ՉԻՆ ՊԱՇՏՈՆՅԱՆ COVID-19-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԱՄՆ-ԻՆ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը չի բացառել, որ կորոնավիրուսը չինական Ուհան քաղաքում կարող էր հայտնված լինել ամերիկացի զինծառայողների մեղքով: Այդ մասին անցյալ շաբաթավերջին նա գրեց իր թվիթերյան էջում: «ԱՄՆ-ում ե՞րբ հայտնվեց զրոյական պացիենտը: Քանի՞ մարդ է վարակված: Ո՞ր հիվանդանոցներում: Հնարավոր է, որ հենց ամերիկացի զինծառայողները համաճարակը բերած լինեն Ուհան: Թափանցիկ եղեք: Հրապարակե՛ք բոլոր տվյալները: ԱՄՆ-ը պարտավոր է ամեն ինչ բացատրել մեզ», ասվում է հրապարակման մեջ: Այնտեղ ներկայացված է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ բարեփոխման նիստից մի դրվագՙ նվիրված կորոնավիրուսի տարածման խնդրին: Տեսագրության մեջ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Ռեդֆիլդն ասում է, որ ենթադրաբար գրիպից մահացած որոշ ամերիկացիների օրգանիզմում կրկնակի հետմահու զննության ընթացքում հայտնաբերվել է COVID-19: South China Morning Post հրատարակության տվյալներով, ՉԺՀ Հուբեյի նահանգում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդը կարող էր լինել նահանգի 55-ամյա մի բնակիչ, որի օրգանիզմում կորոնավիրուսը հայտնաբերվեց 2019 թ.նոյեմբերի 17-ին: Ինչպես գրում է թերթը, դրանից հետո վարակը բացահայտվեց մի քանի այլ հիվանդների մարմնում: Թերթի պնդման համաձայն, նոյեմբերին նահանգում բացահայտված ինը հիվանդներից ոչ մեկը առաջինը չէր, այսինքն զրոյական պացիենտը չէր: Մյուս կողմից, ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը ՉԺՀ տարածքում կորոնավիրուսի տարածմանը ամերիկացի զինծառայողների մասնակցության վերաբերյալ Չժաո Լիցզյանի հայտարարությունը մեկնաբանելով նշել է, որ «միջազգային ընկերակցությունում, այդ թվում ԱՄՆ-ում, տարբեր տեսակետներ կան կորոնավիրուսի ծագման առնչությամբ», եւ «հետեւությունները պետք է արվեն գիտական խոր վերլուծության հիման վրա», նրա խոսքերը մեջբերում է RT գործակալությունը: Այս տարվա մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի համաճարակը ճանաչեց համավարակ (պանդեմիա): Եթե ՉԺՀ-ում ներկայումս նկատվում է նվազման միտում, ապա մյուս պետություններում հակառակ երեւույթն է արձանագրվում: Հետզհետե ընլայնվում է վարակի տարածման աշխարհագրությունը: Վարակն առկա է նաեւ ղեկավար շրջանակներում: Վիրուսը հայտնաբերվել է Կանադայի վարչապետի տիկնոջՙ Սոֆի Գրեգուար-Տրյուդոյի մոտ Մեծ Բրիտանիայից վերադառնալուց հետո: Ախտանիշների հաստատումից առաջ վարչապետը որոշեց աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով: Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ փոխնախագահ Մայք Փենսը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին բրազիլական մի պատվիրակության հետ հանդիպումից հետո: Այդ խմբի անդամներից մեկի մարմնում ավելի ուշ հայտնաբերվեց կորոնավիրուս, բայց ԱՄՆ-ի առաջին դեմքերը հրաժարվեցին բուժզննության ենթարկվել: Սպիտակ տան ներկայացուցիչ Ստեֆանի Գրիշեմը դա բացատրեց նրանով, որ Թրամփը եւ Փենսը պատվիրակության վարակված անդամի հետ շփումներ գրեթե չեն ունեցել, ուստի ստուգում չի պահանջվում: Վարակվածների թվում է Ավստրալիայի ներքգործնախարար Պիտեր Դատոնը: Իր թվիթերյան էջում նա գրել է, որ, երբ առավոտյան արթնացավ հիվանդության ախտանիշներով, որոշեց COVID-19-ի զննության ենթարկվել, եւ դրական պատասխան ստացավ: |