RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020



ՄՇԱԿՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-07-22 00:50:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 486, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԵՐ ԲԱԽՏՆ ԷԼ ԲԵՐԵՑ...»

Յակով Զարգարյանի հիշատակին

Երաժիշտ, մանկավարժ, գրող, արվեստի գործերի հավաքորդ Յակով Զարգարյանն իր «Իմ Մինասը» հուշագրությունը սկսել է հետեւյալ խոսքերով. «Իմ բախտը բերեց...»ՙ նկատի ունենալով իր մտերմությունը Մինաս Ավետիսյանի հետ...

Գրելով նրա հիշատակին նվիրված այս հոդվածըՙ կրկնում եմ նրա խոսքերը հոգնակի թվովՙ «Մեր բախտը բերեց»: Այսինքնՙ մեր ընտանիքի, որ երբ 1975-ին տեղափոխվեցինք Էստոնական 7 հասցեն, երրորդ հարկի նորաբնակներս մեր վերեւի հարկում ունեցանք այնպիսի հարեւան, ինչպիսին Յակով Զարգարյանն էր...

Դեկտեմբերին կլրանար նրա 95 տարին: Չհասցրեց: Ո՞վ գիտի, մեր խառը ժամանակներում այդ եռանդուն մարդուն պարտադրված անշարժությունը դեր խաղաց, որ նա չհասավ հոբելյանական օրվան... Մինչդեռ կես-կատակ, կես-լուրջ ասում էր, որ ապրելու է 120 տարի...

Երեւանի ամենից հետաքրքրական մարդկանցից էր նա, սիրված ու փնտրված: Նրան ճանաչում էին ողջ երաժշտական եւ նկարչական աշխարհը, ռուսալեզու լրատվամիջոցները, Աջափնյակ թաղամասի հնաբնակները, նաեւՙ Երեւանում կրթություն ստացած մի շարք սփյուռքահայ երաժիշտներ, քանի որ Զարգարյանը 16 տարի եղել էր կոնսերվատորիայի արտասահմանցի ուսանողների բաժանմունքի դեկանը... Նրան գիտեին նաեւ Ռուսաստանում. պատահական չէ, որ երկու տարի առաջ Զարգարյանին իր «Ամենից տարեցը» հաղորդմանը հյուրընկալեց ռուսական հեռատեսիլի աստղ Մաքսիմ Գալկինը...

Նրա երկսենյականոց «խրուշչովյան» բնակարանը Երեւանի տեսարժան վայրերից էր: Ավելին էր, քան ցուցասրահը, թանգարանը: Այնտեղ հնարամիտ ու ստեղծագործ տանտերը խելամտորեն օգտագործել էր յուրաքանչյուր սանտիմետրըՙ բնակարանի գրեթե ամեն անկյունում դուռ բացելով անակնկալների համար... Անցած 26 տարիների ընթացքում քանի՜-քանի՜ անգամ մուտք եմ գործել մեր ամենամտերիմ հարեւանի հարկի ներքո, ու ամեն անգամ աչքս մի նոր բան է նկատել: (Նույն բանն, ի դեպ, ամեն անգամ կատարվում է մեկ այլ բազմաշնորհ ստեղծագործ հայիՙ Սերգեյ Փարաջանովի «տունը» մուտք գործելիս): Բնակարան չմտածՙ դռան փայտյա ցուցանակից արդեն զգացվում է տանտիրոջ ստեղծագործականությունը: Դռան դիմաց կախված գույնզգույն «վարագույրը» տանտերը պատրաստել էր օգտագործված գրիչներից ու ֆլոմաստերներից: Արվեստի գործերի ցուցադրությունը սկիզբ է առնում արդեն միջանցքի պատերից: Հյուրասենյակում դրված դաշնամուրն իր դարն ապրել է որպես երաժշտական գործիք ու այլեւս ծառայում է որպես գրասեղան եւ սեկրետեր: Տան ամեն անկյունում տարտղնված հավաքածուն ապշեցնում է իր բազմազանությամբՙ հինավուրց ժամանակների կավե սափորներից ու հին մոնղոլական բուդդայի արձանիկից մինչեւ ժամանակակից նկարչության ու քանդակագործության լավագույն ներկայացուցիչների գործերը: Բայց Յակով Զարգարյանին ճանաչում են ամենից առաջ իր նախաձեռնած փայտե, կավե, ապակե եւ մետաղե նկարազարդված հավկիթների հավաքածուով (տեղադրված հատուկ ապակե փեղկերով դարակներում, պտտանիվների վրա), որի «մեկնարկը» տվել էր ինքըՙ Մարտիրոս Սարյանը, իսկ նկարիչների աշխարհագրությունը տարեցտարի ընդգրկել է ողջ աշխարհը...

Զարգարյան ամուսինների եւ մեր ընտանիքի մտերմությունը սկիզբ առավ 1992 թվականի ցրտաշունչ ձմռան մի երեկո, երբ Յակով Սերգեյիչը կամ, ինչպես ես ողջ կյանքում նրան անվանեցիՙ «ձյաձ Յաշան», մտավ մեր տունՙ ասելով, որ ցանկանում է մեզ համար կարդալ իր նոր գրած հոդվածը: Գիտեինք, որ մեր չորրորդ հարկի հարեւանը մասնագիտությամբ դաշնակահար է, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Հայաստանի վաստակավոր մանկավարժ, սակայն չգիտեինք, որ նաեւ գրում է: Նախկինում միայն թեթեւակիորեն մեզ հետ շփված պատկառելի հարեւանին հրավիրեցինք նստել նավթավառի մոտ... եւ այդ պահից սկսվեց մեր հարեւանությունը, բարեկամությունը, համագործակցությունը: Խավարի մեջ անցնող մեր երկար երեկոները սկսեցին իմաստավորվել նաեւ կյանքի ուշագրավ ուղի անցած արվեստագետ մանկավարժ հարեւանի երկար զրույցներով: Իսկ նա զրուցելու անսպառ եռանդ ուներ, փայլուն հիշողություն, պատմածն ամենայն մանրամասնությամբ ներկայացնելու վարպետություն: Պատմում էր ամեն ինչից: Լինելով հնաբնակ երեւանցիՙ վառ կերպով ներկայացնում էր իր դպրոցական տարիներիՙ 1930-ականների Երեւանը, երբ սովորում էր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: Պատմում էր Ռուսաստանի կյանքից, Երկրորդ աշխարհամարտի տարիներից, հատկապես ջերմորեն էր հիշում ուսանողական կյանքը (ավարտել էր Գորկիիՙ Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան): Հպարտությամբ էր խոսում Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի իր աշակերտների մասին (նրանցից միջազգային մրցույթների դափնեկիր Մարինե Աբրահամյանը հետագայում մեզ ասում էր, թե որքան խստապահանջ ուսուցիչ է եղել Յակով Սերգեյիչը): Պատմում էր դաշնակահարի իր գործունեությունից (որպես մենակատար ելույթներ է ունեցել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, Իտալիայում): Դեմքի արտահայտությունն ու ձայնը փոխվում էին, երբ սկսում էր պատմել թոռնիկներից (այն ժամանակՙ դեռ երկու): Սակայն նրա տարերքը հայ նկարչությունն էր, հատկապեսՙ 1960-ականների համաստեղությունը, որոնց մի զգալի մասի հետ նա մտերիմ էր եւ շատերի մասին ուներ մեկը մյուսից հետաքրքրական հիշողություններ: Սարյան, Քոչար, Կալենց, Բաժբեուկ-Մելիքյան, Ջոտտո, Կարալով, Պոդպոմոգով, Էլիբեկյաններ, Ռուդոլֆ Խաչատրյան.... եւ հատկապեսՙ Մինաս: Յակով Զարգարյանը որոշակի դեր է կատարել Մինաս Ավետիսյանի ստեղծագործության հանրահռչակման գործում, վերջինս նրան սիրով Հակոբ է անվանել (1969-ին իր ցուցահանդեսի կատալոգում մակագրել է «Հակոբինՙ իմ թանկագին, սիրելի ընկերոջս, որը այնքան մեծ գործ է արել իմ հաջողության համար»), մի քանի անգամ ստեղծել է նրա դիմանկարը, պատկերազարդել նրա բնակարանի դռան ու լոգարանի պատերի օրգանական ապակիները: Դժվարին ժամանակները, ցավոք, դրդեցին Զարգարյանին հրաժարվել այդ եւ իր հավաքածուի ուրիշ թանկարժեք նմուշներից...

Արցախյան ազատամարտիՙ փորձություններով լի տարիները ստիպեցին Յակով Զարգարյանին գրավոր դարձնել իր մտքում ունեցածըՙ մասնագիտական հետաքրքրություններից մինչեւ ծով հուշերը: Թեեւ առկա դժվարություններինՙ 1990-ականների կեսերին նա հրատարակեց «Դաշնակահարի նստելաձեւը» գրքույկը դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ (հայերեն եւ ռուսերեն), «Իմ Մինասը» հուշագրությունը (նույնպես հայերեն եւ ռուսերեն, հայերեն առաջին տարբերակըՙ Բեյրութում), «Հեռու եւ մոտ անցյալից» ռուսերեն հուշագիրքը: Սրան հետեւեցին էսսեների, հրապարակախոսական հոդվածների եւ հուշագրական բնույթի մի քանի հատոր եւս, որոնք մշտապես օգտակար կլինեն հայ երաժշությամբ եւ կերպարվեստով հետաքրքրվողներին...

Թեեւ գրեթե հիսուն տարիների տարիքային տարբերությանըՙ մենք ընկերներ էինք: Գնում էի ցուցահանդես, մեկ էլ չգիտես որտեղից բուսնում էր մեր սիրելի ձյաձ Յաշան: Խրախուսում էր գրածներս, ռուսալեզու մամուլից անձանձիր կերպով կտրտում-պահում էր բոլոր այն հոդվածները, որոնք կարող էին ինձ մի օր պետք գալ... Քանի՜ անգամ նրա մոտ եմ տարել ամենատարբեր երկրներից Հայաստան եկած ընկեր-ծանոթներիս, որոնց համար Երեւանը մարմնավորվել է նաեւ այդ փոքրամարմին, ճաղատ, հայկական խոշոր քթով օժտված անդուլ հավաքորդի կերպարի մեջ... Արտասահմանյան ուղեւորություններիս ընթացքում էլ մի քանի անգամ հետս տարել եմ նրա տված փայտե հավկիթները, ու միշտ հանդիպել է մի նկարիչ, որը հաճույքով համաձայնել է նկարազարդել այն... Երբ 2013-ին լույս տեսավ Յակով Զարգարյանի «Նկարազարդ հավկիթների հավաքածուի մասին» գիրք-ալբոմը, այդ թվականին հավաքածուն ընդգրկում էր 43 երկրների 585 նկարիչների 665 աշխատանք: Նա շարունակեց հավաքել, մինչեւ մի օր որոշեց դադարեցնել, քանի որ բնակարանում պարզապես այլեւս տեղ չկար: «Կոլեկցիոներն ամենաանկուշտ մարդն է,- մի առիթով ասել է Յակով Սերգեյիչը:- Հարյուր հատ ունի, ուզում է հարյուր մեկն ունենալ, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ: Դա հիվանդություն է: Ես շատ ուրախ եմ, որ «տառապում եմ» այդ հիվանդությամբ»...

Նա արխիվարիուս էր, պահեստավորում էր քիչ թե շատ արժեքավոր ամեն մի արտեֆակտ: Անընդհատ նոր գաղափարներ էր հղանում. օրինակՙ մի հին ծոցատետր դարձրեց իր ծանոթ նշանավոր մարդկանց ընծայագրերի ժողովածուՙ խնդրելով մաղթանքները մակագրել ավագ թոռան անվամբ: Խղճում էր գիրք չկարդացողներին, ռաբիս երաժշտություն լսողներին, հեռուստասերիալ դիտողներին: Մանրակրկիտ կերպով հետեւում էր Հայաստանի անցուդարձին ու միշտ լավատես էր նրա գալիքի հանդեպ...

Իր կյանքն ու առօրյան գեղեցկությամբ իմաստավորած, ճշմարիտ երեւանցի, մշտապես անդադրում ու պրպտուն, ստեղծագործականությամբ եռուն, երաժշտության ու նկարչության քաջ գիտակ, անխոնջ հավաքորդ, փայլուն գրող, գեղեցիկի մեծ սիրահար, մանկական չարաճճիությունն ու զվարթությունը պահած, սրամիտ, ջերմ եւ խոսքաշեն հարեւան ու ավագ ընկեր Յակով Զարգարյանը երազում էր, որպեսզի իր այնքան սիրելի Երեւանում մի գեղեցիկ օր բացվի մի նոր,ՙ անհատական հավաքածուների թանգարան, որտեղ իր վերջնական հանգրվանը կգտնի իր հավաքածուն, առաջին հերթինՙ նկարազարդ հավկիթները... Երանի՜ լինի...

...Երբ Յակով Զարգարյանը նոր է տեղափոխվել Աջափնյակի իր բնակարանը, հարեւանի հետ մի քանի բարդու շիվ է տնկել բակում, իր ավտոտնակի մոտ...

Բոլոր շիվերն էլ արմատակալել, ծառ են դարձել...

Սակայն բարդիի կյանքը կարճ է, ուստիեւ տարիների ընթացքում դրանք հերթով ընկան...

Մնաց մեկը, որն էլ ինչ-որ խորհրդալից պատահականությամբ գետնին տապալվեց 2020 թվականի մայիսի 22-ին, այն օրը, երբ կյանքին հրաժեշտ տվեց Յակով Զարգարյանը...

Լուսանկարըՙ Գեւորգ Ավետիսյանի (Ռիգա)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ