ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՙ «ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՐԿԻՐ Է» ՊՆԴՈՒՄԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ ՉԱՆՑԱՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ Հուլիսի 2-ին ԳԴՀ արտգործնախարար Հայկո Մասը Բեռլինում հանդիպեց Թուրքիայի իր պաշտոնակից Մելվեթ Չավուշօղլուին։ Մամլո ասուլիսին Մասն ընդգծեց, թե հուլիսի 1-ին ԳԴՀ-իՙ ԵՄ խորհրդի նախագահությունը ստանձնելուց հետո Չավուշօղլուն առաջին հյուրն է, իսկ Թուրքիան ԵՄ-ի համար մնում է կարեւոր խոսակից։ Մասը քննարկված հարցերի շարքում ընդգծեց Սիրիայի, Լիբիայի խնդիրների մասին միմյանց հետ մտքերի փոխանակումը, ապա անդրադարձավ համավարակի կանխարգելմանն ուղղված համաեւրոպական միասնական դիրքորոշմանըՙ Covid 19-ով պայմանավորված ԵՄ մուտքի արգելափակմանը։ Հուլիսի 1-ին ԵՄ հրապարակեց այն երկրների ցուցակը, որ առաջիկա երկու շաբաթներին չեն կարող հատել Շենգենյան սահմանը։ Մեր տարածաշրջանից միայն Վրաստանին է արտոնություն տրվելՙ վարակակիրներն այնտեղ քիչ են։ Թուրքիան դուրս է մնում այդ ցուցակից, ինչպես եւ Հայաստանը։ Չավուշօղլուն, որ Բեռլին էր ժամանել իր երկրի զբոսաշրջության նախարարի, առողջապահության փոխնախարարի հետ, ասուլիսին «սիրելի Հայկո» ասելուց, ԳԴՀ նախագահությունը շնորհավորելուց եւ առաջնահերթություններին սատարելու խոստումը հնչեցնելուց հետո, սկսեց շարադրել, թե էգեյանի հարցում ԵՄ- Թուրքիա բանակցություններում ընդգրկվել է նաեւ Հունաստանը, Սիրիայի, Լիբիայի հարցում ընդգծեց, թե իրենց կարծիքով, լավագույն լուծումը քաղաքականն է, կայուն զինադադար պիտի լինի, սատարում են Լիբիայի ամբողջականությանն ու խաղաղության հաստատմանը, ՆԱՏՕ-ի առաջնահերթությունները եւ մտահոգությունները խորապես ըմբռնում են։ Շեշտեց, թե Գերմանիայի հետ տնտեսական շրջանառության ծավալը կազմում է 36 միլիարդ, իսկ զբոսաշրջությունը դրա կարեւոր բաղադրիչն է։ «Մենք ամեն ինչ կանենք, որ մեր հյուրերն իրենց ապահով զգան», նշեց Թուրքիայի արտգործնախարարըՙ հորդորելով նորից վերանայել ԵՄ-իՙ զբոսաշրջիկներին Թուրքիա մեկնելու սահմանափակումը։ «Թուրքիան անվտանգ երկիր է, առողջապահության բնագավառում Գերմանիայի հետ առաջատար երկրների շարքում է», փաստարկեց Չավուշօղլունՙ նշելով, թե իրենք թափանցիկ են աշխատել եւ հանիրավի տեղ չեն գտել անվտանգ երկրների ցուցակում։ «Սրանք քաղաքական որոշումներ են, իսկ այս բնագավառումՙ համավարակի մասին գիտականորեն պիտի խոսվի», քննադատեց Թուրքիայի արտգործնախարարըՙ հիշեցնելով, թե անցյալ տարի ավելի քան 5 միլիոն գերմանացի իր երկրում է արձակուրդն անցկացրել ու գոհ մնացել։ Թեեւ ոմանց գնահատմամբ Էրդողանը Բեռլին էր գործուղել իր ամենաճկուն նախարարին, բայց նրան էլ չհաջողվեց բեկել ԳԴՀ որոշումը։ Թուրքիայի համար զբոսաշրջությունը տնտեսության գերակա ճյուղ է, իսկ գերմանացի զբոսաշրջիկների համար Իսպանիայից ու Իտալիայից հետոՙ երրորդ նախընտրելի հանգստավայրը։ |