ՋՈՐՋ ՏՈԴՈՐՈՎԻՉ. ԱՌԱՋԻՆ ՍԵՐԲԱՀԱՅԸՙ ՍԵՐԲԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա Հունիսի 21-ին Սերբիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում իշխողՙ Սերբիայի առաջադիմական կուսակցության (SNS) ընտրացուցակով պատգամավոր է ընտրվել հայկական ծագումով 29-ամյա Ջորջ Տոդորովիչը: Չնայած երիտասարդ տարիքին, նա նախագահ Ալեքսանդր Վուչիչի գլխավորած կուսակցության ընտրացուցակում գրանցված էր 6-րդ համարի ներքո: 250 պատգամավորներից բաղկացած խորհդարանում առաջադիմականները կզբաղեցնեն 189 տեղ, կամ նախնական տվյալներով` գրեթե 65 տոկոսը: Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի նվազումից հետո Եվրոպայում առաջին ընտրություններն անցկացվեցին Սերբիայում: Ջորջի հայրը սերբ է, մայրըՙ հայուհի, Կամիլա Մուրադյանը, որ 1990թ ամունասցել է եւ Երեւանից տեղափոխվել է Բելգրադ: Նա իր երեք զավակներին տվել է հայեցի դաստիարակություն: Ջորջը խոսում է նաեւ հայերեն: Ինչպես անցյալ տարի ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում նշեց Ջորջը, գերազանցությամբ ավարտել է թե՛ դպրոցը, եւ թե՛ Բելգրադի համալսարանը, ապա դիվանագիտական ակադեմիան: Արդեն իսկ աշխատում է Սերբիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների բաժնում, եւ ամեն կերպ աջակցում է Հայաստանի եւ Սերբիայի հարաբերությունների զարգացմանը: Մասնագիտացել է նաեւ Եվրոպայի խորհրդի հարցերով: Նա երբեք չի թաքցրել իր հայկական ծագումը, եւ միշտ խորհրդարանում շեշտել է, որ ինքը հայ է: «Երբ ավարտեցի դիվանագիտական ակադեմիան, ցանկությունս էր, որ նվիրվեմ հայ-սերբական հարաբերություններին, իսկ մինչ այդ ցանկանում եմ բարձրանալ սերբական քաղաքականության մեջ, որպեսզի օգնեմ Հայաստանին,- նշել էր մեզ հետ զրույցում Ջորջը: Նա ցավով է փաստում, որ սերբական քաղաքականության մեջ մեծ է Ադրբեջանի ազդեցությունը, քանի որ այդ երկիրը փողոցներ ու ճանապարհներ է կառուցում Բելգրադում: Առջեւում խորհրդարանական գործունեության նոր փուլ է սկսվումՙ արդեն պատգամավորի կարգավիճակում: Կասկած չկա, որ նա լավագույնս իրեն կդրսեւորի նաեւ այստեղ, քանի որ լուսավոր, խելացի եւ հայրենասեր անհատ է: Շնորհավորում ենք եւ մաղթում բեղուն գործունեություն: |