ՋԱՆԻ ԷՓՐԻԿՅԱՆ. «ՀՊԱՐՏ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՄԲ ՈՒ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ» ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Հայազգի իտալացի կոմպոզիտոր եւ դիրիժոր Ջանի Էփրիկյանը համագործակցել է երաժշտական բոլոր ժանրերի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Իր «Սրբազան երաժշտություն» ֆիրմայում իրականացրել է սեփական նվագախմբի կատարումների եւ գործիքավորումների ձայնագրությունները: 2015 եւ 2016 թվականներին Հոլիվուդում արժանացել է «Լոս Անջելեսի երաժշտական մրցանակաբաշխության» պարգեւներինՙ որպես «Տարվա միջազգային արվեստագետ» եւ գործիքային երաժշտության «Միջազգային երաժշտական արտադրիչ»: 2017-ին շահել է «Լաս Վեգասի լավագույնը» մրցանակըՙ գործիքային երաժշտության համար, իսկ դարձյալ Հոլիվուդում արժանացել է «ակնառու միջազգային դիրիժոր» պարգեւին: 2019 թվականին էլ պարգեւատրվել է «կինոերաժշտության մրցույթի» մրցանակովՙ սլովակյան «Ջուր Աֆրիկայի համար» կարճամետրաժ ֆիլմի երաժշտության համար: Ջանի Էփրիկյանը թոռն է բանասեր Սուքիաս-Հակոբ Էփրիկյանի (1873-1952): Վերջինս ծնունդով Ախալցխայից էր, եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ: Նրա « Պատկերազարդ բնաշխարհիկ բառարան» ծավալուն ուսումնասիրությունը շարունակում է մնալ հայագիտության կարեւոր բառարաններից մեկը: Նա հեռացել է միաբանությունիցՙ սիրահարվելով եւ ամուսնանալով իտալուհի Լաուրա Ձասոյի հետ: Վերջինիս պապըՙ նկարիչ Ջուլիանո Ձասոն (1833-1889), Մխիթարյանների պատվերով ստեղծել է որոշ նկարներ հայ դիցաբանության թեմաներով: Ընտանիք կազմելովՙ Սուքիաս-Հակոբը (Ջակոմոն) ապրել է մեկուսացած կյանքով Տրեւիզո քաղաքում, որտեղ աշխատել է տպարանում: Եվ եթե նրաՙ միաբանությունը լքելու պատճառով տուժել է հայագիտությունը, ապա շահել է իտալական մշակույթը: Նրա միակ զավակն է իտալահայ ականավոր երաժշտագետ, կոմպոզիտոր եւ ջութակահար Անջելո-Վահան Էֆրիկյանը (1913-1982), որն էլ իր հերթին իտալական արվեստին է պարգեւել կոմպոզիտոր-դիրիժոր Ջանի Էփրիկյանին (որը նախընտրում է գործածել պապի ազգանվան գրելաձեւը) եւ կինոդերասանուհի, գրող Լաուրա Էֆրիկյանին (ժամանակինՙ իտալական էստրադայի աստղ Ջանի Մորանդիի կինը)... - Հարգելի Ջանի, ինձ համար տպավորիչ էր համացանցում լսել ձեր երաժշտությունըՙ անկախ ձեր հայկական ազգանունից: Դժվար չէ՞ որպես կոմպոզիտոր կայանալ մի այնպիսի երաժշտական երկրում, ինչպիսին Իտալիան է: - Այժմ բավական դժվար է որոշակի տիպի երաժշտությամբ ինքնահաստատվելն ինչպես Իտալիայում, այնպես էլ այլ երկրներում: Պատճառները տարբեր են, որոնցից ամենակարեւորը երաժիշտներիՙ մեծ տարածքներով ցրված եւ մասնատված լինելն է: Բացի այդ, նման երաժշտություն ստեղծելու համար անհրաժեշտ է մեծ, հետեւաբար` անկայուն ծախսերով նվագախումբ: Բարեբախտաբար, թվային գրադարանների տեխնոլոգիայի շնորհիվ, այսօր հնարավոր է երաժշտություն գրել ձայնային եւ դինամիկ գերազանց մակարդակով: - Երկար ժամանակ շատ երաժիշտներ եւ երաժշտագետներ ահազանգում են դասական երաժշտության ճգնաժամի մասին: Ձեր կարծիքով, որքանո՞վ են նրանք ճիշտ: - Սա մի խնդիր է, որն, ինչպես նշեցիք, գոյություն ունի երկար ժամանակ, բայց ինձ թվում է, որ ամբողջ աշխարհում առկա է լայն հասարակության աճող հետաքրքրություն «դասական երաժշտության» եւ «ժամանակակից դասական երաժշտության» հանդեպ: - 21-րդ դարում շարունակում են օպերաներ գրել: Դուք եւս բացառություն չեք: Նկատի ունեմ ձեր վերջին նախագծերից «Ութերորդ օրը» օպերան... - Այն «ժամանակակից օպերա» է, որի վրա ես շարունակում եմ աշխատել: Կազմում ընդգրկված են ասմունքող դերասան, սիմֆոնիկ նվագախումբ, փոքր ռոք խումբ, երգչախումբ եւ բալետ: Թեման մարդու ուղին էՙ սկզբից ի վեր, եւ այն վնասը, որը նա հասցրել է երկրագնդին սոցիալապես եւ էկոլոգիապեսՙ իր միակ նպատակն ունենալով շահույթն ու ուժըՙ այդպիսով մարդկությանը մոտեցնելով անդառնալի աղետին: Սակայն ավարտին փրկություն է հասնում ողջ մարդկությանը: Ես երեք տարի աշխատել եմ այս նախագծի վրա, հիմա գրեթե ավարտում եմ: Լինելով շատ թանկ արտադրությունՙ մնում է հիմա գտնել մի արտադրիչի, որը այն բեմ կբարձրացնի: - Կարո՞ղ ենք ասել, որ ձեր երաժշտական ձիրքերը ժառանգել եք ձեր հորիցՙ Անջելո Էֆրիկյանից, որն առավել հայտնի է Վիվալդիի երաժշտական ժառանգության վերահայտնաբերմամբ: - Այո, պետք է ասեմ, որ հայրսՙ Անջելո Էֆրիկյանը, իմ ամենամեծ ուսուցիչն էր կյանքում եւ երաժշտության մեջ: Ցավոք, նա շատ վաղ մահացավ, երբ ինձ ամենից շատ էր անհրաժեշտ իր ներկայությունը: Երբ երեխա էի, նա աշխատում էր Վիվալդիի վերահայտնաբերման ծրագրի վրա, եւ ես մեծացաՙ ընկղմված բարոկկո ու դրանից հետո ստեղծված երաժշտության մեջ: Դաշնամուր եւ երաժշտության տեսություն սովորելուց հետո ես բավականին ուսումնասիրել եմ հարմոնիա ու կոմպոզիցիա (ոչ կոնսերվատորիայում) եւ սկսել եմ նվագախմբի համար գրել յոթանասունականների սկզբից: - Որքան գիտեմ, ձեր լրիվ անունը Ջան Կլաուդիո Վարդան է: Ենթադրում եմ, որ ձեր պապը` Սուքիաս-Հակոբ Էփրիկյանն է թոռներին կնքել հայկական անուններով... - Ճիշտ այդպես, պապս էր, որն ինձ համար ընտրեց Վարդան, իսկ իմ քույր Լաուրայի համարՙ Գայանե անունները: Հորս հայկական անունն էլ Վահան էր: Իսկ մայրս վենետուհի էրՙ Բրունա անունով: - Ես կարդացել եմ, որ Սուքիաս Էփրիկյանը ձերբակալվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գաղափար ունե՞ք, թե ինչու: - Պատերազմի ժամանակ հայրս եւ մայրս լեռներում պարտիզան էին, իսկ հորս անունն այն մարդկանց ցուցակում էր, որոնք պիտի գնդակահարվեին ֆաշիստների կողմից: Երբ ոստիկանները եկել են տունՙ հորս ետեւից, չեն գտել նրան ու ձերբակալել են Հակոբ պապիս, որը, սակայն, մի քանի օր անց ազատվել է: - Երբ 1949 թվականին Անջելո Էֆրիկյանն իր առաջին համերգներն է ունեցել Միլանում, տեղի հայ համայնքը նրա պատվին թեյասեղան է կազմակերպել, որի ընթացքում նա ասել է, որ հպարտ է իր ծագմամբՙ լինելով արդեն կես հայ: Իսկ նրա քառորդ հայ որդի՞ն: - Այսօր թե իմ քույրը, թե ես հպարտ ենք մեր հայկական ծագմամբ ու մեր անուններով: Դժբախտաբար, պապս չցանկացավ հայրիկիս սովորեցնել հայոց լեզուն, քանի որ նա ուզում էր, որ իր որդին Իտալիայում իրեն զգա ոչ թե գաղթական, այլ իտալացիՙ միաժամանակ երբեք չժխտելով իր ծագումը: Այդ իսկ պատճառով մենքՙ իր թոռները, երբեք չկարողացանք սովորել հայոց լեզուն: - Ծանո՞թ եք հայ երաժշտությանը: - Այն, ընդհանուր առմամբ, գեղեցիկ երաժշտություն էՙ լի պաթոսով ու խորհրդով, հիանալի, վառ հնչյուններով: - Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Հիանալի կլինի ձեզ հյուրընկալելՙ ձեր ստեղծագործությունների համերգով ... - Ես շատ ուրախ կլինեմ հնարավորինս շուտ գալ Հայաստան եւ ներկայացնել իմ երաժշտությունը: Երկու-երեք տարի առաջ ես գրել եմ «Հիշատակի օրը» երաժշտական գործըՙ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Իրականում մտադիր էի հենց այս տարի էլ գալ Հայաստան, ինչը հուսով եմ անել այս սարսափելի համավարակի ավարտից անմիջապես հետո... Նկար 1. Ջանի Էփրիկյան Նկար 2. Սուքիաս Էփրիկյան եւ Լաուրա Ձասսո |