ԱՊՐԻԼԻ 6-Ը ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Ապրիլի 6-ը հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, լեզվաբան, նկարիչ, թարգմանիչ, քանդակագործ Վարդգես Սուրենյանցի մահվան օրն է։ Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թվականին Ախալցխայում, հոգեւորականի ընտանիքում։ Նախնական կրթություն ստացել է Լազարյան ճեմարանում, այնուհետ շարունակել ուսումը Մոսկվայի մեծ հեղինակություն ունեցող գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում։ Իբրեւ նկարիչ ձեւավորվել է Մյունխենի կայսերական ակադեմիայում։ Տիրապետելով տասը լեզուներիՙ Սուրենյանցը ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը։ Ժամանակակիցների վկայությամբ նա պարսկերեն Հաֆեզ ու Խայամ էր արտասանում, անգլերենից Վիլյամ Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանում, իտալերենով զեկուցումներ կարդում, գրում գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայոց լեզվի բոլոր բարբառներով զրուցում թուրքական ջարդերից փախած գաղթականների հետ, ռուսերենով կատակում իր բարեկամ Իլյա Ռեպինի հետ։ Մյունխենից վերադառնալուց հետո Սուրենյանցը մասնակցել է դեպի Պարսկաստան կազմակերպված գիտարշավին։ Սուրենյանցը ապրել եւ ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ եւ հոգու ամեն մի թելով կապված է եղել հարազատ ժողովրդին, եղել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը։ «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել եւ հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյանՙ Բեռլինում եւ շատ ուրիշներ։ Եւ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարից եւ չենք կազմում մի ամփոփ ընկերություն. այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց եւս լսել եմ»։ Մյունխենում ուսումնասիրել է գծանկարչություն եւ գրաֆիկա, տպագրել է ծաղրանկարներ «Թռչող թերթիկներ» երգիծական թերթում։ |