ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՄԱՄՈՒԼՈՒՄ Հ. ՉԱՔՐՅԱՆ Մարտի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ։ Զրույցի ընթացքում նա ասել է, որ հայրենիք վերադառնելու հարցում ընդառաջել է Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին դեղորայքի օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Թուրքական լրատվամիջոցները փաստորեն շրջանցեցին այդ հեռախոսազրույցը։ Հակառակ դրան դա լայն արձագանք գտավ հայկական մամուլում, այդ թվում պոլսահայ, մեկնաբանություններով հանդերձ։ Այդ հեռախոսազրույցից անմիջապես հետո, ինչպես մարտի 10-ին կայքէջում տեղեկացրել է «Ակօս» շաբաթաթերթը, շուրջ հարյուր հայաստանցի չորս ավտոբուսով ճանապարհ է ընկել եւ Վրաստանով բարեհաջող հասել Հայաստան։ «Ակօսը» միաժամանակ կարծիք է հայտնել Հայաստանում Էրդողանի «օգնության առաջարկի» աշխույժ քննարկման մասին, ապա հակասելով իր իսկ կարծիքին ավելացրել է. «ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրենք օրակարգում այդպիսի հարց չունեն»։ Ի՞նչ առումով։ Այն, որ Էրդողանն ոչ թե Հայաստանին այսպես կոչված օգնելու առաջարկ է արել, այլ ընդամենը պատրաստակամություն է հայտնել, այն էլՙ Սահակ պատրիարքին։ Հետեւաբար անտրամաբանական են «Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը» կարգի տեսակետները, առավել եւս, երբ դրանք հիմնավորվում են «մանավանդ մեսիջը եկել է Եկեղեցու խողովակով» ձեւակերպումներով։ Դիվանագիտության մեջ առհասարակ գործում է արձագանքի համարժեքության սկզբունքը։ Յուրաքանչյուր պետություն մյուսի ուղերձին պատասխանում է այն ձեւով, ինչ ստացել է։ Այսինքն Հայաստանը, իհարկե առաջարկ ստանալու դեպքում, պետք է պատասխաներ Կ.Պոլսո պատրիարքարանի միջոցով, ընդ որում ոչ թե ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ, այլ նախագահ Արմեն Սարգսյանի, քանի որ Էրդողանը նույնպես նախագահի պաշտոնում է։ Ի դեպՙ այս հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրել նաեւ թուրք հեղինակ Ահմեդ Թանը, ընդգծելով, որ ավելի նպատակահարմար կլիներ, եթե Թուրքիայի նախագահին արձագանքեր ՀՀ նախագահը։ Հավանաբար, սակայն նախագահ Արմեն Սարգսյանն անձամբ որեւէ առաջարկ չի ստացել Էրդողանից, էլ չենք խոսում պաշտոնականի մասին։ Իրականում որպես այդպիսին առաջարկ էլ գոյություն չունի։ Դրա ապացույցը պատրիարքարանի հաղորդագրությունն է, հրապարակված Պոլսո «Հայ Թերթ» կայքէջում, ըստ որի նախագահ Էրդողանը Սահակ պատրիարքին ասել է, որ Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում։ Որքան էլ Արմեն Սարգսյանն ու Էրդողանը գործընկերներ լինեն, թվում է, թե ձեռնարկման փուլում գտնվող քայլերն որեւէ պատասխան չեն ենթադրում։ Այլ կերպՙ ՀՀ նախագահի պատասխանը թուրք գործընկերոջը, ինչպես Ահմեդ Թանն է ենթադրում, նպատակահարմար կլիներ Թուրքիայի տեսանկյունից, բայց ոչ Հայաստանի, քանի որ դրանով ակնհայտորեն կխախտվեր արձագանքի համարժեքության սկզբունքը պետությունների միջեւ։ |