ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՄԱՐՄԱՋՆԵՐԸ... ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ «Ազգային երդում. ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի, Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր» «Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության» միությունը կազմավորվել էր դեռեւս 1992 թվին, թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու գլխավոր առաջադրանքով, իհարկե Թուրքիայի հովանու ներքո: Սակայն մինչեւ օրս աչքի չէր ընկնում առանձնակի գործունեությամբ: Դա նշանակում է, որ միությունն առ այսօր նախընտրում էր գաղտնի գործել, խուսափելով հրապարակային գործունեությունից: Ըստ երեւույթին հասունացած չէին համարվում դրա անհրաժեշտ նախադրյալները կամ միջազգային իրադրության առանձնահատկությունները թույլ չէին տալիս դրան: Ինչո՞ւ: Նախքան հարցին պատասխանելը փորձենք ներկայացնել միության մայիսի 14-ին թուրքական «habernida.com» կալքէջում հրապարակած հոդվածը: «Ազգային երդում.ձեռնարկվում են 12 կղզիների, Կրետեի, Լիբիայի, Մոսուլի, Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու քայլեր» խորագիրը կրող անստորագիր հոդվածում հիմնական շեշտը դրվում է Էգեյան ծովի հունական կղզիների եւ Կրետեի վրա: Ընդ որում, նշելով հանդերձ, որ օսմանյան նավատորմը Կրետե կղզին գրավել է 1669-ի սեպտեմբերին եւ նրա 1909-ին անցումը Հունաստանինՙ ապօրինի է համարվում, այն պատճառաբանությամբ, թե 1913-ի Լոդոնի պայմանագրով 2/3-ը պիտի պատկաներ Թուրքիային: Հոդվածում ներկայացվում է նշված հարցերը միջազգային ատյաններում բարձրացնելու, դրա բուն նպատակների առչությամբ Ստանբուլի համալսարանի պրոռեկտոր Իլյաս Թոփսաքալի եւ «Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության» միության նախագահ Հալիթ Քայնաքի կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությանը հայտնած դրական կարծիքը, որը պայմանավորվում է այսպես կոչված «կապույտ հայրենիք» նախագծով: Այսինքն Էգեյան ծովի 12 կղզիների եւ Կրետե կղզու հանդեպ թուրքական հավակնությունների հիմքում ընկած է Թուրքիայի ջրային տարածքների ընդարձակմանը միտված այդ նախագիծը: Ահա թե դրա առնչությամբ ինչ է ասել պրոֆ. Թոփսաքալը . «Հունաստանը միջազգային իրավունքի նորմերն ոտնահարելու գնով զորքեր է տեղակայել 12 կղզիներում եւ դիմել է սադրիչ գործողությունների: Դրանք հատկապես ակնառու են դարձել վերջին շրջանում, երբ Արեւելյան Միջերկրականում հայտնաբերվեցին բնական գազի հարուստ պաշարներ: Դրանք Հունաստանին ստիպել են գործընկերներ որոնել: Որոնման շրջանակներում Եգիպտոսը, Իսրաելը, ժամանակ առ ժամանակ Լիբանանն ու այլ երկրներ զորավիգ կանգնեցին Հունաստանին, որ կոպտորեն ոտնահարի միջազգային իրավունքի նորմերը: Դրան ի պատասխան Թուրքիան Լիբիայի հետ ստորագրած ջրային տարածքների սահմանազատման մասին պայմանագրով տարածաշրջանում երաշխավորեց իր շահերի եւ անվտագության անձեռնմխելիությունը»: Ինչ վերաբերում է վերոհիշյալ միության նախագահ Քայնաքին, ապա նա էլ, մեղադրելով Հունաստանին Կրետե կղզու շրջակայքում Թուրքիային պատկանող ջրային տարածքի 8 900 քառ.կմ-ը յուրացնելու մեջ,կարծիք է հայտնել, որ 39 քառ.կմ էլ խլել է Լիբիայի ջրերից: Ապա շարունակել է. «Թյուրքական աշխարհն ու օսմանյան աշխարհագրությունը բաժանել ենք 8 շրջանի: Ամեն շրջան ունի իր ղեկավարը: Ներկա պահին այդ ղեկավարները համապատասխան կոմիտեներով գործունեություն են ծավալում աշխարհի 42 երկրներում: Մենք լուրջ իրավունքներ ունենք Կրետե կղզու եւ Էգեյան ծովի 12 կղզիների վրա, որովհետեւ իտալացիները ժամանակին դրանք գրավել էին, ապա Լիբիայի դիմաց մեզ էին զիջել: Սակայն Կրետեն եւ 12 կղզիներն առ այսօր Հունաստանի ձեռքում են, մենք չենք ստացել: Քանի որ դրանք մեզ չեն հանձնվել, ուստի իրավունքներ պիտի ունենանք Լիբիայում: Եթե մենք ի վիճակի չլինենք պաշտպանել Էգեյան կղզիներում, Կրետեում եւ Լիբիայում մեր ունեցած իրավունքները, ապա ոմանք կսկսեն վիճարել մեր «կապույտ հայրենիք» նախագիծը, Լիբիայում, Կիպրոսում, նույնիսկ Սիրիայում ռազմաքաղաքական ներկայությունը: Քանի որ դարեր շարունակ որպես «թուրքական լիճ» հորջորջված Միջերկրական ծով իջել ենք մեր նախագահի հրամանով եւ այնտեղ փաստացի ներկալություն ապահովել, ուստի պարտավոր ենք նաեւ իրավական ներկայություն ունենալ: Մեր իրավունքները պաշտպանելու համար պատրաստվում ենք դիմել Հաագայի միջազգային դատարան, ՄԱԿ-ի պես միջազգային ազդեցիկ կազմակերպություններին»: «Թյուրքական աշխարհի համերաշխության եւ փոխօգնության» միության նախագահ Քայնաքը պրոռեկտոր Թոփսաքալի պես, նշելով հանդերձ Մոսուլի,Քերքուքի, Ղրիմի, Արեւմտյան Թրակիայի մասին, վերջինի նման հիմնական շեշտը դնում է Կրետեի, 12 կղզիների, ինչպես նաեւ Լիբիայի վրա: Ի դեպ ե՛ւ Թոփսաքալը, ե՛ւ Քայնաքն առհասարակ չեն հիշատակում Հալեպի, Նախիջեւանի, Նախիջեւանը Թուրքիային կապող միջանցքը Իրանի տարածքի հաշվին ընդլայնելու եւ Բաթումիի մասին: Սակայն հոդվածին կցված քարտեզում այս տարածքներն ընդգրկվել են Թուրքիայի կազմում: Այսինքն թուրքական հավակնությունների մաս են կազմում: Ինչո՞վ բացատրել այդ հավակնությունները: Ըստ երեւույթին 2019-նոյեմբերին Տրիպոլիի ազգային համաձայնության կառավարության հետ ջրային տարածքների սահմանազատման մասին Անկարայում ստորագրված պայմանագրով, ինչպես նաեւ Լիբիան մասնատված տեսնելու Արեւմտյան տերությունների նկրտումներով: Ակնհայտ է, որ եթե Խալիֆե Խաֆթարին հաջողվեր գրավել Տրիպոլին, ապա Լիբիան որպես ինքնիշխան պետություն կդառնար նաեւ միասնական: Որպեսզի դա տեղի չունենա, այս տերությունները հանդուրժողականությամբ են վերաբերում Թուրքիայի հավակնություններին, ուղղակի կամ անուղղակի նպաստելով Խավթարի զորքերի առաջխաղացման կասեցմանը: Ի դեպՙ Սիրիայում էլ նախագահ Բաշար Ասադի զորքերի առաջխաղացումը դեպի Իդլիբ կասեցրել է այս տարվա մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնագիրը, որը զինադադարի հարատեւությունն ապահովելու քողի տակ ոչ միայն պահպանել է թուրքական զորքերի ներկայությունը Իդլիբում, այլեւ Սիրիայի կառավարական զորքերին արգելել է հատել M4 մայրուղին, որ հանկարծ Իդլիբ չմտնեն: Ըստ երեւույթին դա է ցանկանում նաեւ ԱՄՆ-ը: Փոխարենը թուրքերն էլ, որքան էլ ԱՄՆ-ին մեղադրեն քրդական ուժերին զինելու եւ Սիրիայի արեւելքում նավթային հանքահորերի վրա վերահսկողություն սահմանելու մեջ, շնորհիվ դրա շարունակում են վերահսկել Իդլիբը, իսկ Ռուսաստանը հանդուրժում է թուրքական վերահսկողությունը, ընդ որում լինելով Սիրիայի այսպես կոչված դաշնակիցը: |