ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԲԱՆԱԿԸ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ Է ՊՍԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ (ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ) ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՆՇԵԼՈՒՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ Իտալիայի ամենատարբեր շրջաններում գտնվող 27 բանտերում խռովություններ են սկսվել կորոնավիրուսի համաճարակի եւ համավարակի կապակցությամբ: Մասնավորապես խռովություններ, մասսայական անկարգություններ, ավերածություններ, ջարդարարական գործողություններ իրականացվում են Սիցիլիայի Պալերմո եւ Պոլեջիալե քաղաքներում: Իսկ առաջին եւ ամենամեծ խռովությունը տեղի ունեցավ Իտալիայի հյուսիսումՙ Մոդենա քաղաքի բանտում: Կալանավորները ավերեցին բանտի մի քանի մասնաշենքեր, հրդեհեցին բանտախցեր, իսկ բանտարկյալների մի մասին հաջողվեց փախուստի դիմել եւ կալանավայրի պատերից դուրս հայտնվել: Ճիշտ է, պաշտոնական ատյանները հայտարարեցին, որ փախուստի դիմած անձինք կրկին կալանավորված են: Հայտնվեց նաեւ, որ խռովությունը ճնշելիս սպանվել են երեք բանտարկյալներ, եւս երեքը մահացան խոցավերքերից այլ կալանավայրեր տեղափոխելուց հետո: Կալանավորների մեծաքանակ փախուստ էր տեղի ունեցել նաեւ Իտալիայի հարավ-արեւելքում տեղաբաշխված Ֆուջա քաղաքի կալանավայրում: Այստեղ փախստական կալանավորների եւ կարաբիներների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել: Որոշ դեպքերում ուժայինները նույնիսկ կրակ են բացելՙ մահացու հարվածներ հասցնելու նպատակով: Զոհեր կան ինչպես կալանավորների, այնպես էլ ուժայինների մեջ: Փախուստի դիմածների թիվը անցնում է 40-ից: Ֆուջա քաղաքում կարգուկանոն հաստատված չէ մինչ այսօր: Քաղաքում շուրջօրյա պարեկություն են իրականացնում կարաբիներները, ինչպես նաեւ այլ քաղաքներից գործուղված ոստիկանները: Մարտի սկզբից Իտալիայում բռնկվեց կորոնավիրուսային համաճարակը: Վարակակիրների թիվը գրեթե մեկ տասնյակ հազարի է հասել, մի քանի հարյուր հոգի արդեն մահացել են: Իտալիայի վարչապետըՙ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է համազգային կարանտին: Տեղաշարժերը երկրով մեկ սահմանափակվել են, փակվել են ուսումնական հաստատություննները, մշակութային կենտրոնները: Իտալացիները չեն այցելում ռեստորաններ եւ մշակութային կենտրոններ, դա դժվար է ակտիվ կյանքին ընտելացած ժողովրդի համար: Նրանք կենացներ են խմում հեռախոսներով եւ երգում են պատշգամբներում: Ե՛վ վիշտ է, ե՛ւ ուրախություն: Սակայն մի բան ակնհայտ է, ավելի լավ է երգել պատշգամբում, քան թե նախօրոք իմանալ հիվանդության մասին եւ տոնախմբությունների մասնակցել: |