RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 19-06-2020



Տեղադրվել է` 2020-07-22 19:50:05 (GMT +04:00)


Ընթերցված է` 455, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱ-ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ա. Բ.

Ամերիկացի արտադրիչ, երաժիշտ Օհադ Վիլները եւ կինոխմբագիր Սթյուարթ Շեւինը մեծացել են հրեական ընտանիքներումՙ երբեք չմոռանալով Հոլոքոսթը, սակայն ոչ մի տեղեկություն չեն ունեցել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին: Այդ թեմայով նրանց ձեռք բերած գիտելիքները հանգեցրել են ամերիկահայ երգահան Դեն Եսյանի հետ համագործակցության:

Բրիտանիայի մեծագույն հրեական «Ջյուիշ նյուզ» («Հրեական նորություններ») պարբերականի հունիսի 10-ի համարում լույս տեսած Սյուզան Չեսլերի «Երաժշտությունը հույզեր է արթնացնում Հայոց ցեղասպանությունից» հոդվածում նշվում է, որ այդ համագործակցության առիթը Եսյանի «Հայկական եռերգություն. կենդանի կատարմամբ Երեւանում» եռամաս դասական ստեղծագործությունն է, որը 2017-ին Երեւանում կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբըՙ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Սա իմ ամենալուրջ երաժշտական նախագիծն է»,- ասում է Եսյանը: Ստեղծագործության առաջին մասըՙ «Ազատությունը», ներկայացնում է ավելի երջանիկ ժամանակների տրամադրությունը` նախքան վայրագությունները սկսելը: Երկրորդ մասըՙ «Վախը», ընդգրկում է արշավող զինվորականների տագնապալի ռիթմեր, իսկ երրորդըՙ «Հավատը», քննում է կրոնական կասկածների զգացումըՙ նախքան դեպի ապագայի հույսի զգացողություն տեղափոխվելը:

Միլֆորդի (Քոնեքթիքութ) բնակիչ Եսյանը ընդհանուր առմամբ երաժշտություն է մշակում հեռուստատեսային շոուների, գովազդի, զվարճանքի վայրերի եւ խաղային պլատֆորմերի համար, տնօրինում է իր անունը կրող ընկերություն, որը գրասենյակներ ունի Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Համբուրգում (Գերմանիա): Եսյանի բազում հաճախորդների թվում են «Ֆորդ մոթոր» ընկերությունը, «Դիսնեյը» եւ «Ինթելը»:

«Հայկական եռերգությունը» ստեղծելու առաջարկով նրան դիմել է իր հաճախած Սաութֆիլդ եկեղեցու առաջնորդըՙ Ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Այդ ստեղծագործությունը դարձել է նույնանուն վավերագրության առանցքը, որը նախաձեռնել են վերոհիշյալ Վիլները եւ Շեւինը: Ֆիլմը ներկայացնում է Եսյանիՙ այդ երաժշտության ստեղծման ուղին, նա եւ կինըՙ Քեթին, պատմում են այդ երկի ստեղծման մասին, ներկայացված են նաեւ պատմական տեղեկատվություն Ցեղասպանության վերաբերյալ եւ արխիվային կադրեր:

«Հայկական եռերգություն» վավերագրական ֆիլմը հասանելի է Amazon կայքում: «Հայկական եռերգություն. կենդանի կատարմամբ Երեւանում» եռամաս դասական կոմպոզիցիան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հասանելի է iTunes, Spotify եւ Amazon կայքերում: Երաժշտության վերաբերյալ այլեւայլ տեղեկություններ կարելի է գտնել armeniantrilogy.com կայքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 19-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ