ՎԱՐԱԿՄԱՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԴԵՊՔԵՐ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՎՐԱ Ա․ Քեշիշյան Կորոնավիրուսային վարակի դեպքեր են բացահայտվել ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ռազմանավի վրա։ Շուրջ 40 մարդ բժշկական խիստ վերահսկողության տակ է առնված, հաղորդել է Ֆրանիսիայի պաշտպանության նախարարությունը։ Հանրապետության միակ գործող ռազմանավը ներկայումս գտնվում է Ատլանտյան օվկիանոսում եւ մոտ ժամանակներս պետք է վերադառնա Տուլոնի նավահանգիստ, տեղեկացնում է Le Telegramme հրատարակությունը։ Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ նավաստիներն ունեն COVID-19-ին բնորոշ ախտանիշներ։ Կորոնավիրուսի բռնկում է տեղի ունեցել նաեւ ամերիկյան Theodore Roosevelt ռազմանավի վրա։ ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ինքը անձնակազմն էվակուացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա ընդգծել է, որ Պենտագոնը կազմակերպել է դեղորայքի ու պարենի մեծ քանակության տեղափոխումը ռազմանավ։ Նավապետ Բրետ Կրուազիեն օգնության խնդրանքով դիմել էր պաշտպանության նախարարությանըՙ պահանջելով պայմաններ ստեղծել 300 հոգանոց անձնակազմի ապահովության համար։ Դրանից քիչ անց Կրուազիեն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրա պաշտոնաթողությանը հաջորդել էր ամերիկյան ծովուժի հրամանատար Տոմաս Մոդլիի հրաժարականը։ |