RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #503, 10-04-2020



Տեղադրվել է` 2020-04-10 23:41:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՌԼԵՆԿԱՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ ՉՈՐՍԻ ՇԱՐՔՈՒՄ. ՉԵԽԱԿԱՆ ՕՐԱԹԵՐԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅԱԶԳԻ ԳՈՐԾԱՐԱՐԻ ԲՐԵՆԴԸ

Հակոբ Ասատրյան

Այս դժնդակ օրերին, երբ ողջ աշխարհը զբաղված է կորունավիրուսի (թագավարակի) շարունակվող մահաբեր արշավի չեզոքացմամբ, չեխական մամուլը փորձում է ամենօրյա հրատապ թեմաներից զատ չեխերի մեջ լավատեսություն եւ հպարտություն սերմանել։

Չեխական ամենահեղինակավոր «ՄՖ Դնես» օրաթերթի հինգշաբթի օրերը հրատարակվող «Մագազին» հանդեսում ներկայացվել են չեխական չորս հռչակավոր ապրանքատեսակները։

«Գաղտնիքների պահապանները» խորագրի ներքո ներկայացվել են Չեխիայի ամենահայտնի բրենդ համարվող չորս ապրանքատեսակներըՙ «Բեխերովկա լիկյորը», «Պիլզներ Ուրքուել» գարեջուրը, «Ֆերնետ Սթոկ» լիկյորը եւ «Մառլենկա» թխվածքը։ Հոդվածաշարի հեղինակ Դանիել Պացեկը ներկայացրել է, թե չեխական ամենահայտնի ապրանքների արտադրության հետ կապված գաղտնիքները ինչպես են պահպանվում։

«Մեղրային սիրավեպ» հոդվածում գրվել է «Մառլենկա» թխվածքի արտադրության պատմությունը։ Ներկայացնելով «Մառլենկա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գեւորգ Ավետիսյանի անցած ճանապարհը, թե ինչպես է նա 1994 թվականին Հայաստանից եկել եւ հաստատվել Չեխական Օստրավա, ապա Ֆրիդեկ Միստեկ քաղաքում, նախ գարեջրատուն է աշխատացրել, ապա կարողացել է մեղրով տորթի այնպիսի արտադրություն հիմնել, որն այսօր ունի 300 աշխատակից։ Մեկ տորթի պատրաստումով սկսված արտադրությունն այսօր դարձել է համաշխարհային բրենդ եւ տարածվում է 52 երկրներում իբրեւ չեխական արտադրանք։

Այժմ մեկ միլիարդ կրոն արժողությամբ գործարանում արտադրվում է 2,5 միլիոն մեղրով տորթ եւ ութ միլիոն այլ թխվածքատեսակներ։ Յուրահատուկ բաղադրատոմսով, առանց արհեստական հավելումների պատրաստվող «Մառլենկա» թխվածքը կարող է 90 օր պահպանվել 24 ջերմաստիճանի պայմաններում եւ թարմ մնալ։ Թխվածքի բաղադրատոմսի գաղտնիքը հայտնի է միայն Գեւորգ Ավետիսյանի քրոջը եւ գործարանի մի վստահելի աշխատակցի։ Մառլենկայի ընտանեկան բաղադրատոմսը պահպանվում է ընկերության չհրկիզվող պահարանում, որի բանալին միայն հիմնադիր Գ. Ավետիսյանի մոտ է։ Թղթակցի հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը նշել է. «Ինձ համար Չեխիայի Հանրապետությունը սուրբ հողի պես տեղ է, դարձել է իմ տունը, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մեր տորթերով աշխարհում ներկայացնել Չեխիան»։

Ուրախալի է, որ չեխերի համար նույնպես «Մառլենկան» դարձել է հպարտության խորհրդանիշ եւ ընդամենը երկու տասնամյակի ընթացքում այն համարվում է ոչ միայն չեխական, այլեւ համաշխարհային ապրանքանիշ, որն արտադրված է Չեխիայում։

Պրահա, Օրեր

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #503, 10-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ