ԹԵ ԻՆՉՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՔԻՉ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ Արեւիկ Քեշիշյան Գերմանիան կորոնավիրուսից վարակվածների թվով առաջատարների հնգյակի մեջ է մտնում, բայց ունի մահացության անչափ ցածր մակարդակ։ Կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբից մահացածների թիվը վարակակիրների 1 տոկոսից փոքր-ինչ բարձր է։ Գերմանական այս երեւույթը բացատրվում է ոչ թե խնդրի սքողմամբ, այլ բժշկության բարձր մակարդակով եւ համավարակի նկատմամբ արհեստավարժ մոտեցմամբ։ Անվճար զանգվածային թեստավորումը, հիվանդների վիճակի վերահսկողությունը, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակների բարձր հագեցվածությունըՙ այս ամենը Գերմանիային ամրության մեծ պաշար է տալիս բնակչությանը փրկելու համար։ Ապրիլի 6-ի դրությամբ Գերմանիայում արձանագրվել էր վարակման ավելի քան 100 հազար դեպք եւ 1590 մահ։ Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում 94 հազար վարակակիրներից մահացել է ավելի քան 8 հազարը։ Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Եվրոմիության այլ պետություններում թեստավորման ենթարկվում են միայն նրանք, ովքեր ունեն կորոնավիրուսի ախտանիշներ, իսկ Գերմանիայումՙ բոլոր նրանք, ովքեր ենթակա են եղել վարակման վտանգին, այդ թվում հիվանդության ակնհայտ ախտանշաններ չունեցող գերմանացիները։ Նույնիսկ տանը բուժվող հիվանդներին ամեն օր բժիշկներ են այցելում նրանց վիճակը գնահատելու նպատակով։ Վիճակի վատթարացման դեպքում վարակակիրներին առաջարկում են հիվանդանոց տեղափոխվել առավել որակյալ բուժում ստանալու եւ բարդացումներից զերծ մնալու համար։ Վերջիններիս դեպքում կիրառվում է ինտենսիվ թերապիա։ Բայց հիվանդության աննպաստ ընթացքի դեպքում անգամ Գերմանիայում ողջ մնալու հնարավորություններն ավելին են, քան այլուր։ Պատճառն այն է, որ Գերմանիայի հիվանդանոցներում ավելի շատ մահճակալներ են նախատեսված, քան մյուս երկրներում, նշում է news.ru-ն։ Նաեւ էապես բարձր է գերմանական հիվանդանոցների հագեցվածությունը թոքերի արհեստական օդափոխման սարքերով․ համաճարակից առաջ 100 հազար մարդուն ընկնում էր մինչեւ 34 սարք, իսկ դրա սկսվելուց հետոՙ 40։ Իտալիայում 100 հազար մարդու հաշվով կա 12 սարք։ Բացի դրանից, դեռ համաճարակի տարածումից առաջ գերմանացի բժիշկների անձնակազմը վերաբաշխվեց ինտենսիվ թերապիայի ուժեղացման նպատակով, իսկ մյուս բժիշկները վերապրոֆիլավորվեցին։ Գերմանիայի բժշկության զարգացման բարձր մակարդակը հնարավորություն է տալիս հիվանդներ ընդունել նաեւ այլ երկրներից։ Այսպես, գերմանական հիվանդանոցները տեղեր են նախատեսել Իտալիայից եւ Ֆրանսիայից հիվանդների ընդունման համար։ Ներկայումս երկրի բուժհաստատություններում 40 հազար ազատ տեղ կա։ Գերմանիայում մահացության ցածր մակարդակը բացատրվում է նաեւ կորոնավիրուսի տարածումը կասեցնող կառավարական միջոցառումների նկատմամբ բնակչության բարձր վստահությամբ։ Մարդիկ պատրաստ են պահպանել սոցիալական հեռավորությունը եւ առավելագույնս մեկուսանալ, մինչդեռ Իսպանիայում եւ Իտալիայում վարակի տարածման սկզբնական փուլում բազմաթիվ պահանջներ անտեսվում էին։ Այսպիսով, գերմանական երեւույթը ոչ թե հրաշք է, այլ բժշկական համակարգի արդյունավետ գործունեության օրինակ։ |