RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4665, Տպվել է` 342, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏԻՊՎԱԾ ԵՆՔ ՓՈԽՎԵԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մի պահ պատկերացնենք, թե ի՛նչ կլիներ, եթե կորոնավիրուսով վարակված, Իրանից վերադառնալուց հետո ինքնակամ բուժզննման ենթարկված եւ Հայաստանում առաջինը ապաքինված մեր հայրենակցի դեպքը պատահած լիներ Մ. Նահանգներում: Լրագրողների կողմից ինչպիսի՜ ուշադրության կարժանանար նա, գուցե բեստսելըր դառնալու արժանի գիրք կգրվեր նրա մասին: Անգամՙ 2-3 շաբաթում մի ֆիլմ կնկարահանվերՙ ամերիկյան ճաշակին համապատասխանՙ սիրային ու սեռային ինտրիգներով հանգուցված... Չէ՞ որ նա առաջինն էր հաղթահարել հիվանդությունը, իսկ մինչ այդ, հավանաբար, տվայտանքի ու հուսահատության պահեր էր ունեցել, բայց ուժ էր գտել իր մեջ, կամքի ուժՙ հաղթահարելու ընկճախտը: Գուցե բժիշկներն էին նրան օգնել, ի՞նչ միջոցներ էին կիրառել, մեկուսացման ինչպիսի՞ պայմաններում: Վերջապես, նա օրվա հերոսն էր, բոլորը պետք է ճանաչեին նրան, ոգեշնչվեին նրա կենսասիրությունից...

Բայց սաՙ Ամերիկայում:

Մինչդեռ մեզ մոտ նա բոլորիս, կամ գրեթե բոլորիս համար մնաց անծանոթ «պացիենտ»: Հայկականՙ այսպես կոչված ավանդապաշտական «խասյաթը» նրան պահեց անհայտության մեջ: Նա ունի հարազատներ, հարեւաններ, շրջապատ. ի՞նչ կասեն նրանք: Բոլորս ճանաչում ենք իրար, պետք է թաքցնել վարակված լինելը, դա բորոտության նման մի բան է մեզ համար: Մարդիկ պետք է հեռու մնան... բորոտներից:

Ես կարծում եմ, որ Հայաստանում այդ կեղծ ամոթխածությունն է գլխավոր պատճառը վարակվածների այսքան մեծ թվերի առկայության: (Տեսնո՞ւմ եք, ձեռնպահ եմ մնում այլ երկրների հետ մեր երկիրը համեմատելու փորձությունից. ՀՀ կառավարության թիվ 298 Որոշումը, հատկապես այդ Որոշման 23-րդ կետը չի թույլատրում համեմատություններ անել, իսկ ես չեմ ուզում, որ մեր թերթը կես միլիոն դրամով տուգանվի): Սա Ամերիկա չէ, սա Հայաստան է, եւ վե՛րջ:

Ասենք Ամերիկայում էլ կորոնավիրուսի հետեւանքով ամեն ինչ կարգին չէ: Չեմ ուզում համեմատություններ անել,- թիվ 298 Որոշումը չի՛ թույլատրում,- չեմ ուզում նույնիսկ նշել, որպես դրական կողմ, որ նախագահ Թրամփի որոշմամբ եւ Կոնգրեսի հաստատմամբ 1 տրիլիոն դոլար է տրամադրվելու երկրի հարկատուներինՙ բիզնեսի եւ առողջապահության ոլորտներինՙ համաճարակի հետեւանքները վերացնելու, քաղաքացիներից յուրաքանչյուրին օգնելու նպատակով, սակայն ուզում եմ գեթ մի հարցում, վատ կողմը նշելու համար, ընդգծել մեր վիճակի նմանությունը այդ հզոր երկրի հետ. պարզվում է, որ Մ. Նահանգներում բավարար քանակությամբ թեսթեր չկան: Ամերիկյան բժշկական գլխավոր հաստատությունները, ըստ CNN-ի երեկվա տեղեկատվության, բողոքում են ախտորոշիչ թեսթերի եւ դրանց բաղադրիչ նյութերի սակավության դեմ:

Այո, հզոր, հզորագո՛ւյն Մ. Նահանգները նույնպես անպատրաստ էր համավարակի դեմ, նույնիսկ ավելի անպատրաստՙ քան համաճարակի առաջին օջախ Չինաստանը, որից սովորելու շատ բան ունի ողջ աշխարհը, այդ թվումՙ Մ. Նահանգները, որը կամ որի նախագահը,- հիշո՞ւմ եք ամերիկյան ֆիլմերը,- առաջամարտիկ փրկիչն էր երկրագնդին սպառնացող վտանգներիՙ ահաբեկիչների եւ անգամ այլմոլորակայինների դեմ: Մինչդեռ նախագահ Թրամփը անցնող 4 տարիներին առնվազն 4 անգամ, America First (Նախՙ Ամերիկան) ճչացող կարգախոսի ներքո հրաժարվեց համաշխարհային ու համամարդկային նշանակության պայմանագրերից, այդ թվումՙ կլիմայի տաքացմանը վերաբերող:

Covid-19-ի համաճարակը պատճառ է դառնալու, որ ժողովուրդներն ու պետությունները սկսեն նոր հայացքով մոտենալ առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, զանգվածային սպառազինության հարցերին: Կարծես հենց այսօրվա համար է ասվելՙ ուրիշի ցավ չի լինում: Ժամանակակից աշխարհում ցավը բոլորինն է, հետեւաբար պետք է բոլորով աշխատել կանխելու տարատեսակ վտանգներըՙ դա լինի պատերազմ, բնական կամ մարդածին աղետներ, թե տարակերպ վարակներ:

Նույնը վերաբերում է մեզ: Չեմ ուզում քննադատել, թերությունները նշել մեր առողջապահական կոչված համակարգի,- ինքնազսպումը այս օրերին պարտադիր է,- սակայն կարծում եմ, որ կորոնավիրուսի «զուլումից» ազատվելուց հետո մեզ հարկավոր կլինի հիմնովին փոխել մեր երկրի առողջապահական կոչված համակարգը, որը նման է հսկայական մի բիզնես դաշտի. ապացույցՙ դեղատնային լայնարձակ ցանցը, որը փաստում է, որ մեր ազգաբնակչությունը հիմնականում դեղորայքային բուժում-ինքնաբուժման վրա է նստած: Ապացույց երկրորդՙ ամեն կողմ բուժհաստատություններ կան, երբեմնՙ 2-3 սենյակում պարփակված, փքուն ավանումներով եւ ուռճացված գնացուցակներով: Բայց չկա առողջություն: Սակայն առաջին հերթին պետք է փոխել մեր մոտեցումը, եթե կուզեքՙ մեր փիլիսոփայությունը առողջության եւ առողջապահության նկատմամբ, մեր սոցիալական կարծրատիպերը, մեր «խասյաթները», հիվանդությունն ու, անգամ, ապաքինումը թաքցնելու մեր սովորությունները:

Իսկ ինչ վերաբերում է մեր կառավարությանը... Բայց այս մասինՙ ավելի ուշ, երբ բարով-խերով ավարտենք-վերացնենք արտակարգ դրությունը:

Նոր ժամանակներ են արդեն. ստիպված ենք փոխվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ