RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020



Տեղադրվել է` 2020-07-23 00:15:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 632, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՍՄԱՆՅԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԵՐԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ, Armenian Mirror-Spectator, Անգլ. թարգմ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

Մինչ Հայաստանի բնակչությունը ճգնաժամի մեջ մեկ ուրիշ ճգնաժամ է ապրում, ինչը նշանակում է քաղաքական անկայունություն կորոնավիրուսի համավարակի ժամանակ, Լիբանանում հայերը բախվում են եռակի ճգնաժամիՙ համավարակի ընթացքում տնտեսական խոցելիություն ի հավելումն թուրքական տարրերի հետ հակամարտության:

Հունիսի 11-ին Բեյրութի մահմեդական թաղամասում կազմակերպվեց ցույց հայերի դեմ ուղղված կարգախոսներովՙ թուրքական եւ լիբանանյան դրոշների ուղեկցությամբ: Դա անսպասելի պոռթկում էր հայերի դեմ, թեեւ վաղուց ենթադրելի էր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների առումով:

Նախորդ դարավերջին Ցեղասպանությունից հետո Լիբանանում ընդունեցին հայերին, քանի որ երկրի բնիկ ժողովուրդըՙ մահմեդական թե քրիստոնյա, նույնպես Օսմանյան կայսրության դաժան տիրապետության տակ էր եղել մոտ 400 տարի:

Մինչ հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները Ստամբուլում կախաղանի վրա կորցրին իրենց կյանքը, Դամասկոսի եւ Բեյրութի մտավորական վերնախավը արժանացավ նույն ճակատագրին: Մինչեւ օրս Բեյրութի գլխավոր հրապարակը կոչվում է Նահատակների հրապարակ, որտեղ այն ժամանակվա Մեծ Սիրիայի մտավորականները կախաղան էին հանվել 1915 թվականին: (Ի դեպ, Լիբանանի Օսմանյան վերջին կառավարիչը ծագումով հայ էրՙ Հովհաննես Կույումջյան անունով):

Ուստի լիբանանցիների եւ հայերի միջեւ առկա էր փոխըմբռնում, երբ վերջիններս նշեցին իրենց նահատակների հիշատակը: Ապրիլի 24-ի հիշատակումների ընթացքում ամբողջ երկիրը նույնիսկ փակվել է ի համերաշխություն հայ համայնքի հետ: Դա շարունակվեց մինչեւ անցյալ տարի, երբ ամենամյա հիշատակի երեկոն բախվեց թշնամական հակացույցերի, որոնք անցկացնում էին սուննի ծայրահեղական հոգեւորականները Բեյրութի թուրքական դեսպանատան հրահրմամբ:

Հայերը սկզբնական շրջանում բնակություն հաստատեցին Լիբանանի հյուղավաններում եւ ժամանակի ընթացքում դարձան երկրի առավել բարեկեցիկ համայնքներից մեկը: Հայերը Լիբանանին վերադարձրին այնքան, որքան ստացել էին, քանի որ նրանք տեղի առավել աշխատասեր համայնքներից մեկն էին մասնագիտությունների, կրթության, արվեստի, ձեռներեցության մեջ եւ այլն: Այսպիսով նրանք զբաղեցրին իրենց օրինական տեղը լիբանանյան հասարակության մեջ:

Ի դեպ, լիբանանահայությունը, մանրակրկիտ մշակված կրթական համակարգի շնորհիվ, մանկավարժներ, հոգեւորականներ, հրատարակիչներ, գրողներ եւ քաղաքական առաջնորդներ արտահանեց աշխարհի հայ համայնքներ:

Վերջապես, հայերը ներգրավվեցին Լիբանանի քաղաքկան գործընթացների մեջ, ի տարբերություն շատ ուրիշ երկրների, որովհետեւ լիբանանյան համակարգը հիմնված է քաղաքական ուժի միջդավանանքային բաշխման վրա: Խորհրդարանում ներկայացված է 18 կրոնական խմբակցություն: Այսօր կան վեց հայ խորհրդարանականներ եւ կառավարության մեկ հայ նախարար:

Վերջին երեք տասնամյակերի ընթացքում քաղաքական ցնցումները բազմաթիվ հայերի ստիպեցին արտագաղթել Եվրոպա, Ամերիկա, Ավստրալիա, որի հետեւանքով կրթական համակարգը տուժեց եւ սոցիալական կյանքը վատթարացավ: Ահա թե ինչպես համայնքն ավելի խոցելի դարձավ:

Մի ժամանակ Լիբանանը համարվում էր Մերձավոր Արեւելքի զարդը, իր գեղեցկությամբ եւ աշխույժ ու կենսասեր հասարակությամբ, բանկային համակարգով, գերազատ գործարար մթնոլորտով եւ այլն: Բայց երկու քաղաքացիական պատերազմները եւ քաղաքական խժդժությունները անկայունացրին ամբողջ երկիրը, որը քաղաքականապես եւ սոցիալապես կազմալուծվեց: Երկար ժամանակ Լիբանանը ծառայում էր որպես մերձավորարեւելյան բոլոր քաղաքական հակամարտությունների միջնորդ: Տարածաշրջանային եւ համաշխարհային տերությունների մեծ մասը փորձում էր այնտեղ լուծել սեփական խնդիրները:

Այս բոլոր փոխակերպումները տեղի ունեցան, քանի որ խոշոր տերությունները փորձեցին որոշակի քաղաքականություն պարտադրել Լիբանանին: Դարեր շարունակ, չնայած ժողովրդագրական տեսանելի սահմանազատումներին, ոչ անպայման կրոնական պատճառներով, խոշոր տերությունները օգտագործում էին կրոնական հակասությունները, որպեսզի ուժային դաշինքները հանեն միմյանց դեմ, եւ դա իր արտացոլումն էր գտնում Լիբանանում:

Սուննիների կրոնական վերածնունդը խրախուսվում էր հակադրվել շիա Իրանինՙ Լիբանանում գործող «Հզբոլլահ» հզոր խմբավորման մայր երկրին: ԱՄՆ-ի կողմից ստեղծվեց արհեստական սուննի դաշինք, որը փորձում էր արաբներին համոզել, որ թշնամին Իրանն է, մինչդեռ իրականում պաղեստինցի արաբները տառապում էին իսրայելական օկուպացումից:

Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները Իրանը զսպելու նպատակով մեկ դաշինք էին կազմել Սաուդյան Արաբիայի դժկամ ղեկավարության ներքո: ԱՄՆ-ը փորձեց Սաուդյան Արաբիային պարտադրել փոխադարձ բացառիկության քաղաքականություն, որը դատապարտված էր ձախողման, քանի որ հենց սկզբից Ռիադին հանձնարարվեց ղեկավարել սուննի դաշինքը, իսկ մյուս կողմից դա համապատասխանում էր Իսրայելի շահերին: Այդուհանդերձ պաղեստինցիներին սաուդցիների տնտեսական ու քաղաքական նվազող աջակցությունը վերջիններիս որպես սուննի առաջնորդ որակազրկեց հասարակ արաբ ժողովրդի աչքին: Ահա թե որտեղ ու երբ էր, որ Թուրքիան միջամտեց:

Թուրքիայի օսմանյան նկրտումները իրական նախագիծ եւ սպառնալիք են հարեւան երկրների համար: Թուրքիան միշտ անհրաժեշտ չարիքի դեր է խաղացել ՆԱՏՕ-ի համար: Հենց որ ծագում էին չարանենգ ծրագրեր, դրանց իրականացումը հանձնարարվում էր Անկարային: Դրա դիմաց Արեւմուտքը շռայլորեն վարձատրում էր Թուրքիային տնտեսական արտոնություններով եւ ռազմական տեխնիկայով: Ահա թե ինչպես ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան ունեցավ երկրորդ խոշորագույն բանակըՙ միաժամանակ ձեւացնելով, թե իրականացնում է ՆԱՏՕ-ի առաքելությունները: Իրականում Թուրքիան միտված է եղել միայն իր քաղաքական օրակարգի իրականացմանը: Այսօր նա հասել է մի կետի, երբ կարող է մարտահրավեր նետել իր դաշնակիցներին, այդ թվումՙ ԱՄՆ-ին: Թուրքիան ռազմակայաններ ունի Սոմալիում, Քաթարում եւ Լիբիայում եւ անցանկալի հյուր է Կիպրոսում, Իրանում եւ Սիրիայում:

Քանի որ Սաուդյան Արաբիան չկարողացավ ստանձնել սուննի աշխարհի ղեկավարությունը, Թուրքիան պայքարում է այդ տեղը զբաղեցնելու համար: Նա աջակցում է պաղեստինցիների մոռացված գործինՙ երբեմն վիճաբանության մեջ մտնելով Իսրայելի հետ եւ միեւնույն ժամանակ հանգիստ շարունակելով իր ռազմական եւ տնտեսկան համագործակցությունը: Թուրքիայի հակաիսրայելական հռետորաբանությունը իրական խնդիր կդառնա լոկ այն ժամանակ, երբ Իսրայելը որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիան Լիբանան է թափանցել իր հեռուստածրագրերի, լրատվամիջոցների եւ սոցիալական ծառայությունների միջոցով: Նա ընդօրինակել է Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, որը լայն ցանց էր զարգացրելՙ կարիքավորներին տրամադրելով միջոցներ, դեղորայք, կրթություն եւ այլ սոցիալական ծառայություններ: Նույն մեթոդները կիրառելովՙ Թուրքիան վերահսկողություն է հաստատել Լիբանանի հյուսիսում, մասնավորապես Տրիպոլիում, որտեղից տարածում է իր շոշափուկներն ամբողջ երկրում:

Թուրքիան Իսրայելի եւ սուննի աշխարհի հետ մեկտեղ ընդհանուր նպատակ ունիՙ Լիբանանում պայքարել «Հզբոլլահի» դեմ: «Հզբոլլահը» թե աշխարհազոր է, եւ թե քաղաքական հսկա, որն իշխում է Լիբանանի քաղաքականության մեջ: Դա հյուսիսում անհանգստացնող հանգամանք է Իսրայելի համար, քանի որ ստիպել է իսրայելական ուժերը դուրս բերել լիբանանյան հողից: Ավելին, Սիրիական պատերազմի ժամանակ «Հզբոլլահը» հանդես եկավ որպես արդյունավետ մարտական ուժ:

Այսօր ԱՄՆ-ը պատրաստ է Լիբանանը կազմալուծելՙ «Հզբոլլահից» ազատվելու համար: Հայերեն ասացվածքի համաձայն, նա փորձում է այրել գորգըՙ միջատից ազատվելու համար:

Թուրքական ներկայությունը վաղուց էր զգացվում Լիբանանում, եւ միայն մեկ կայծը բավարար եղավ դրա ամբողջական դրսեւորման համար:

Դեպքը տեղի ունեցավ հունիսի 11-ին, երբ հաղորդավար Նշան Տեր-Հարությունյանը «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքի եթերում հարցազրույց էր վերցնում նախկին նախարար Դույամ Ռահանից: Երբ հղում արվեց Էրդողանին եւ Լիբանանում Թուրքիայի ստոր քաղաքականությանը, վիրավորական հաղորդագրություն ստացվեց Տեր-Հարությունյանի Whats App հավելվածում: Նա զայրացած պատասխանեց, եւ, անսպասելիորեն, շատ կարճ ժամանակամիջոցում ավտոմեքենաների մի ամբողջ շարասյուն շրջապատեց հեռուստաընկերության շենքը: Սկսեցին հնչել հակահայկական կարգախոսներ:

Թրքամետ խմբավորումը կոչվում է Մարդինլի եւ ծագում է Թուրքիայի Մարդին քաղաքից (ասորիների նախկին հենակետը): Խմբավորման առաջնորդ Մունիր Հասունը հաղորդագրություն է տեղադրել իր ֆեյսբուքյան էջումՙ արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:

Միջադեպը ցնցեց հայ համայնքը: Խորհրդարանի հայ պատգամավորներից մեկըՙ Հակոբ Բագրատունին, դիմեց ներքին գործերի նախարարին: Հայկական երեք քաղաքական ուժերըՙ Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) եւ Հնչակյանները հանդես եկան հայտարարությամբՙ ափսոսանք հայտնելով կատարվածի համար:

Խմբի նախագահ Հասունը տարբեր ժամանակներում հայտարարել է, որ ինքը թուրք է, քուրդ է եւ քրիստոնյա: Սակայն մի բան հաստատ է, որ նա այն վարձկաններից է, որոնց Թուրքիան Սիրիա, Լիբիա եւ Լիբանան է ուղարկել իրենց կեղտոտ գործը կատարելու:

Հայերը վերջին անգամ նման սպառնալիքի բախվել էին 1982 թվականինՙ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հայ համայնքը պատերազմի ընթացքում դրական չեզոքության քաղաքականություն էր որդեգրելՙ ի դժգոհություն քրիստոնեական ուժերի: Այդ ժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Արիել Շարոնը իսրայելական բանակը երթով անցկացրեց Լիբանանի փողոցներովՙ թույլ տալով, որ քրիստոնյա ֆալանգիստների ուժերը պաղեստիցի գաղթականներին մորթեն Սաբրա եւ Շաթիլա ճամբարներում:

Մարոնիտների ֆալանգիստական ուժերի առաջնորդ Բաշիր Ժմայելը իսրայելական զենքի ուժով ընտրվեց նախագահ եւ սպանվեց մի քանի շաբաթ անց: Նրան հաջորդեց եղբայրըՙ Ամին Ժմայելը, որը ընտրվելուց առաջ մի պահ սպառնաց ներխուժել հայկական թաղամասեր: Պահանջվեցին Հռոմի պապի, ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ հայ փաստաբանական խմբերի միացյալ ջանքերը, որոնք ՄԱԿ-ում հանդիպում ունեցանՙ սպանդը դադարեցնելու նպատակով: (*)

Այսօր Լիբանանում հայերն ավելի խոցելի են, քան երբեւէ, քանի որ մեծացել է Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում, եւ, մասնավորապես, Լիբանանում:

Քրդական որոշ խմբեր իրենց աջակցությունն են առաջարկել հայերին: Սակայն քրդերի հետ դաշինքը կարող է միայն վատթարացնել իրավիճակը: Ներկայումս թուրքական ուժերը կոտորում են քրդերին Իրաքում եւ Թուրքիայում: Խոհեմ չի լինի այդ մահաբեր ազդակը ներմուծել Լիբանան:

Ներկայումս հայերը հայտնվել են անկայուն վիճակում` կախման մեջ լինելով անտեսանելի քաղաքական ուժի բարեհաճությունից: Նախագահ Էրդողանն ունի գլխավոր նախագիծ, եւ կարծես թե որեւէ մեկը ի վիճակի չէ խանգարելու նրան: Նա քանիցս կրկնել է, որ Հայաստանը խոչընդոտ է Կենտրոնական Ասիա հասնելու եւ թյուրքալեզու ժողովուրդներին միավորելու համար:

Սա երազանք է, որը Էնվեր Փաշան չկարողացավ իրականացնել Առաջին աշխարհամարտի ավարտին: Էրդողանը կշարունակի հասնել նույն երազանքի իրականացմանը նույնիսկ եթե երկրորդ ցեղասպանություն պահանջվի Հայաստանը նվաճելու համար: Nordic Monitor հրատարակությունը հայտնաբերել է թուրքական մի փաստաթուղթ, որտեղ նշված են 2014 թվականին Հունաստան եւ Հայաստան ներխուժելու ծրագրերը: Հայաստան ներխուժելու ծրագիրը կոչվում է Ալթայ: Դա զարմանալի չէՙ նկատի ունենալով, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը բարձրաձայնել էր իր երկրի ծրագրերըՙ սպառնալով ռմբակոծել Երեւանը:

Սիրիական պատերազմի ժամանակ թուրք վարձկանները ավերեցին Քեսաբը եւ շրջակա առավելապես հայաբնակ գյուղերը: Նմանապես նրանք ռմբակոծեցին Դեր Զորի Նահատակների հուշահամալիրը: Այսօր նրանք սպառնում են Լիբանանի հայերին: Հնարավոր է, որ նրանց հաջորդ թիրախը լինի Հայաստանը:

*) Վճռական դերը կատարեց Խ. Միությունը. ՏԱՍՍ գործակալությունը տարածեց խիստ նախազգուշացում, իսկ այդ ժամանակ Լիբանանում գտնվող սիրիական դիրքերից ծանր ռմբակոծում սկսվեց ֆալանգիստական ուժերի վրա: «Ազգ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ