ՍԵՎԱՆԱ ԼԻՃՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՆԱՉԵԼՈՒ Է. ՉԹՈՒՆԱՎՈՐԵՔ Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս «Ազգ» շաբաթաթերթի ընթերցողն անշուշտ անցյալ տարվա այս շրջանում նկատել է, որ հանդես եմ եկել հոդվածաշարով` նվիրված Սեւանա լճի հիմնախնդիրներին: Այդ ընթացքում առաջարկել եմ բազմաթիվ խնդիրների լուծումներ` միաժամանակ առաջադրելով հարցեր եւ ակնկալելով դրանց պատասխանները: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ լճի ջուրը կապտականաչ գույն ստացավ, որն էլ շատերի մոտ կարծիք ստեղծեց, թե այն թունավոր է եւ կարող է վնասակար լինել մարդու առողջության համար: Միանշանակ, մամռակալած ջուրը երբեք չի կարող օգտակար լինել մարդու համար, բայց վնասել էլ չի կարող, գոնե Սեւանի պարագայում: Ցավոք սրտի, մի շարք լրատվամիջոցներ, հրապարակելով ու համակցելով բոլորովին այլ վայրերում եւ այլ ժամանակահատվածներում արված կադրեր, պնդեցին, որ լճից ջուր խմելուց հետո խոշոր եղջերավորների անկում է նկատվել, ավելի ուշ ոմանք էլ պնդեցին, որ լողացող մարդիկ են թունավորվել: Իրականում ոչ մարդիկ էին թունավորվել, ոչ էլ անասունների անկում էր նկատվել, պարզապես, ելնելով բացառապես գովազդային շահերից, այդ կայքերը տարածեցին բացահայտ սուտ տեղեկությունները, որոնց պատճառով, ինչպես արդեն գիտենք, Սեւանի ավազանն անցյալ տարի, այցելությունների առումով, գրանցեց ցածր մակարդակ: Բնակաբար, այդ ամենի ընթացքում տուժել են Հայաստանի Հանրապետությունը եւ այնտեղ բնակվող հայը, իսկ մեդալիոնի հակառակ կողմում շահեցին Վրաստանն ու վրացին, Թուրքիան ու թուրքը: Թե որ լրատվամիջոցները ջուր լցրեցին Վրաստանի, առավել եւս մեր կենսաբանական թշնամի Թուրքիայի ջրաղացին, գաղտնիք չէ, բայց նրանց անունները տալ անգամ չեմ ցանկանում, քամի է, կանցնի: Հիմա, մեկ տարի անց, քանի դեռ լճի գույնը կապույտ է, հայտնում եմ եւ պնդում, որ այս տարի այն նույնպես կանաչելու է, միաժամանակ պնդում եմ նաեւ, որ որքան էլ որոշ լրատվամիջոցներ փորձեն հակառակը պնդել, այս տարի նմանապես չի գրանցվելու լճի ջուրը խմած անասունների անկում, տեղում լողացող մարդիկ էլ չեն թունավորվելու: Լճի հիմնախնդիրները շատ են, դրանց չլուծման պատճառները` նմանապես: Ազգային ժողովում տեղի ունեցած բազմաթիվ քննարկումներն այդպես էլ արդյունք չտվեցին, որովհետեւ հավկիթի ախորժակ ունեցող տասնյակ պատգամավորներ, ծիկրակելով հավի հետույքից, աղերսաբար նայում էին աքլորին. ի՞նչ աներ խեղճը, ոչ ձու կարող էր տալ, ոչ էլ... ֆերման զարգացնել: Հավաբանար, այս տարի նույնպես կլինեն նմանատիպ, ժամանակավրեպ եւ պահի ազդեցության տակ արվող խորհրդաժողովներ, որոնք միագամից մոռացվում են դռներից այն կողմ: Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է հստակ պահանջ, գերխնդիր դնի իր առջեւ` մեկ-երկու տարում լուծել լճի հիմնախնդիրը: Այդ ընթացքում, բնականաբար եւ ցավոք, տհաճ հարցեր կտրվեն Սեւան ազգային պարկի ներկա ու նախկին աշխատակիցներից շատ շատերին: Նրանք, իհարկե, իրենց երկար միայնակ չեն զգա, բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցներից ոմանք սիրով կկիսեն նրանց մենությունը: Հ.Գ. Մշտապես մտահոգ լինելով Հայաստանի բնական հարստություններով ու ռեսուրսներով, «Ազգն» այս տարի նույնպես կջանա հնարավորինս հավաստի եւ ստույգ տեղեկություններ հաղորդել լճի էկոլոգիական վիճակի հետագա զարգացումների մասին, մանավանդ որ տողերիս հեղինակն այս ամռանը, երկրում տիրող իրավիճակի բերումով, գտնվում եւ գտնվելու է լճամերձ գյուղերից մեկում եւ տողերը շարադրելու է` լճի հայելուն նայելով: |