ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆԸՙ ԱՎԵԼԻ ՔԱՆ 120 ՀՈՒՇԱՐՁԱՆ. ԱՅՍՊԻՍԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՈՎ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից Ահա կրկին Մայիսի 9-ն է, Մեծ հաղթանակի օրը ցնծալից, ֆաշիզմի դեմ մղած պայքարում Խորհրդային Միության ժողովուրդների տարած Հաղթանակի 75-ամյակը: Հայրենական մեծ պատերազմի թեման մշտապես եղել եւ մնում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակից, գործարար, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանի բարեգործական ծրագրերի գլխավոր առանցքներից մեկը: Նախկին զինվորական, պահեստի մայոր Հրաչյա Պողոսյանի գերդաստանը եւս անմասն չի մնացել պատերազմի թողած դառնություններից ու դաժանություններից. նրա պապերից մեկը Մեծ հայրենականից վերադարձել է հաշմանդամ, իսկ մյուսը զոհվել է Ուկրաինայի ազատագրման համար մղվող կատաղի մարտերից մեկի ժամանակ: «Ես իմ մայրական տատիկին ժպտալուց չեմ տեսել եւ հասուն տարիքում հասկացա, թե ինչու էր նա այդպիսին,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Պապս գնացել էր պատերազմ եւ չէր վերադարձել: Տատիկիս հաջողվել էր իր բոլոր երեխաներին պահել, մեծացնել, դաստիարակել, կրթության տալ, ինչը հեշտ չէր միայնակ կնոջ համար»: Հայրենական մեծ պատերազմը, որը իրավամբ համարվում է մարդկության պատմության մեծագույն աղետը, շուրջ 60 միլիոն մարդու կյանք խլեց, այդ պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել է 600 հազար հայ զինվոր, որից 300 հազարըՙ ՀԽՍՀ-ից, 200 հազարըՙ ԽՍՀՄ այլ հանրապետություններից, 100 հազարըՙ սփյուռքից: Հայ մարտիկներից ավելի քան մոտ 300 հազարը քաջի մահով ընկան մարտի դաշտում եւ մեր սուրբ պարտքն է աչքի լույսի պես պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր պապերի հերոսական սխրանքների մասին պատմող վկայություններն ու հիշողությունները»: - Հայրենական մեծ պատերազմի տարեգրությանը նվիրված իմ բոլոր ձեռնարկումների առանցքը մեծագույն հարգանքի տուրքն է բոլոր նրանց հիշատակին, որոնք պաշտպանում էին հայրենիքը, որոնք հաղթանակ էին կերտում մարտական ընկերներիՙ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ ուս ուսի տված, որոնք պահպանում էին խաղաղությունն ապագա սերունդների համար,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Իմ հայրենի Արագածոտնի մարզի Ագարակ գյուղն, օրինակ, Մեծ հայրենականին տվել է 43 զոհ, եւ իմ ջանքերով այնտեղ զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր է կառուցվել: Մեր բոլորիս ընտանիքներում սերնդեսերունդ փոխանցվում են պատերազմում ընկածների մասին հիշատակը, պատերազմի մասնակիցների հուշերը եւ ապրումները: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ բարեգործական գործունեության բոլոր տարիների ընթացքում Պողոսյանի նախագծերի կեսից ավելին այս կամ այն կերպ նվիրվում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների եւ իրադարձությունների մասին պատմական հիշողության պահպանմանը: Եվ ահա մայիսի 9-իՙ Մեծ հայրենականում տարած Հաղթանակի 75-ամյակի նախօրեին «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնել եւ գործարկել է մի շարք մեծածավալ ծրագրերՙ նվիրված այդ նշանակալի տարեդարձին: Մի շարք ծրագրեր էլ, որոնց շնորհանդեսները նախատեսված էին մայիսի սկզբին, աշխարհում տիրող իրավիճակի պատճառով, կապված բոլոր զանգվածային իրադարձությունների սահմանափակման հետ, ժամանակավորապես հետաձգվել են: Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ եւ Սանկ Պետերբուրգի Կենտրոնական ծովային թանգարանի տնօրեն Ռուսլան Նեխայի աջակցությամբ ավարտին են մոտենում Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պաշարված Լենինգրադի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած հայորդուՙ Հովհաննես Իսակովի բրոնզե կիսանդրու ստեղծման աշխատանքները: Կարեւորելով այն հանգամանքը, որ մատաղ սերունդը պետք է ճանաչի մեր հերոսներին, իմանա մեր պապերի գործած հերոսական սխրանքներն ու դաստիարակվի ռազմահայրենասիրական ոգովՙ Հրաչյա Պողոսյանը աչքաթող չի արել նաեւ հանրակրթական դպրոցները, եւ Մեծ հաղթանակի 75-ամյակին ընդառաջ բարեգործություններ է կատարել նաեւ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի դպրոցներում: Այդ շրջանակներում, այս տարվա հունվարին, Սանկտ Պետերբուրգի թիվ 207 դպրոցում հանդիսավորությամբ բացվեց առաջին հուշատախտակըՙ Մեծ հայրենականին մասնակցած հերոս շրջանավարտների անուններով: Եվ այս պահին եւս երկու հուշատախտակ սպասում է բացմանը քաղաքի թիվ 209ՙ Պավլովյան գիմնազիայում: Հրաչյա Պողոսյանի ջանքերով Երեւանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցում հիմնանորոգվել եւ ամբողջությամբ կահավորվել է ռազմահայրենասիրական դասարան, որը կկրի Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանի անունը: Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Բարերարի մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր: Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերվում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործնեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է տարբեր գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ նա արել է սիրով ու նվիրումով: Հայ ժողովրդի արժանի այս զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով: Ոչ ոք նրան չի ստիպում, պարտադրում կամ հուշում, թե հարկավոր է անել այս բանը, կարելի է այս ծրագիրն էլ իրականություն դարձնել, սա էլ, սա էլ... Յուրաքանչյուր միտք ու գաղափար ծնվում է անսպասելի, շրջապատող աշխարհին ու նրա բնակիչներին առավել ուշադիր նայելուց, ուսումնասիրելուց: Նա ընկալում է իրեն շրջապատող աշխարհը եւ ամեն ինչ անում է սրտի թելադրանքով: Եվ այսօր, երբ մարդկության գլխին դամոկլյան սրի պես կախված նորահայտ ախտ կորոնավիրուսը սպառնում է կործանել աշխարհըՙ Հրաչյա Պողոսյանն ամենեւին էլ չէր կարող դիտորդի դերում մնալ: Ուրախությամբ տեղեկացա, որ այս օրհասական ժամանակներում մարդկանց անշահախնդիր ձեռք մեկնողների շարքում է նաեւ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող եւ գործունեություն ծավալող մեր հայրենակիցը: Ընդհանրապես, Հրաչյային ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, մարդասեր ու արժանապատիվ հայորդու: Քաջ գիտակցելով, որ այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է համազգային համախմբվածությունՙ Պողոսյանը շտապել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հայրենակիցներին ուղարկել իր աջակցությունըՙ թոքերի արհեստական օդափոխության սարք, որը օրերս տրամադրվեց Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցին: Ռուսաստանյան մամուլից ես տեղեկացա նաեւ, որ այս դժվարին ժամանակներում «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամն իր հոգածության տակ է վերցրել Սանկտ Պետերբուրգ քաղաքում բնակվող, միայնակ, բազմանդամ եւ խիստ կարիքավոր շուրջ 70 ընտանիքների, որոնց ցուցաբերվում է նպատակային աջակցությունՙ հիմնական կարիքներ հոգալու հարցումՙ սնունդ, հիգիենայի պարագաներ եւ այլն: Այս օրերին «Հրաչյա Պողոսյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմը ծանրաբեռ տոպրակներով այցելում է ինքնամեկուսացման պայմաններում գտնվող, առանց սիրելիների աջակցության մնացած եւ առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ կարիք ունեցող մարդկանց տները: Միայն տեսնել է պետք այդ մարդկանցՙ Հայրենական մեծ պատերազմի եւ աշխատանքի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարման մեջ գտնվող Լենինգրադի բնակիչներ, ուրախության արցունքներն ու շնորհակալություն հայտնող հայացքները, իսկ շատերն էլ մեծ երախտագիտություն արտահայտող հուզումնալից նամակներ են ուղարկում հիմնադրամի տնօրենության հասցեով: Ամբողջ ապրիլ ամսվա ընթացքումՙ ամեն շաբաթ, հիմնադրամի ներկայացուցիչները բնակության հասցեներով տեղ են հասցնում անհրաժեշտ սննդամթերքն ու խիստ անհրաժեշտ պարագաները, եւ Հրաչյա Պողոսյանը որոշում է կայացրել, որ այդ մարդկանց աջակցություն կտրվի նաեւ մայիս ամսվա ընթացքում: Ինձ հաջողվեց պարզել, որ օգնություն ստացողների թվում քիչ չեն նաեւ պետերբուրգաբնակ մեր հայրենակիցները, որոնց Հրաչյա Պողոսյանն իր գործունեության ընթացքում ամենեւին աչքաթող չի անում, մանավանդՙ այս ծանր ու դժվարին ժամանակներում: Ռուսական մամուլից ես մեծագույն ուրախությամբ ու հպարտությամբ տեղեկացա նաեւ, որ Հրաչյա Պողոսյանը մայիսի 1-ինՙ ծննդյան 95-ամյակի առթիվ այցելել է Ռուսաստանի ժողովրդական, իսկ Հայաստանիՙ վաստակավոր արտիստ, Սանկտ Պետերբուրգում մեծ հարգանք եւ հեղինակություն վայելող հասարակական գործիչ, ճանաչված երգչուհի Ռուբինա Քալանթարյանին, որին ռուսաստաբնակները վաղուց ի վեր կնքել են «ռուս եւ հայ ժողովուրդների մարգարիտ» պատվավոր անունով: Այսպիսին է Հրաչյա Պողոսյանըՙ բոլորի հանդեպ միշտ ուշադիր, հոգատար, բարեկիրթ եւ հայրենասեր: Ուզում եմ ընթերցողին հիշեցնել, որ իր ֆանտաստիկ մտահղացումներով ու նախաձեռնություններով աչքի ընկած մեր հայրենակիցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով անցյալ տարի պարգեւատրվել էր պետական պարգեւովՙ «Բարեգործության համար» շքանշանով: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի Սմոլնիի հանդիսությունների սրահում: ՌԴ նախագահի անունից հանձնելով պարգեւըՙ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը նշել էր. «Պետերբուրգը հարուստ է տաղանդավոր մարդկանցով: Ոչ բառերով, այլ գործերով, մարդկանց հանդեպ մարդկային վերաբերմունքով Դուք ցույց եք տալիս, թե ինչպես պետք է ապրել, սիրել հայրենիքը եւ մեր քաղաքը, որին մենք ծառայում ենք: Ես հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում են Ձեզ նման մարդիկ»: Ի դեպ, Հրաչյա Պողոսյանը միակ անձնավորությունն էր, ով Սանկտ Պետերբուրգից անցյալ տարի պարգեւատրվեց «Բարեգործության համար» շքանշանով, իսկ այս տարեսկզբին, երբ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփվեցին «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներըՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է պետերբուրգաբնակ մեր հայրենակիցը: Հրաչյա Պողոսյանը դեռեւս բազմաթիվ նպատակներ ու երազանքներ ունի, նրա պրպտուն ու սրաթռիչ միտքն ամենուր էՙ երկրագնդի բոլոր ծագերումՙ օդում, ծովում, ցամաքում, տիեզերքում... եւ ամեն անգամ նա հանրությանը զարմացնում է իր անհավանական, աննախադեպ եւ օրիգինալ գաղափարներով ու ծրագրերով, որոնք օր օրի կյանք ու ավյուն են ստանում, հայտնվում մեր կողքինՙ դառնալով մեզ շրջապատող աշխարհի բաղկացուցիչ մասնիկները: Եվ այսօր, ավելի քան երկու տասնամյակների հեռվից հետահայաց նայելով ճանաչված բարերարի գործունեությանըՙ դժվար չէ տեսնել անսահման բարություն սփռած լույսի հետագիծը, երբեմն աներեւակայելի ու անհավանական թվացող մտահղացումները, որոնք հարյուր-հազարավոր մարդկանց սրտերը այսօր էլ ապրելու հույսերով ու երազանքներով են ողողում: Իսկ առջեւում նորանոր բարձունքներ են, որ պետք է նվաճել, անելիքները շատ են, եւ այս առաքինի ու պատվախնդիր հայը Աստծո պարգեւած յուրաքանչյուր օրն ապրում է առաջ նայելով: |