RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020



2020-04-06

Տեղադրվել է` 2020-04-08 03:30:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 665, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-ՈՒՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԿԱՐԱՆՏԻՆԸ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Իտալիայից եւ Իսպանիայից վերջապես սկսում են լավ լուրեր ստացվել։ Երկու երկրներից էլ տեղեկացնում են, որ նկատվում է վարակակիրների թվի աճի դանդաղում։ Նվազում է ինչպես մահացողների, այնպես էլ ինտենսիվ բուժման կարիք ունեցողների թիվը։ Դա վկայում է, որ երկու երկրներում արդեն մեկ ամիս գործող կարանտինը սկսում է արդյունք տալ։ Եվրոմիությունում մտածում են, թե ինչպես կարելի է վերացնել սահմանափակիչ միջոցառումները, գրում է news.ru լրատվական հարթակը։

«Մենք պետք է շատ զգուշավոր լինենք այդ լավատեսության հարցում», ասում է Լոմբարդիայի տարեցների կլինիկայի տնօրեն Լորենցո Կասանին, «այդ թվերը չպետք է մեզ կուրացնեն։ Նրա խոսքերով, վարակակիրների թվի աճի դանդաղումը դեռ չի նշանակում, թե վիրուսը դանդաղեցրել է տարածումը։ Հնարավոր է, որ մարդիկ սկսած լինեն հիվանդանալ թեթեւ ձեւերով, որը չի ստիպում դիմել բժշկի։

Բայց հիմա եվրոպական երկրների ղեկավարների առջեւ ծառացած է մեկ ուրիշ խնդիր ինչպե՞ս թույլ չտալ վարակի երկրորդ ալիքի տարածում։ Ակնհայտ է, որ նույնիսկ եվրոպական հզոր պետությունների տնտեսությունները նման ռեժիմին երկար չեն դիմանա։ Այսպես, մասնագետների կանխատեսումների համաձայն, Գերմանիայի տնտեսական աճի տեմպերը կարող են նվազել 20 տոկոսով, եթե կարանտինը շարունակվի երեք ամիս եւ վերացվի աստիճանաբար։ Այդ պատճառով, ինչպես նշում է Financial Times թերթը, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները արդեն ստեղծել են հանձնախմբեր, որոնք պետք է մշակեն կարանտինից դուրս գալու ծրագիր։

Կորոնավիրուսի դեմ պայքարի իտալական շտաբի ղեկավար Անջելո Բորելլիի խոսքերովՙ իր երկրի կարանտինի պայմանների մեղմացում նախատեսող «երկրորդ փուլը» կարող է սկսվել արդեն մայիսին։ Դանիան, որը առաջինների թվում փակեց իր սահմանները եւ կարանտին մտցրեց, հայտարարել է, որ եթե առաջիկա շաբաթներին դրական միտումները պահպանվեն, ապա աստիճանական եւ վերահսկելի կերպով հասարակական կյանքը կվերականգնվի։

Սահմանափակումները մյուսներից շուտ նախատեսում է վերացնել Ավստրիան։ Արդեն եկող շաբաթ այնտեղ կվերսկսվի առեւտրի փոքր կետերի աշխատանքը, իսկ մինչեւ մայիսի 1-ըՙ առեւտրի բոլոր կետերի աշխատանքը։ Մինչդեռ Գերմանիան առայժմ չի շտապում նշել կոնկրետ ժամկետներ։ Ինչպես նշում է կանցլեր Անգելա Մերկելը, մեղմացումների ժամանակը դեռ չի եկել, չնայած որ կառավարությունը աշխատում է այդ ուղղությամբ

Ինչպես հաղորդում է France 24 հեռուստաալիքը, Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է բնականոն կյանքին վերադառնալու մի քանի տարբերակ։ Դրանցից առավել կիրառելին կարանտինի աստիճանական վերացումն է ամենաքիչ թվով վարակակիրներ ունեցող շրջաններում։ Առաջնահերթությունը տրվում է դպրոցներին, քանի որ երեխաները կորոնավիրուսի վարակը տանում են թեթեւ ձեւով։ Ապա կբացվեն ավտոմատացման բարձր մակարդակ ունեցող ձեռնարկություններըՙ սանիտարական նորմերը պահպանելու պայմանով։ Իսկ վերջում կբացվեն գիշերային ակումբներրը եւ մարդկանց զանգվածային կուտակման մյուս վայրերը։

Բայց գոյություն ունեն երկյուղներ, որ մեղմացումները կարող են վարակի երկրորդ ալիքի պատճառ դառնալ։ Նման խնդրի արդեն բախվել են ասիական երկրները, որոնք սահմանները բացելուն պես ստիպված եղան դիմագրավել վարակի նոր ալիքին։ Այդ պատճառով սահմանափակումների վերացումը պետք է ուղեկցվի զանգվածային թեստավորումներով։ Իսկ վարակակիրների տեղաշարժերի ու շփումների բացահայտման հարցում եվրոպական պետություններում կարող են ծագել բարդություններ։ Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի խոսքերով, իր երկրի օրենքներն արգելում են հետեւել մարդկանց տեղաշարժերին։ Գերմանիայում նույնպես արգելվում է այդ երեւույթը, թեեւ գերմանացի քաղաքական գործիչները, ի տարբերություն ֆրանսիացիների, մտածում են չինացիների եւ կորեացիների փորձը փոխ առնելու հնարավորությունների մասին։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #499, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ