամիններ: Կարտոֆիլը պարեն է մարդկանց համար, այն օգտագործվում է նաեւ որպես անասնակեր, ինչպես եւ սպիրտ ստանալու հումք: Կարծես պարզից էլ պարզ է, որ կիլոգրամը 1885 դրամով առաջարկվող կարտոֆիլը շարքային քաղաքացուն հասանելի պարեն չէ, առավել եւս անասնակեր, նաեւ սպիրտ թորելու հումք: Իսկ գուցեՙ ոսկե ձկնիկին համարժեք հրաշագործ բույս է, որի 1500 դրամ արժեցող մի պալարը ձեռքդ վերցնելով կարող ես հրաշագործություն ակնկալելով ասել.-այ կարտոֆիլ, կարտոֆիլ, այնպես արա, որ հարեւանությամբ վաճառվող շաքարավազի գինն այսօր չբարձրանա, քանզի երեք օր առաջ դրա կիլոգրամը 206 դրամ էր, երկու օր առաջ 209 դրամ, այդ օրն արդեն 230 դրամ, փաթեթավորվածը 260 դրամ: Թե որտեղ են մեր բարձրագույն պաշտոնյաներից ոմանք 180-190 դրամով վաճառվող շաքարավազ տեսել, հայտնի չէ, իհարկեՙ եթե խոսքն այս քաղցր պարենի 0,5 կգ-ի մասին չէ: Թերեւս մի փոքր բարդ է, ասենք, Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների մայրաքաղաքի տրանսպորտի աշխատանքի բարեփոխմանն ուղղված խնդրանքը.-այ կարտոֆիլ, կարտոֆիլ, այնպիսի տրանսպորտային համակարգ ստեղծիր, որ մեր սիրելի ու հպարտ քաղաքացիները չդժգոհեն, քանզի մենք անզոր ենք ու պարզապես մեղք: Փրկիր, խոստացված ժամկետը լրանում է, իսկ անելիքը դեռ պարզ չէ: Էլ ավելի սրտաճմլիկ է ՀՀ տնտեսության պատասխանատուների աղերսը, որոնք տարեվերջին մինչեւ 10 տոկոս աճ են խոստանում: Երեւի թե դեռեւս կանգուն էլեկտրալամպերի գործարանը վերագործարկելու շնորհիվ, անշուշտ նոր որակի էլեկտրախնայող լամպերի արտադրության թողարկմամբ: Կատակ է, լուրջ մի ընդունեք, քանզի տնտեսության պատասխանատու մի հսկա նախարարություն ո՛չ վերականգնում-շահագործման ծրագիր ունի, ո՛չ էլ ներդրողով է զբաղվել ու մտահոգվել: Արդյունքում մի քանի հարյուր աշխատատեղ կարելի է ունենալ, թող որ նվազագույն 100-120 հազար դրամ աշխատավարձով: Հայաստանաբնակներն արդեն համոզվել են, որ լավ է նվազագույնը, քան ոչինչը, երբ դա էլ չի իրականանում, այնպես որՙ... սփյուռքից էլ մի խեր չտեսանք: Դե ՏՏ ոլորտում 1000 դոլար ամսավճարով աշխատատեղեր խոստացել են: Բայց դրա համար անհրաժեշտ է, Արարիչը կասերՙ Իսաակ, նախ վիճակախաղի տոմս գնիր, որը մեր պարագայում դառնում էՙ հարգելիս նախ հրաշագործ կարտոֆիլ գնիր եւ նշխարքի պես ընտանիքիդ անդամներին բաժանելուց հետո ՏՏ մասնագիտության տիրապետող դարձիր: Տեսար ստացվեց, երկու աշխատող, երկու հազար դոլար, էլ ի՞նչ փոխնախարարի պաշտոնի ակնկալիք թե երազանք, ապրիր քո արդար ու ազնիվ աշխատանքով: Իսկ եթե առավել լուրջՙ ապա մեզանում շարքային այս բույսի հետ էլ խնդիր է առաջանում: Մի 4-5 տարի առաջ կարտոֆիլ ՀՀ-ում մշակվում էր մինչեւ 36 հազար հեկտար, քառակուսի մետրից 3 կգ բերքի պարագայում մինչեւ 1 մլն տոննա բերք էր ստացվում, արտահանում էլ էր իրականացվում: Հիմա ցանքսը 16 հազար հեկտար է, ինչ-որ մեկի վկայությամբ անգամ Պակիստանից է կարտոֆիլ ներմուծվում, ոչ ավել ոչ պակասՙ 45 հազար տոննա: Հաստատ հակասական մեկն է, քանզի մեքենաներով այս ծավալը չես տեղափոխի, իսկ մեր միջեւ գտնվող իրանական երկաթուղին դեռ չի կառուցվել: Ահա թե ինչու էին տարիներ առաջ իշխանություններն այս մասին խոսում: Գիտեին, հաստատ գիտեին, որ երկրորդ հաց համարվող այս պարենի խնդիր ենք ունենալու: Իսկ Երկիր մոլորակի այլ վայրերում մարդիկ այլ կերպ են աշխատում ու ապրում, իրենց առօրյա խնդիրները լուծում: Տպագրվող լուսանկարը վերցրել ենք այդ արտասահմանյան կոչվող Գերմանիա պետության երբեմնի մայրաքաղաք Բոննի սուպերմարկետներից մեկի գովազդային թերթիկից: Այստեղ կարտոֆիլն առաջարկվում է կգ-ը 38 եվրոցենտով, որը մեր 200 դրամն է: Հերթական անգամ նշելու եմ, որ դրա մոտ 40 տոկոսը գանձվող հարկերն են, որոնք բյուջեի խստագույնս հսկվող ծախսերի տեսքով վերադարձվում են երկրի բնակիչներին, անգամ... այլեւայլ նպատակներով երկրում հայտնվածներին: Այստեղ ուսումն անվճար է, ձրիՙ թե ինչքանով գայթակղիչ, օգտվողի խնդիրն է: Հարյուրավոր հայաստանցի երիտասարդներ հենց այս շրջանում բակալավրի ու մագիստրոսի անվճար ուսում, ՀՀ քաղաքացիներից շատերը բժշկական եւ սոցիալական այլ հնարավորություններից են օգտվում: Մեզանում ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը մոտ 20 տոկոս է, ուսանողների ու առողջական խնդիրներ ունեցողների վիճակն էլ յուրաքանչյուրը գիտի: մեկ բնակչի հաշվով ՀՀ-ի բյուջեից ծախսը 1000 դոլար է, Գերմանիայում 20.000 դոլար: Մտածելու բան է, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ հերթական անակնկալ է մեզ սպասվում... 18.02.2020 թ. |