RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 18:41:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 413, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՀԵԼ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վերնագրային այս հարցը բազմաթիվ պատասխաններ կարող է ունենալ կախված այն բանից, թե ում է ուղղված այն: Շատերն են երես թեքել եկեղեցուց ընդհանրապես եւ հայոց եկեղեցուց մասնավորապես: Ցինիզմը քայքայել է հավատի հիմնասյուներըՙ շատ շատերին հեռացնելով կրոնից:

Հայերիս պարագայում, մեր քրիստոնեական հավատը միայհուսված է մեր էթնիկական գիտակցության հետ, եւ երբ մեր ինքնությունը խաթարվում է կամ թուլանում, ապա հավատը ինքնաբերաբար անհատին դուրս է մղում եկեղեցուց:

Հայոց եկեղեցական տիրույթում հոգեւորականներն ավանդաբար հանդիսացել են գիտելիքի, մշակույթի, իմաստության եւ ոգեշնչման պատվարները, աննկուն պաշտպանները: Հայոց եկեղեցուն ծառայելը հասարակության կողմից պատմականորեն դիտարկվել է որպես խիստ հարգալից պաշտոն: Միայն երբ այդ շարքերում հայտնվեցին ապաշնորհ եւ անձեռնհաս մարդիկ, հավատացյալները գիտակցեցին, որ չափից ավելի շատ հույսեր են կապել հոգեւորականների հետ եւ սկսեցին հետզհետե հեռանալ եկեղեցուց: Եվ քանի որ բնավորությամբ մարդիկ հաճախ հակված են քավության նոխազներ փնտրել իրենց անհաջողությունների համար, եկեղեցին դարձավ քննադատության առաջին թիրախը: Դա շատ ավելի հեշտ էր, քան ինքնադիտարկումն ու ինքնախորհրդածությունը:

Սրանք ընդհանուր դիտարկումներ են մեր եկեղեցու, եկեղեցականների եւ ծխականների թերությունների, հասարակության զարգացումների հետ քայլք չպահելու մասին: Բայց որքան էլ դրանք բնորոշ լինեն մեր եկեղեցուն, այնուամենայնիվ կան նաեւ այլ պատճառներ, որոնք խնդիրներ եւ անբարենպաստ պայմաններ են ստեղծում հավատացյալների շրջանում:

Պատմականորեն, ծխական համայնքի անդամների կույր հավատի վրա հիմնվելով, եկեղեցու առաջնորդները ժամանակավոր դղյակներ են կառուցել իրենց համար, երբեմն նույնիսկ մարտահրավեր նետելով քաղաքական կամ նույնիսկ արքայական իշխանություններին: Պապ թագավորն, օրինակ, հոգեւորականության դեմ պայքար մղեց եւ առգրավեց նրանց հարստությունը: Այդ պատճառով է, որ հայ պատմաբաններից շատերը, որոնք հոգեւորական դասից էին, չարախոսել են նրան: Մեր եկեղեցական պատմության մեջ նման երկպառակտչական կարծիքները շարունակվել են մինչեւ մեր օրերը:

Երբ քաղաքական կուսակցությունները երեւան եկան ձեւավորելու համար հայ ժողովրդի գիտակցությունը, նրանք 19-րդ դարի վերջերին, հասկանալով եկեղեցու հզոր ազդեցիկ ուժը, փորձեցին իրենց ձեռքերում պահել այն, բայց եկեղեցու «վերահսկողությանը» տիրանալու այդ պայքարը տգեղ շրջադարձ ունեցավ 20-րդ դարում եւ դրա հետեւանքները մենք զգում ենք այսօր էլ:

Այդ պայքարն իր ծանրագույն ազդեցությունն ունեցավ հատկապես սփյուռքահայության կյանքի տարբեր ոլորտների վրաՙ երկու տարբեր ճակատների բաժանելով եւ հասարակությունը, եւ եկեղեցին: Որեւէ գիտակից հայ չի կարող պնդել, որ մեր եկեղեցու այս երկփեղկվածությունը առողջ կացություն է եւ նպաստում է մեր գոյության պայքարին: Մենք չենք կարող ճեղքվածքը փակել եւ միացնել հասարակության երկու ճակատները, որպեսզի հասնենք մեր փայփայած համընդհանուր նպատակների իրականացմանը, մինչեւ չհասկանանք այդ պառակտման իսկական, պատմական պատճառները:

Ամենաբանական լուծումը երեւի կլիներ այն, որ յուրաքանչյուր կողմ ընդուներ իր պատասխանատվությունը եւ մյուս կողմի հետ միասնաբար աշխատեր ճեղքը փակելու ուղղությամբ: Սակայն մենք դեռ չենք հասել այն կետին, որ կարողանանք վեր կենալ եւ ընդունել մեր բաժին պատասխանատվությունը այդ պառակտման մեջ, մի պառակտում, որն արդեն վաղուց հոգեւոր դաշտից անցել է աշխարհիկ հասարակության դաշտը:

Վստահաբար շատերի համար ցավալի փորձառություն է լինելու վերադառնալ այն ժամանակներին եւ գործողություններին, որոնք պատճառ դարձան պառակտման:

Շատերի կարծիքով անտեղյակությունը երանություն է: Բայց ոչ մի բուժում մենք չենք կարող իրականացնել մինչեւ չհայտնաբերենք «քաղցկեղի» ակունքը եւ չջախջախենք այն:

Այս օրերին դժվար է գրել այդ պատճառների մասին, որովհետեւ մարդիկ սովորաբար նախընտրում են ապրել իրենց հանգիստ գոտիներում, նույնիսկ եթե նման վերաբերմունքը աղետալի ավարտ ունենա: Մյուս կողմից, նրանք, ովքեր հիշում են այդ օրերի դեպքերը եւ ժամանակ առ ժամանակ փորձում են հիշատակել դրանց մասին, չարացած են միմյանց հանդեպ: Շատերը նախընտրում են մեղադրել ելույթ ունեցողներին, փոխանակ խոսելու բուն թեմայի շուրջ:

Չտեղեկացվածներն ու ապատեղակացվածները անմեղ են համարվում մինչեւ այն պահը, երբ որոշում են չառերեսվել պատմության հետ եւ չիմանալ փաստերը եկեղեցու պառակտման մասին, որ 1956-ին ցնցեց ամբողջ սփյուռքը: Այդ թվին էր, որ մեր նվիրապետական աթոռներից մեկըՙ Կիլիկիայի կաթողիկոսարանը զավթվեց քաղաքական մի կուսակցության կողմից եւ հակառակ հայոց եկեղեցու կանոնակարգին, հեզաբարո Զարեհ Փայասլյանն ընտրվեց կաթողիկոս:

Այդ օրերին հայոց եկեղեցում ավելի քան 50 եպիսկոպոս էր ծառայում: Ոչ ոք, բացի երկու հոգեւորկաններիցՙ Խորեն Բարոյանն ու Ղեւոնդ Չեպեյանը, չհամաձայնեց մասնակցել կաթողիկոսի օծմանը: Եվ որպեսզի պահպանվեր եկեղեցու կանոնակարգը, մի երրորդ եպիսկոպոս (Սեւերիոս անվամբ) հրավիրվեց ասորական եկեղեցուց:

Անհրաժեշտ չէ բոլոր փաստերն իմանալ այդ ժամանակվա իրադարձությունների վերաբերյալ, բայց եթե հետաքրքրվողները կարողանան պատասխանել գեթ մի հարցի, ապա զավթման օրինականությունը կարելի կլինի հաստատել: Հարցը հետեւյալն է. ինչո՞ւ էին լիբանանյան բանակի տանկերն ու զրահամեքենաները շրջափակել Անթիլիասի վանքը, եթե այնտեղ ժողովրդական ընտրություն էր անցկացվում: Դա ուրեմն քաղաքական զավթում էր, որ գալիս էր էլ ավելի խորացնելու 1930-ական թվականներից ԱՄՆ-ում սկսած եկեղեցական պառակտումը: Արդարեւ, 1933ին էր, որ եկեղեցու խորանի առաջ սպանվեց այդ ժամանակ թեմի առաջնորդ Ղեւոնդ արք. Դուրյանը, որովհետեւ չէր հետեւել այդ նույն կուսակցության հրահանգներին:

Այդ սպանությունը կազմակերպած կուսակցության համար, որեւէ մեկը որ խոսում է այսօր այդ իրադարձության մասին, շատ ավելի չարամիտ է, քան իրենքՙ սպանությունը կատարողները:

Նշված այս երկու իրադարձություններից հետո եկեղեցու պառակտումը ընդարձակվեց եւ շարունակվում է մինչեւ օրս:

Զավթումը իրականացրած քաղաքական կուսակցությունն իր արարքը արդարացնում էր պնդելով, որ Էջմիածնի Մայր աթոռը գտնվում է կոմունիստների իշխանության ներքո: Ուստի սփյուռքյան բոլոր եկեղեցիները, նրանց կարծիքով, պետք է ենթարկվեին Անթիլիասին, որն իր հերթին 1956-ից ի վեր գտնվում է ՀՅԴ-ի վերահսկողության ներքո:

Պառակտումը շարունակվում է նույնիսկ կոմունիզմի անկումից հետո: Թե ինչ պատճառաբանությամբ, հայտնի չէ: Պատասխանը հայտնի չէր նաեւ Գարեգին Ա կաթողիկոսին, որ թողնելով Անթիլիասը եկավ զբաղեցնելու Ս. Էջմիածնի գահը: Երբ տողերիս հեղինակը այցելեց Էջմիածին շնորհավորելու Նորին Գերազանցությանը կաթողիկոս ընտրվելու առթիվ, վերջինս անկեղծորեն խոստովանեց. «Ես առաջին շարքերում էի Էջմիածնի դեմ մղված այդ արշավի, բայց այդ ժամանակ Էջմիածինը գտնվում էր խորհրդային իշխանության ներքո: Հիմա ո՞րն է պատճառաբանությունը»:

Այս հռետորական հարցը դեռեւս պտտվում է օդում: Այդուհանդերձ, պատասխանը որեւէ անկողմնակալ հայի համար շատ հստակ է: Այդ հերձվածային եկեղեցին ՀՅԴ-ի համար ուժի, իշխանության հենակետ է ու նաեւ եկամուտի աղբյուր:

Եթե Մ. Նահանգներում եւ Կանադայում երկու մրցակից եկեղեցիներ ունենալը ճիշտ է, ապա ակնհայտ կլինի, որ իրոք կորցրել ենք եկեղեցու դերի եւ նշանակության հասկացությունը: Եվ եթե թեմերում ու ծխական խորհուրդներում հոգեւորականների նշանակումը քաղաքական կուսակցության ղեկավարների կողմից ճիշտ է, ապա խոսք չի կարող լինել եկեղեցու միասնության մասին:

Կարծես այս մտահոգությունը բավական չէր, հիմա էլ մի նոր արշավ է սկսվել ընդդեմ Ս. Էջմիածնի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Սա շատ հարմար միջոց է շեղելու համար ուշադրությունը եկեղեցու պառակտումից, որն սպառնալիք է դարձել: Որոշ աթեիստներ եւ կրոնական աղանդներ միացել են արշավին: Դժբախտաբար, երբ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ, նոր կառավարության արմատական թեւը խրախուսեց սրբապիղծ արշավը, մինչեւ ի վերջո հասկացավ, որ կաթողիկոսը թեմի կամ ծխական խորհրդի քահանա չէ, այլ հոգեւոր առաջնորդը բոլոր հայերի:

Կասկած չկա, որ եկեղեցին կարիք ունի բարեփոխությունների, բայց բարեփոխությունները պետք է տեղի ունենան ինչպես Էջմիածնում, այնպես էլ Անթիլիասում եւ աշխարհի բոլոր եկեղեցիներում: Այդ բարեփոխումները կարող են իրագործվել եկեղեցական եւ աշխարհիկ որակյալ մասնագետների կողմից, բայց ոչ շառլատանների, որոնք շատ ավելի բարձր են գոչում եւ ունեն կասկածելի նպատակներ:

Շատերն են համեմատում Նորին սրբություն Գարեգին Բ-ին Արամ Ա-ի հետ: Ոչ ոք հարցականի տակ չի դնում Անթիլիասի կաթողիկոսի առողջ բանականությունը, ճարտար հռետորաբանությունը եւ մեդիայի հետ վարվելու հմուտ կարողությունը: Էջմիածինը զուրկ է «Փի-առից» (PR) եւ Մայր աթոռի գործունեության վերաբերյալ բոլոր հայտարարությունները ավելի պաշտպանողական բնույթ են կրում, քան տեղեկատվական:

Տեղին չէ այստեղ համեմատելու եւ հակադրելու մեր երկու նվիրապետական կենտրոնները, բայց գուցե մեկ համեմատություն, այնուամենայնիվ, արժե կատարել: Երբ հինգ գիտական կամ կրոնական ստվարածավալ հատոր է հրատարակում Ս. Էջմիածինը, ոչ ոք չի իմանում այդ մասին, բայց երբ մեկ գիրք է հրատարակում Անթիլիասը, հասարակությունը մեծապես տպավորվում է, եւ Անթիլիասը դառնում է Հայոց աշխարհի ակադեմիական կենտրոնը:

ՍՍՀՄ-ի ղեկավարները ժամանակին հասկացան Սուրբ Էջմիածնի կարեւորությունն ու նշանակությունը եւ նրա խորհրդանշական հանգամանքը օգտագործեցին Խորհրդային Հայաստանի շուրջ համախմբելու սփյուռքահայությանը: Եթե ներկա կառավարությունը գիտակցի այս հասկացությունը, ապա իր առաջնահերթություններին անդրադառնալուց հետո, կարող է վերարժեւորել եւ վերագնահատել Սուրբ Էջմիածինը եւ նրա իշխանությունը օգտագործել իր օգտին, Հայաստանի շուրջ համախմբելով ամբողջ սփյուռքահայությանը:

Առայժմ Էջմիածնիը պաշտպանողական դիրքերում է: Գուցե հեգնական թվա, բայց Անթիլիասը այնքան էլ կարիքը չունի վերահսկողության, կամ արտաքին միջամտության: Բայց Էջմիածինը կարիքն ունի որոշակի ուղղորդության, կառավարության միջամտության: Եվ եթե մենք ճիշտ ըմբռնենք ասվածը, ապա կարիք չի լինի հարցնելու, թե ինչ է պատահել հայոց եկեղեցուն:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ