ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸՙ ՆՎԱԶՈՒՄ ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն, այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության անկումը կազմել է 3,9 տոկոս: Ընդ որում, հարկ է նշել, որ անկման տեմպը սկսվել է դեռեւս մարտ ամսին: Տնտեսական անկումն ու մարդկանց սոցիալական կացության վատթարացումը հետեւանք է երկու հիմնական գործոններիՙ կորոնավիրուսով պայմանավորված առողջապահական եւ տնտեսական ճգնաժամ եւ իշխանությունների ապիկար կառավարումՙ հատկապես կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Այսպիսով, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա մայիս ամսին տնտեսության եւ պետական բյուջեի հարկային եկամուտների հետ: Կանխատեսվող տարեկան տնտեսական անկման տեմպն արդեն անցել ենք Նախ նշենք, որ մայիսին ապրիլ ամսվա նկատմամբ աճ կա բոլոր ցուցանիշներում, ինչի պատճառն այն է, որ ապրիլին տնտեսական գործունեության համատարած սահմանափակումները մայիսի երկրորդ կեսից աստիճանաբար վերացվեցին: Սակայն, ինչ վերաբերում է նախորդ տարվա մայիսի հետ համեմատությանը, ապա տնտեսության բոլոր ճյուղերում համատարած անկում է գրանցվել: Մասնավորապես, այս տարվա մայիսին 2019 թ.-ի մայիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը կազմել է 12,8 տոկոս: Ըստ տնտեսության ճյուղերի, արդյունաբերությունում մայիսին անկումը կազմել է 3,9 տոկոս, շինարարությունումՙ 27 տոկոս, առեւտրումՙ 18,4 տոկոս, ծառայություններումՙ 19,4 տոկոս, իսկ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ: Հունվար-մայիսի ցուցանիշներում միայն արդյունաբերությունում է որոշՙ 2,4 տոկոս աճ պահպանվում, այն էլ հանքարդյունաբերության շնորհիվ: Շինարարության ծավալները կրճատվել են 24,4 տոկոսով: Առեւտրում անկումը 10,8 տոկոս է, թեեւ առեւտրով զբաղվողներն արդեն երկու տարի է, ինչ շրջանառության եւ եկամուտների նվազում են արձանագրում: Ծառայություններում անկումը 14,2 տոկոս է: Տնտեսական անկումն իր արտացոլումն է թողնում նաեւ արտաքին առեւտրի վրա: Այն մայիսին շարունակել է նվազել: Արդյունքում, հունվար-մայիսին արտաքին առեւտրի երկնիշՙ 11,2 տոկոս նվազում է արձանագրվել: Արտահանումը նվազել է 8,1 տոկոսով, ներմուծումըՙ 12,8 տոկոսով: Ի դեպ, երբ նշում ենք տնտեսական ակտիվության անկման ոչ հավաստի եւ մեղմացված լինելու մասին, հաշվի ենք առնում նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշը, որտեղ կեղծելը դժվար է: Եթե այստեղ անկումը երկնիշ է, ապա տնտեսական անկումը չի կարող դրանից անգամներով ավելի փոքր լինել: Տնտեսական ակտիվության ավելի մեծ անկման մեկ այլ անուղղակի փաստ կարող է լինել պետական բյուջեի եկամուտների ցուցանիշը: Այս անուղղակի ցուցանիշներից կարող ենք եզրակացնել, որ տնտեսական ակտիվության անկումն ավելի խորն է, քան պաշտոնական ներկայացվողը: Հիշեցնենք նաեւ, որ 2020 թ.-ի համար կառավարությունը կանխատեսում էր 2 տոկոս տարեկան անկում: Հինգ ամիսների արդյունքում, անգամ ըստ պաշտոնական վիճակագրության, արդեն ունենք 3,9 տոկոս անկում : Հարկային եկամուտների աննախադեպ նվազում մայիսին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության համաձայն, մայիս ամսին պետական բյուջե են մուտք գործել գրեթե 83 մլրդ դրամի մոտ հարկային եկամուտներ: Դա պարզապես աղետալի նվազում է : Այդ գումարն ավելի փոքր է, քան սովորաբար ամենաքիչ եկամուտներ ստացվող փետրվար ամսվա հարկային մուտքերը, երբ վճարվում են տնտեսապես ամենապասիվՙ հունվար ամսվա հարկերը: Այս տարվա փետրվարին դրանք կազմել էին մոտ 90 մլրդ դրամ: Անցյալ տարվա մայիսի հետ համեմատությունն ավելի ակնառու է ցուցադրում այս տարվա նվազումը: 104 մլրդ դրամ անցած տարվա մայիսինՙ այս տարվա մայիսին դրանից 21 մլրդ դրամով պակաս: Այս տարվա նախորդող ամսվաՙ ապրիլի 151 մլրդ դրամի համեմատ մայիսին պետական բյուջեի հարկային մուտքերը նվազել են 68 մլրդ դրամով: Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները: Բանն այն է, որ հենց այս տողում պետք է երեւան այն գումարները, որը վարչապետ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից: Եվ ահա, այս տողում 2020 թ.-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 32 մլրդ դրամի համեմատ: Սա նշանակում է, որ ոչ միայն կոռուպցիայից գումար հետ չի բերվել, այլեւ այս տողում մուտքագրվել է նախորդ տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի քիչ եկամուտ: Սա առավել քան խոսուն ապացույց է այն բանի, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում «թալանածը վերադարձնելու» մասին երկու տարի շարունակ կրկնվող պոպուլիստական խոստումները: Այսպիսով, արձանագրենք տնտեսական անկման եւ բյուջեի եկամուտների նվազման կտրուկ տեմպերը եւ դրա խորացման մեծ հավանականությունը տարվա հաջորդ ամիսներին: Դա լուրջ բարդություններ է առաջացնելու բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, այդ թվում աշխատավարձերի եւ կենսաթոշակների վճարման համար: Դրանից խուսափելու համար կառավարությունը շարունակում է մեծացնել արտաքին պարտքը, ինչը նրա ներկայիս ղեկավարի կողմից հաճախակի շահարկվող հարցերից էր մինչեւ իշխանության գալը: |