ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔՐՏԻՆՔԸ ՆԱԵՎ ԱՐՑՈՒՆՔ Է Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի Հայաստանում մահվան դեպքերն ավելի շատ են եղել, քան այս տարիՙ համավարակի պայմաններում: Առողջապահության ոլորտի մասնագետները պատճառը համարում են այն, որ կարանտինը կանխել է օդակաթիլային վարակների տարածման հետ կապված մահացությունները: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը , անդրադառնալով կորոնավիրուսը ժխտող կարծիքներին, հորդորում է ծայրահեղ մտքեր արտահայտելիս զգույշ լինել: «Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, երբ բուժաշխատողները երկու ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են առողջություն վերադարձնել, իսկ այն պահերին, երբ չեն կարողանում, այդ քրտինքը նաեւ արցունք է ձեւավորում հենց նույն բուժաշխատողների մոտ: Չեմ կարծում, որ կարելի է սա քննարկման առարկա դարձնել եւ ասել, որ սա թատրոն է եւ ռեանիմացիաներում այսպիսի իրավիճակ չկա, կամ հիվանդանոցներում գերծանրաբեռնված չեն աշխատում, կամ շտապօգնության բրիգադները գիշեր-ցերեկ չեն փորձում բոլորին հասցնել օգնությունը։ Այո, խնդիր կա, եւ պետք է դադարացնել այդ քննարկումները, թե մենք կարծես թե բնականոն կյանքով ապրում ենք, իսկ մեզ փորձում են ինչ-որ կեղծ, ֆեյք ինֆորմացիա տալ։ Խնդիրը կա, խնդիրը պահանջում է աչալուրջ լինել, լինել ծայրահեղ պրոֆեսիոնալ եւ խուսափել ծայրահեղություններից»,- նկատել է Արմեն Մուրադյանը: |