RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#499, 2020-04-02 > #500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020



Տեղադրվել է` 2020-04-08 12:00:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 960, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԿԵՐՆ ԱՅԼ ԿԼԻՆԵՐ, ԵԹԵ ԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ՇԵՄՆ ԱՅՍՔԱՆ ԲԱՐՁՐ ՉԼԻՆԵՐ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Իշխանության (ցանկացած) կարեւոր ռեֆորմներից մեկը պետք է լիներ մարդկանց թոշակային տարիքի շեմի նվազեցումը:

Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները թոշակի են անցնում ամենաշուտը 63 տարեկանում, որը, ինչպես ցույց են տալիս բազմաթիվ հետազոտություններն ու փորձերը, բավականին ուշ է:

Իհարկե, կարելի էր ըմբռնումով մոտենալ համարյա աղքատ երկրի այս ներքին քաղաքականությանը, եթե մինչ թոշակի անցնելը մարդիկ կարողանային, ավելի դիպուկ` հնարավորություն ունենային աշխատելու: Այսօր տասը գործատուից 7-8-ը փնտրում են մինչեւ 35-40 տարեկան աշխատակիցներ, լավագույն դեպքում` 45: Հարց է առաջանում, իսկ մինչեւ թոշակի անցնելն ինչո՞վ պետք է զբաղվի մարդը, որին տարիքի կամ արտաքինի («բարետես արտաքին». խեղկատակություն) պատճառով աշխատանքի չեն ընդունում: Թոշակի տարիքային շեմը սահմանողները քննարկե՞լ են սա, ե՞րբ, որտե՞ղ է այդ փաստաթուղթը:

Այս հարցին, անշուշտ, այսօր չէի անդրադառնա, եթե վարչապետը երեկվա իր ուղիղ եթերում չհայտարարեր, որ 55 տարեկանից հետո էլ մարդն աշխատունակ է: Սա տարակուսելի հայտարարություն է մի երկրի ղեկավարի համար, որտեղ 45 տարեկանից հետո մարդիկ կամ աշխատանքի չեն ընդունվում, կամ դիտարկվում են որպես էժան, երկրորդային աշխատուժ:

Այս հարցը լուրջ քննարկման եւ մոտեցման կարիք ունի, որը տեղի չի ունեցել ոչ Սերժ Սարգսյանի (ավելին` նրա կառավարման ժամանակ է տարիքային շեմը բարձրացել), ոչ էլ հիմա` Փաշինյանի ժամանակ: Այսօրվա աղքատության ու արտագնա աշխատանքի պատճառը նաեւ այս կարեւոր բացն է: Եւ հիմա, այս ծանր պահին, երբ մարդկանց համար հազար դրամն էլ մեծ կարեւորություն ունի, զգացվում է այդ տարիքային շեմի հետեւանքների ծանրությունը. անշուշտ, տեսարանն այլ կլիներ, եթե թոշակի տարիքային շեմը հասցված չլիներ Բաբելոնի աշտարակին:

Մեր երկիրը չպետք է թույլ տա, որ իր քաղաքացին հասուն տարիքում, երբ ժամանակն է թոռների հետ խաղալու եւ հանգստանալու, մեկնի արտերկիր` պահակ ու ներկարար լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #500, 07-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ