RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4212, Տպվել է` 331, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԶ ՓՈՂՈՑԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ՊԵՏՔ ՉԵՆ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Օրերս հայաստանյան իրականության մեջ սկսեց շրջանառվել «Հեղափոխության պահապաններ» բառակապակցությունը, որը շատ կծավալվեր, եթե կորոնավիրուսն այդքան մեծ տարածում չգտներ մեր երկրում:

Մեկ տասնյակից ավելի երիտասարդներ, վարչապետագույն համազգեստով հանդերձավորված, արդեն սեփական տարբերանշաններ ու դրոշներ ստեղծածՙ իրենց հռչակեցին «Հեղափոխության պահապաններ» եւ դուրս եկան փողոցՙ պահպանելու «թավշյա հեղափոխությունը», այսինքնՙ վարչապետին: Նրանք հայտնաբերեցին եւ ստիպեցին ներողություն խնդրել մի թշվառ տղեկի, որը հեռախոսազրույցի ժամանակ համարձակվել էր հայհոյել վարչապետին:

Այն, որ հրապարակային հայհոյախոսությունը նախընտրելի քաղաքական մարտավարություն չէ, պարզից էլ պարզ է, մանավանդ որ հայհոյողը դեպքից մի քանի օր հետո կուչ եկած` ներողություն է խնդրում` այդպիսով բացահայտելով իր տղամարդկային տկարությունը: Բայց այստեղ խնդիրը հակառակ կողմ էլ ունի. ովքեր են այդ տղաները, որոնք իրենց «պահապաններ» են հռչակել:

Առաջին արձագանքողներն այդ խմբին համեմատեցին 90-ականներին նորանկախ Հայաստանում ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հովանավորությունը վայելող Արմեն Տեր-Սահակյանի ու նրա փաղանգի հետ, բայց, ինչպես ցույց տվեցին կարճատեւ քննարկումները, այս նոր տղաները, մեղմ ասած, այդքան պլոճիկ չունենՙ Արմեն Տեր-Սահակյան լինելու համար, որովհետեւ նրանք Տեր Սահակյանի ոչ սառնասրտությունն ունեն, ոչ համարձակությունը, ոչ էլ խելքը:

Ոմանք էլ սկսեցին համեմատականներ տանել նրանց եւ Իրանում հայտնի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Այս համեմատականները նմանապես սխալ էին, բացի այն փոքրի կետից, որ այդ տղաներն իրենց խմբավորումն պատճենել էին հենց հիշյալ պահապանների կորպուսից, չնայած նրան, որ այս տարվա հունվարի 3-ից առաջ երեւի չէին էլ լսել այդ կորպուսի մասին, ինչպես մեր հայրենակիցներից շատերը:

Թե ինչու այդ խումբը չի կարող համեմատվել ԻՀՊ կորպուսի հետ, փորձենք հասկանալ ստորեւ` միաժամանակ ընդգծելով հեղափոխության իսկական պահապանի բուն առաքելությունը:

ԻՀՊ կորպուսն արդեն 40 եւ ավելի տարիների բովում թրծված ռազմաքաղաքական կառույց է, որի հիմնադիրները 1979թ. իսլամական հեղափոխությանը մասնակից ջոկատներն են: Այն բաղկացած է ցամաքային, ռազմածովային, օդային ուժերից եւ ժողովրդական աշխարհազորից: Այդ կորպուսը լուրջ մասնակցություն է ցուցաբերել եւ անջնջելի հետք թողել իրանա-իրաքյան պատերազմում:

Իր մեկնարկից ոչ շատ ուշ, կորպուսը դարձել է ԻԻՀ ՊՆ մի մասը, որից հետո, մինչեւ օրս, օժանդակում է պետական բանակին, մասնակցում Իրանի տարածքային ամբողջականության պահպանությանը, աշխարհում իրանական ազգային գաղափարախոսության տարածմանը եւն: Արտակարգ իրավիճակների ժամանակ, այն է` բնական աղետներ, ահաբեկչություններ, պետական եւ կրոնական պաշտոնյաների ու առաջնորդների անվտանգության ապահավում, ԻՀՊ կորպուսն ակտիվ դերակատարություն ունի: Միայն նրանց երկարատեւ ջանքերի շնորհիվ է ստեղծվել եւ ցայսօր Իրանում գործում ժողովրդական աշխարհազորըՙ Բասիջը, որը մոտ տասը միլիոն անդամ ունի:

ԻՀՊ կորպուսի ներգրավվածությունը մեծ է նաեւ պետության տարածքում բարոյահոգեբանական իրավիճակը շտկելու եւ հավասարակշիռ պահելու գործում: Նրանք մեծ ավանդ ունեն պատանիների ու երիտասարդների գաղափարական բազայի ստեղծման եւ զարգացման գործում: Այդ եւ մյուս կարեւոր առաքելություններն իրականացնելու նպատակով` նրանց են տրամադրված մի շարք լրատվական միջոցներ` թերթեր, կայքեր, հեռուստաընկերություններ եւ ռադիոներ: Միաժամանակ նրանք ունեն հատուկ հրատարակչություն, որտեղ տպագրվում են ԻԻՀ գաղափարախոսությանը հաշտ գրքեր, ամսագրեր, թռուցիկներ եւ այլն:

Միով բանիվ` այսօր նրանք տարածաշրջանում լուրջ դերակատարություն ունեն եւ ներգրավված են ինչպես Իրանի բացահայտ ու գաղտնի, այնպես էլ տարածաշրջանի մի շարք այլ երկրների քաղաքականության մեջ: Ահա այդ կորպուսի համառոտ պատմությունը, եւ առհասարակ, այն առաքելությունը, որը պետք է իրականացնի այն մարմինը, որը հավակնում է իրեն կոչել «հեղափոխության պահապան»:

Որեւէ մեկը չի կարող պնդել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի որեւէ անդամ որեւէ ժամանակ տարվել է մանր վրեժխնդրությամբ, եւ ընկել առանձին անհատների հետեւից: Հետեւաբար չի կարելի այդ լուրջ կառույցի հետ համեմատել մի խմբավորում, որը պետության կայացման գործում չունի որեւէ ներդրում, եւ զբաղվում է մանր վրեժխնդրություններով ու պետությանը ոչնիչ չտվող, հասարակության նյարդերը գրգռող գործողություններով, ավելին` հղի է հասարակական բախումներ ստեղծելու վտանգով:

Այդ ամենն առաջին հերթին պետք է բացառի ինքըՙ վարչապետը, բացառի ոչ թե խոսքով, այլ գործով, բացառիՙ պատասխանատվության ենթարկելով ու մյուսներին ցույց տալով, որ չի կարելի ստեղծել ինքնադատաստան տեսնող որեւէ ջոկատ եւ ահաբեկել քաղաքացիներին: Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ սխալ է երկրի առաջին դեմքին հայհոյելն ու վիրավորելը, բայց, եթե չեմ սխալվում, գոյություն ունի սահմանադրություն, օրենք, որն էլ կարգավորում է այդ ամենը: Ինքնադատաստանը տեղ չունի մեր երկրում, բայց հենց այդ տղաներն ապացուցեցին, որ մեր երկրի օրենսդրությունը կաղ է եւ չի կարող լուծել իր հարցերը: Սա պետության արժանապատվության խնդիրն է, եւ ինքըՙ Նիկոլ Փաշինյանը պետք է ձեռնամուխ լինիՙ ինքնաստեղծ ու ինքնագործ «դատարաններին» ծնկի բերելու եւ նման ու նմանաբովանդակ կառույցների հետագա ծնունդն ու գործունեությունը բացառելու: Եթե չարվի այդ ամենը եւ թույլ տրվի նրանց հետագա գործունեությունը, ուրմեն նրանց թիկունքում կանգնած է հենց վարչապետը, որը գտնում է, որ երկրի արդարադատությունն անզոր է, եւ ստիպված է դիմել այդպիսի մանր խմբավորումների ծառայություններին

Այդպիսի խմբերը, ինչպես ցույց են տալիս անցյալի դեպքերը, աղետ են դառնալու մեր երկրի համար եւ մեջտեղ բերված խմորը շատ ջուր է տանելու: Վերջիվերջո որոշեք, պետություն է, թե՞ փողոց:

Հ.Գ. Ի դեպ, այս օրերին, երբ կորոնավիրուսը մեծ թափով տարածված է Իանում, հեղափոխության պահապանների կորպուսը մեծ ներգրավվածությամբ պայքարում է դրա կանխարգելման դեմ. հետաքրքրական էՙ իսկ որտե՞ղ են գտնվում մեր «հեղափոխության պահապաններն» այս օրերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ