ՎԱՐՉԱՊԵՏԸՙ ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԼՈՒՐԵՐՈՎ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ Է Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում որպես լավ լուր հայտնել է, որ ապրիլի 6-ինՙ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր դեպք է գրանցվելՙ թեստավորված 263 քաղաքացու պարագայում: Վատ լուր եւս կարՙ 68 տարեկան վարակակիր էր մահացել, երկկողմանի պոլիսեգմենտալ թոքաբորբ ախտանիշով, որը ենթադրաբար կորոնավիրուսի հետեւանք է: Վարակակիրը նաեւ ունեցել է շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, ուղեղի արյան շրջանառության իշեմիկ տիպի սուր խանգարում: Վարչապետը համեմատության համար բերեց ապրիլի 3-ի տվյալները, ըստ որիՙ արված 253 հետազոտությունից դրական է եղել 34-ը: Նա հուսով էր, որ եթե արդեն վաղն ու մյուս օրը այս տեմպի նվազումը հաստատվիՙ կնշանակի, որ մարդկանց բազմաթիվ անհարմարություններ պատճառող միջոցառումները սկսել են դրական արդյունքներ տալ: Այս քանի օրն ավելի հետեւողականորեն պարետատան սահմանափակումները պահպանելու դեպքումՙ միգուցե շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից արդեն սկսվի խստությունների թուլացումը, եւ բնականոն կյանք վերադառնալու հնարավորությունը դիտարկվի: Այսօր, ժամը 18.30-ից վարչապետն իր էջի ուղիղ եթերում կպատասխանի համացանցով տրված հարցերինՙ այդ հարցուպատասխանին տրամադրելով երեք ժամ: Նա պատասխանելու է ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ի դեպՙ նրա էջին հետեւողները նկատած կլինեն, որ որոշ հարցեր րոպեների ընթացքում հազարավոր հավանություններ են ստանում: Դժվար է ասելՙ դրանք միաժամանակյա անկեղծ հավանություններ են, թե հազարավոր աջակիցների ուղղորդվող Լike-ներ, քանի որ նկատեցինքՙ բազմաթիվ գրագետ ու իրոք մտահոգություններ պարունակող հարցեր մնում են առանց հավանության: |