ՄԵՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԱՅԻՍԸ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր Պատմական անքննելի օրինաչափությամբ հայ ժողովուրդը մայիս ամսին շատ հաղթանակներ է կռել ու, հատկապես, ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ: Մայիսը մեր հաղթանակների ամիսն է: Թե պատմական ո՛ր անկյունադարձում, հատկապես ո՛ր թվականի մայիսը եղավ այդ հաղթանակների սկիզբը, դժվար է ասել: Հստակ է մեկ բան, որ մայիսը եռատոն բառեզրով բնութագրվող հաղթանակների ամիս է` նկատի ունենք խորհրդային ժողովուրդների հետ միասին հայ ժողովրդի 1945-ին Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները: Ինքնին հասկանալի է, որ մայիսը միայն 9-ը չէ, իսկ այդ պարագայում արդեն եռատոնը խիստ նեղ է դառնում եւ հանգիստ այն կարելի է քառատոն, հնգատոն ու ավելի քանակի տոների ամիս համարել: Քանի որ հայոց բազմաշերտ պատմության էջերն ուշադիր թերթելու դեպքում մայիսին տեղի ունեցած շատ նշանավոր իրադարձություններ ու հաղթանակներ կարելի է գտնել, որոնց շքահանդեսն սկսվում է ազատագրական եւ բարոյա-հոգեբանական ամենահայտնի հաղթական Ավարայրով: Առանձնանում է նաեւ 1915թ. Վանի հերոսամարտն ընդդեմ թուրքական ցեղասպանների, որն ավարտվեց մայիսի 16-ին եւ իրական ոչնչացումից փրկվեց 150 հազարից ավելի Վասպուրականի հայությունը: Հայ ժողովրդի համար փառահեղ հաղթանակներ եղան նաեւ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը: Մի տարբերությամբ, որ եթե Ավարայրը ճակատամարտ էր հանուն ազատության եւ հավատի, ապա մայիսյան հերոսամարտերը` հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման: Հետո էլ դրանցով ձախողեցինք հայերին բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը եւ վերականգնեցինք հայկական պետականությունը: Մայիսյան հաղթարշավի հանգրվանը Հայրենական մեծ պատերազմում տարած փառահեղ հաղթանակն էր: Պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որից 300 հազարը Խորհրդային Հայաստանից է զորակոչվել, 200 հազարը` ԽՍՀՄ մյուս հանրապետություններից, 100 հազարն էլ սփյուռքից: Այդ ցուցանիշներն համեմատության մեջ դիտարկելիս հստակ երեւում է, որ հայ ժողովուրդը ծանրակշիռ ավանդ է ունեցել հաղթանակի գործում: Այն տարակարծությունները, որ պատերազմը մերը չէր, իսկ թափված արյունն ու զոհերն իզուր, դատարակաբանություն են: 1941-1945թթ. պատերազմը հայ ժողովրդի համար նույնպես միանշանակ հայրենական էր, որովհետեւ Թուրքիան մինչեւ ատամները զինված 26 դիվիզիաներով հայկական սահմանների վրա սպասում էր, որ հենց գերմանացիները գրավեին Ստալինգրադն ու Մոսկվան, անմիջապես հարձակվեր եւ ավարտին հասցներ վաղուց պետականորեն մշակված եւ ծրագրված Հայոց եղեռնը: Այդ պատերազմը հայրենական էր նաեւ գերդաստանիս համար: Գերդաստան, որի բոլոր տղամարդիկ, բացառությամբ երեց հորեղբորիցս, որ պետական պատասխանատու պաշտոն էր զբաղեցնում, ոտքի ելան հարազատ տունն ու պատիվը պաշտպանելու հստակ գիտակցությամբ: Նրանց շարքերում էր նաեւ հայրս` Թարխան (օտարահունչ այդ բառը մոնղոլերեն է եւ նշանակում է սպիտակ ոսկրավոր` ամենաբարձր ազնվականությունն էր) Սարգսյանը: Մարդ-անհատ, որն իր կռիվը մղեց ֆիննականից սկսած եւ պատերազմն ավարտեց գերմանական հողում, ընդհանուր առմամբ բանակում ծառայելով ութ տարի: Մեր ընտանիքից պատերազմ մեկնեցին յոթը, բայց չվերադարձավ մեկը: Հետաքրքրական է, որ բոլորն էլ հայրենի օջախ վերադարձան երկուսից ավելի շքանշաններով ու բազմաթիվ մեդալներով պարգեւատրված, հպարտ ու հաղթական: Խոնարհումս ձեզ եւ մեծարանք: Դուք ճիշտ կռիվ մղեցիք եւ արժանապատիվ հաղթանակ տարաք: Ալաշկերտի Զիրո (պատմական Ձիրավն է) գյուղից սերված ձեր գենը այլ կերպ վարվել չէր էլ կարող, իրավունք չուներ պարզապես: Մերօրյա Շուշիներն ու այլ հաղթական մայիսներ էլի կլինեն եւ միշտ մեծն Վարդանի, Անդրանիկի, Եկարյանի եւ մյուս մեծերի ու ձեր ներկայությունն ու փառքը զորավիգ կդառնան նորանոր հաղթական մայիսներ ունենալու գործում: Նկար 1. Վերեւում ձախից առաջինը, իսկ խմբակային լուսանկարում ձախից երկրորդը հայրս է: |