RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 964, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄԵՆԱԶԳԱՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԻ ԴԵՐԱՍԱՆԸ. ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասմիկ Սարգսյան

Ամենազգայուն հանդիսականները մանուկներն են: Նրանց չի կարելի խաբել կեղծ տոնայնությամբ, նրանց հետ պիտի անկեղծ լինես, այլապես բեմելդ զուր է, եւ խաղդՙ դատապարտված անհաջողության: Երեսուներեք տարի է, ինչ իր բնատուր անկեղծությամբ եւ չկորսվող, չսպառվող մանկականության զգացողությամբ Հովհ. Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի բեմ է բարձրանում դերասան-տիկնիկավար Ռոբերտ Սարգսյանը: Երբ 70-ականների սկզբին, տակավին դեռահաս, սովորում էր Վանաձորի դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդիայում եւ կամ երբ 1987-ին գերազանցության դիպլոմով ավարտում էր Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, չէր էլ ենթադրում, որ դրամատիկ հակվածության իր բնույթով եւ նախապատվությամբ կարող է ընտրել թատերաշխարհի մի բոլորովին այլ ասպարեզ: Դրամատիկ թատրոնի եւ կինոյի դերասանի մասնագիտացմամբՙ նա իր նշանակալից դերերն ունեցել է հենց տիկնիկային թատերարվեստում, թեեւ քիչ չեն նաեւ էպիզոդիկ դերերը կինոյում, որոնք աչքի են ընկնում տիպականությամբ: Թումանյանական հեքիաթների հերոսների մի ամբողջ շքահանդես ունի իր դերարվեստում, եւ բոլորը հիշվող ու սիրելի են, քանի որ Ռոբերտ Սարգսյանի կատարմամբ դրանցից շատերն ընկալվում ենՙ իբրեւ Մեծ լոռեցու հեքիաթաշխարհի մասնիկներ. չէ՞ որ Ռոբերտն էլ ծնունդով դսեղցի է, մանկության եւ պատանեկության ամենամեծ զգացողություններն ու նվիրականն այդտեղից է քաղել, տիրապետում է տեղի բարբառի նրբություններին ու յուրահատուկ շեշտադրմանը, ինչը նրա դերերին ու կերպավորումներին մի առանձին հմայք, «համ ու հոտ», անկեղծություն ու բնականություն է հաղորդում: Ունեցել է շուրջ հարյուր քառասուն կերպավորում: Եվ որքան զանազան են այդ կերպարները, այդքան զանազան է Ռոբերտ Սարգսյանը բեմին:

1992-ից աշխատում է նաեւ UNIMA տիկնիկային գործիչներիմ միջազգային միության հայկական կենտրոնումՙորպես դերասան: Քանի՜ սերունդներ են դաստիարակվել «Հեքիաթն է կանչում» հեռուստահաղորդմանը Ռոբերտ Սարգսյանի պատումներով եւ կերպարներով:

Հիշատակելի են նրա կերպավորումները «Թատրոն անիվների վրա» թատերախմբում, որտեղ խաղացել է Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Շերիֆ փաշա), Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» (բժիշկ) ստեղծագործությունների բեմադրություններում: Թատերախմբերի կազմում հանդես է եկել հյուրախաղերով մի քանի տասնյակ երկրներում, մասնակցել փառատոների: Ունի պատվոգրեր, շնորհակալագրեր, Մշակույթի նախարարությունից ոսկե մեդալ, եւ օրերս էլ իր ծնդդյան 60-այակի առթիվ այդ պատվոգրերի թիվն ավելացավ: Նրան ճանաչում ենՙ իբրեւ մարդ-տոնի, ընկերներական շրջապատի հոգի, մանկությունը չկորսած հասուն մարդու, որի խոսքն էՙ միշտ պետք է հավատալ եւ ապրել հեքիաթով:

Հենց այդ հեքիաթներից մեկին մասնակից դառնալուց հետո էլ գրում եմ Ռոբերտ Սարգսյանի մասին: Իր 60-ամյա հոբելյանի առթիվ Հովհ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնում ներկայացում էր, ու հոբելյարը խաղում էր անխելք մարդը համանուն հեքիաթի տինիկային բեմադրությունում: Մեծահասակները շատ էին դահլիճում, ու լիաթոք ծիծաղում էին, արձագանք տալիս համարյա ամեն մի ռեպլիկի, ոնց մանկահասակ հանդիսականները:

Ռոբերտին հաջողվել էր բոլորին , թեկուզ կարճ ընթացքով, իր աշխարհը տեղափոխել, մանկանց հետ խոսել հասկանալի լեզվով, հասուններինՙ կտրել իրականությունից: Ու ես մտածեցիՙ որքա՞ն ենք մենք հեռու հեքիաթից: Ընդամենը մի քայլ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ