ԵՐԿԸՆՏՐԱՆՔ. ՍՈ՞ՎԸ, ԹԵ՞ ՎԱՐԱԿԸ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Մեր պետությունն ու ժողովուրդը կանգնած են ծանր երկընտրանքի առաջՙ նորի՞ց անցնել կարանտինի, եւս մեկ հարված հասցնելով տնտեսությանն ու բնակչության սոցիալական վիճակին, թե՞ չընդհատել տնտեսական գործունեությունըՙ ակամայից մասնակիցը դառնալով մեր հազարավոր հայրենակիցների վարակմանը եւ հարյուրավորների մահվանը: Կորոնավիրուսը առավել ակնառու դարձրեց ներկայիս իշխանության մոտ կառավարման ունակությունների բացակայությունը: Սակայն, անգամ այդ կացությունից կառավարությանն ու նրա ղեկավարը դասեր չեն քաղում: Համակարգված, մասնագիտորեն հիմնավորված եւ հասարակական համերաշխության մթնոլորտում վտանգավոր վարակի դեմ պայքար տանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղադրել բոլորինՙ նախկիններին, ընդդիմությանը, այլ երկրներին եւ ի վերջո ամբողջ ժողովրդին: Մինչդեռ, հարկ է վերջնականապես ամրագրել, որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն անլուրջ մոտեցում է ցուցաբերել կորոնավիրուսի նկատմամբ, այլ նպաստել է դրա տարածմանը: Այս առումով մենք իսկապես բացառիկ ենք եւ աննախադեպ: Նիկոլ Փաշինյանի, Արսեն Թորոսյանի եւ մյուսների անլուրջ, մեկը մյուսին հակասող արտահայտությունները բազմիցս ենք լսել եւ գործողություններին բազմիցս ականատես եղել: Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-փետրվարից մեր անմիջական հարեւան Իրանում համաճարակի ուժեղ բռնկում արձանագրվեց: Նույնը նաեւ Իտալայում, որտեղ էժան ավիաընկերության միջոցով 50 եվրոյով գնալը Նիկոլ Փաշինյանի համար բնակչության սոցիալական վիճակի բարելավման «հիմնավորումն» էր: Հենց այդ երկրներից պետք էր կանխել վարակակիրների մուտքը մեր երկիր: Դա չկատարվեց: Իրանի հետ սահմանը փակվեց ուշացումով, իսկ դեպի Իտալիա չվերթերն այդպես էլ չփակվեցին, մինչեւ ավիաընկերությունը չդադարեցրեց դրանք: Արդյունքում, մենք 50 եվրոյով Հռոմ գնալու փոխարեն, «50 եվրոներով» կորոնավիրուս ներմուծեցինք Հայաստան: Սա իշխանության անլրջությունն էր: Ինչ վերաբերում է վարակի տարածմանը, ապա դրան նպաստում էին մինչեւ մարտ ամսվա կեսերը Հայաստանի հարավից սկսված ՍԴ կազմից ազատվելու հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքները: Այն ժամանակ, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն էր տարածել մարդաշատ միջոցառումներ թույլ չտալու անհրաժեշտության մասին, Հայաստանի իշխանությունը փաստորեն անում էր տրամագծորեն հակառակը: Մի խոսքով, անտեսելով սեփական ժողովրդի կյանքի ու առողջության, երկրի տնտեսական վիճակին եւ առողջապահական համակարգին սպառնացող վտանգները, վարչապետ Փաշինյանը իր տարերքի մեջ հանրահավաքներ էր անումՙ նպաստելով վիրուսի տարածմանը: Բոլոր զգուշացումներն ու հորդորները, անհապաղ միջոցառումներ սկսելու առաջարկները չազդեցին նրա վրա : Եվ ահա հիմա, Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսը համեմատում է պատերազմի հետ եւ պահանջում, որ իրեն չքննադատեն, իսկ քննադատողերին անվանում է դավաճաններ: Այս անհեթեթ մոտեցման մեջ նրան պաշտպանում են բացառապես նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներ, այսպես կոչվածՙ սորոսական շրջանակները, այդ թվում իրեն անկախ հայտարարող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերոնշյալներից ոչ ոք բնականաբար, ոչինչ չի ասում տասնյակ հազարավոր հիվանդների, առողջապահական համակարգը կոլափսի հասցնելու, հարյուրավոր մահերի եւ այս ամենի մեջ իշխանության մեղավորության մասին: Իրավիճակ, որը մեզ հասցրել է հոդվածի սկզբում նշվածՙ կրկին անցնել կարանտինի, թե՞ շարունակել տնտեսական արդեն իսկ խաթարված գործունեությանը երկընտրանքին: Ո՞րն է ելքն այս վիճակում: Եթե երկիրը վերադառնա այս տարվա մարտ-մայիսի տնտեսական գործունեության տեսակների սահմանափակմանը, ապա դա եւս մեկ ուժգին հարված կլինի տնտեսությանը եւ հատկապես մարդկանց սոցիալական վիճակին: Կարանտինի ժամանակ պարապուրդի մատնված մարդիկ կորցրեցին եկամուտներ, այդ ընթացքում ծախսելով իրենց ունեցած խնայողությունները: Մյուսներն էլ ընկան պարտքերի մեջ: Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերը պարզապես խորհրդանշական էին: Եթե հիմա վերստին անցնենք կարանտինի եւ չաշխատենք, ապա անգամ այդ աննշան միջոցները, որ ստացավ բնակչության մի մասը, չեն լինելու: Այսինքն, նոր կարանտինը մեզ կկանգնեցնի սոցիալական աղետի առջեւ: Մյուս կողմից էլ շարունակել ներկայիս կացությունը, նշանակում է թույլ տալ ամեն օր հարյուրավոր մարդկանց վարակվել եւ ամեն օր մահեր ունենալ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գլորվող ձնագնդիի հետեւից գնացող իշխանությունը ոչ միայն չի հասնում նրան, այլեւ ընդհանրապես չի տեսնում, թե այն որտեղ է հայտնվել: Բնակչությունը այլեւս չի վստահում վարչապետ Փաշինյանի հակասական խոսքերին ու գործողություններին: Հետեւաբար, իրավիճակը հսկողության տակ վերցնելու նրա ուշացած եւ կիսատ-պռատ քայլերը արդյունք չեն տալիս եւ չեն տալու: Այս պահին Հայաստանի Հանրապետության բնակչությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ պետական հոգածություն որպես այդպիսին գոյություն չունի, երբ մարդիկ մահանում են այն պատճառով, որ հիվանդանոցների վերակենդանացման բաժինները տեղ չունենալու պատճառով չեն կարողանում ընդունել նրանց: Եվս մեկ անգամ կարանտինի մեջ հայտնվելով էլ, մարդկանց մոտ առաջանալու է «ինչ տարբերությունՙ սովից, թե՞ կորոնավիրուսից կմահանանք» հարցը: Մեզ բոլորիս մնում է ապավինել մեր ինքնակազմակերպվածությանը, հոգ տանել թե մեր, թե մեր շրջապատի առողջությանն ու անվտանգությանը, կատարել մասնագետների խորհուրդներըՙ անհրաժեշտ հեռավորություն միմյանց պահելու, դիմակ կրելու, ախտահանումն իրականացնելու ուղղությամբ եւ պատասխանատվություն կրել կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար: Այսինքն, անել այն, ինչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը, երբ պետական համակարգված գործողություններ չկան, երբ բացի դիմակ կրելու արդեն ձանձալի դարձած եւ հակառակ ազդեցությունը թողնող քարոզից, ոչինչ չի արվում նոր հիվանդանոցային տեղեր բացելու, զանգվածային տեստավորման, տեղային սահմանափակող միջոցառումների եւ կանխարգելման առողջապահական գործողությունների, արտերկրից առաջարկվող օգնությանը արձագանքելու, հիվանդության դեմ պայքարի համար ստացվող միջոցների արդյունավետության եւ դրանք յուրայինների միջեւ բաշխում թույլ չտալու եւ բազմաթիվ այլ ուղղություններով: Պետք է փորձել գոյատեւել: |