RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-05-22 12:04:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2696, Տպվել է` 29, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՈՒՐԳԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԴԻՐԻԺՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՏԵՍԱԿ ԿԱԽԱՐԴԱՆՔ Է»

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հայազգի ռուսական դիրիժոր Գուրգեն Պետրոսյանը ծնվել է 1991 թվականին, Նալչիկում: Սովորել է Հյուսիսային Կովկասի Արվեստի պետական ինստիտուտի մշակույթի եւ արվեստի քոլեջումՙ մասնագիտանալով երգչախմբի դիրիժորության մեջ, Ռոզա Խաշուկոեւայի դասարանում, որն իր ուսանողին ուղարկել է Լ. Վ. Սոբինովայի անվան Սարատովի պետական կոնսերվատորիա: Այստեղ Պետրոսյանն ընդունվել է երգչախմբի դիրիժորության բաժինը (Նելլի Վլադիմիրցեւայի դասարան): 2015-ին Սարատովի պետական կոնսերվատորիան ավարտել է երգչախմբի դիրիժորի, 2017-ինՙ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի մասնագիտությամբ: Մասնակցել է Թեոդոր Կուրենցիսի, Դենիս Ֆիշերի եւ Յուրի Սիմոնովի վարպետության դասերին:

Ուսումնառության ընթացքում դարձել է մի քանի մրցույթի դափնեկիր, այդ թվում` 2015-ին Կրասնոյարսկում կայացած Ակադեմիական երգչախմբերի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակին: 2015-2017 թվականներին եղել է Սարատովի պետական կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախմբի օգնական դիրիժորը, իսկ 2016-2018 թվականներինՙ Պովոլժյեի կամերային նվագախմբի դիրիժոր:

Գուրգեն Պետրոսյանը ելույթներ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի, Կոստրոմայի մարզի պետական ֆիլհարմոնիայի կամերային նվագախմբի, Աստանայի պետական ֆիլհարմոնիկ սիմֆոնիկ նվագախմբի, Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հոնկոնգի սինֆոնիետայի եւ Դանիական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

2018-ի մարտից Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի դիրիժոր-ստաժոր է: Այնտեղ նա առաջին անգամ հանդես է եկել որպես օպերայի դիրիժորՙ ղեկավարելով Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն»: Որպես օգնական դիրիժոր մասնակցել է Վերդիի «Ֆալստաֆ» եւ Պուչինիի «Աղջիկն Արեւմուտքից» օպերաների բեմադրություններին: Գուրգենը ղեկավարել է նաեւ Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկի» երկու տարբեր բեմադրություններ, Ռիմսկի-Կորսակովի «Պան Վոյեվոդա», Պրոկոֆեւի «Նշանախոսություն վանքում» օպերաները, ինչպես նաեւ այլ ներկայացումներ եւ տարբեր համերգներ: 2019 թվականի դեկտեմբերին Բադեն-Բադենում Մարիինյան բալետի շրջագայության ժամանակ եղել է նվագախմբի ղեկավարը...

- Հարգելի Գուրգեն, առաջին անգամ քո մասին իմացանք 2015-ին, երբ Կրասնոյարսկի ակադեմիական երգչախմբի դիրիժորների միջազգային մրցույթում նվաճեցիր առաջին մրցանակը: Այսօր մենք հպարտ ենքՙ տեսնելով քո հայկական անուն-ազգանունն աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկի դիրիժորների ցանկում...

- Կրասնոյարսկի մրցույթից ունեմ միայն ամենաջերմ հիշողություններ, ոչ միայն որ կարողացա հաղթել, այլեւ որ ինձ բախտ վիճակվեց հանդիպել հիանալի գործընկերների, որոնց հետ շարունակում եմ շփվել: Այդ ժամանակից անցել է գրեթե հինգ տարի, եւ, բարեբախտաբար, ես ավելի ու ավելի եմ հավատում, որ եթե մի բան իսկապես շատ ուժգնորեն ես փափագում, անպայման իրականանում է, անգամ եթե պատկերացում չունես, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ:

- Դու ծնվել ես Նալչիկում, մի քաղաքում, որն արդեն ռուսական դիրիժորական արվեստին տվել է մի այնպիսի վարպետի, ինչպիսին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Տեմիրկանովն էր: Կաբարդինո-Բալկարիայում պիտի որ լավ հող լինի դասական երաժշտության համար:

- Ինչպես գիտենք, դիրիժորության վարպետները ծնվել են աշխարհի միանգամայն տարբեր վայրերում: Միգուցե Կովկասը, շնորհիվ բնության հարուստ, զարմանալի գեղեցկության եւ այնտեղ ապրող ժողովուրդների, նպաստում է ուժեղ բնութագրի, կամքի ձեւավորմանը, ինչն անհրաժեշտ է դիրիժորի համար, որպեսզի նա կանգնի մեծ կազմի առջեւ եւ ուրախությամբ, հաճույքով ու հուզմունքով հրավիրի գործընկերներին միասին երաժշտություն հնչեցնել: Ամեն դեպքում, պետք է իսկապես սիրել դիրիժորության գործընթացը, սա զարմանալի մի գործողություն է, մի տեսակ կախարդանք... ու այդժամ, որտեղ էլ որ ծնվել ես, հաջողության կհասնես:

- Գուրգեն, որտեղի՞ց են արմատներդ եւ խոսո՞ւմ ես հայերեն:

- Տատիկս ու պապիկս Ստեփանակերտից տեղափոխվել են Նալչիկ, երբ հայրս եղել է հինգ տարեկան: Տատիկիս տանը ես անընդհատ լսում էի հայոց լեզուն, արցախյան բարբառը: Իհարկե, ես գիտեմ ամենօրյա արտահայտություններ, բայց, ընդհանուր առմամբ, ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ հայերեն խոսում եմ: Ապագայում, իհարկե, ես կցանկանայի լեզուն սովորել պատշաճ մակարդակով:

- Ավագ քույրդՙ Ռուզաննա Պետրոսյանը, սովորել է Նալչիկի թիվ երեք երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Իսկ նա շարունակե՞լ է երաժշտական կարիերան:

- Քույրս միշտ սիրում էր երգել, բայց երաժշտական դպրոցն ավարտելուց հետո իր համար այլ ուղի ընտրեց: Ես շատ շնորհակալ եմ նրանՙ շարունակական աջակցության եւ իմ հանդեպ իր ունեցած անսասան հավատի համար:

- 2016-ին 29 երկրների 57 երիտասարդ երաժիշտներ դիմել ենՙ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների երեւանյան XII միջազգային մրցույթին: Առաջին փուլ անցել է ընդամենը 12 հոգի, այդ թվումՙ նաեւ դու: Ի՞նչ տպավորություններ ունես երեւանյան մրցույթից:

- Շատ հաճելի էր Խաչատրյանի անվան մրցույթի 12 մասնակիցների մեջ լինելը: Դա սիմֆոնիկ դիրիժորների առաջին մրցույթն էր եւ իմ առաջին այցը Հայաստան: Ինձ շատ դուր եկան քաղաքի մթնոլորտն ու շրջակայքը, զարմանալի տաճարները, թանգարանները. մեր ժողովրդի պատմությունն, իհարկե, հարուստ է: Հատկապես հիշարժան է Ս. Էջմիածնի տաճարը: Շատ ուրախացրեց նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարման մակարդակը, ձայնի որակը եւ անսամբլի զգացողությունը: Միշտ ուրախալի է նվագախմբի այդպիսի մակարդակի հասնելը:

- Երբեւէ ղեկավարե՞լ ես հայկական երաժշտություն` երգչախմբով կամ նվագախմբով:

- Հայկական երաժշտություն ղեկավարել եմ հայաստանյան մրցույթի ժամանակ, բայց մինչ այդ ունեցել էի մի հետաքրքրական փորձառություն Սարատովի կոնսերվատորիայում, երբ երգչախմբային դիրիժորության ավարտական քննությանը կատարվող գործերից մեկը Կոմիտասի ստեղծագործությունն էրՙ կանանց երգչախմբի կատարմամբ: Սարատովի հայ համայնքի միջոցով ես նաեւ գտա մի դուդուկահարի, որի մասնակցությունը զարմանալի մթնոլորտ ստեղծեց դահլիճում:

- Ի՞նչ ծրագրեր ունեիր 2020 թվականին եւ ինչո՞վ լցրեցիր առօրյադ ինքնամեկուսացման ընթացքում:

- Ծրագրերս նույնն էինՙ շարունակել զարգանալ, ելույթներ ունենալ մրցույթներում, փառատոներում: Մարիինյան թատրոնը շարունակում է մնալ իմ ստեղծագործելու հիմնական վայրը, այս հնարավորության համար ես չափազանց շնորհակալ եմ Վալերի Աբիսալովիչ Գերգիեւին: Երեւանից առաջարկներ չեն եղել, բայց, իհարկե, ես շատ ուրախ կլինեմ կրկին այցելել այս հիանալի քաղաքը եւ համագործակցել տեղի խմբերի հետ: Ինքնամեկուսացման հետ կապված, իհարկե, ելույթներ չկան, բայց ամեն ինչի մեջ, կարծում եմ, պետք է փնտրել առավելություններ: Օրինակ, կարանտինի շնորհիվ հնարավոր դարձավ ավելի շատ ժամանակ հատկացնել գրքեր կարդալուն, տարբեր օպերաներ ու սիմֆոնիկ համերգներ լսելուն, ֆիլմեր դիտելուն, լեզուներ սովորելուն, սպորտով զբաղվելուն եւ հարազատների հետ լինելուն: Բայց, իհարկե, ամենքս սպասում ենք մեր սիրելի գործին վերադառնալու հնարավորությանը եւ հուսով ենք, որ դա շուտով տեղի կունենա...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ