RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 15:50:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 602, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր

Վերջին ժամանակներում մեր հասարակությունն իսկապես լուրջ փոփոխություններ է գրանցում: Դրանց մի մասը դրական, ընդունելի են, սակայն բավականին շատ են նաեւ երբեմն անհասկանալի, իսկ շատ դեպքերում նաեւ անընդունելի դրսեւորումները: Այսօր ցանկանում եմ խոսել մի երեւույթի մասին, որը տարածվել, առանց սեռի ու տարիքի, մասնագիտության ու համոզմունքների խտրության եւ իր շրջապտույտի մեջ է ներառել գրեթե ողջ հասարակությունը: Դա քննադատությունն է: Մի գործընթաց, որը ծնվել ու գոյատեւում է բոլոր ժամանակներում եւ մարդկային հասարակության գոյությանը զուգընթաց:

Առողջ ու տեղին քննադատությունն անկասկած դրական եւ գովելի երեւույթ է: Ավելին, այն հասարակությունը տարբեր ախտերից բուժման միջոցներից է եւ հնարավոր սխալները կանխելուն, ճիշտ ուղիով ընթանալուն նպաստող գործընթաց: Իսկ, ա՛յ, մեր օրերում քննադատությունը դարձել է մարդկանց մեծ մասի արհեստը եւ անկախ բոլոր հանգամանքներից նրանք քննադատում են ամեն ինչ ու ամենքինՙ անկախ դրա անհրաժեշտությունը կա, թե՞ ոչ: Համաձայնեք, որ մեզանում քննադատությունը գրեթե կորցրել է իր իսկական նշանակությունն ու նպատակը եւ վերածվել ծանր մահակիՙ դառնալով ոչ թե ըմբռնելի, այլ վանող, ոչ թե տանելի, այլՙ անընդունելի: Այսօր, անկախ հասարակության մեջ ինչ դիրք ես գրավում եւ ինչպիսի հնարավորությունների տեր ես, կարող ես հայտնվել այդ վայ «քննադատողների» թիրախում:

Բնավ էլ նորություն չէ եւ ոչ մեկին էլ հաճելի չէ, երբ ի ցույց են դրվում իր թերություններն ու պակասավոր կողմերը, սխալներն ու վրիպումները: Գաղտնիք չէ նաեւ, որ որեւէ քննադատություն ինքնին եւս քննադատելի է: Սակայն երբ այն հիմնված է իրական փաստերի վրա, չափի մեջ է եւ ոչնչացնող չի, բոլորովին էլ պետք չէ խորշել ու սարսափել դրանից: Իսկ քանի որ մերօրյա հասարակության մեջ ավելի հաճախ կորսվել է այդ չափի զգացումը եւ, երբ քննադատությունն ավելի շատ ունի սեւացնող, ոչնչացնող բնույթ, դառնում է խորշելի, իսկ քննադատողներըՙ մերժելի: Այնինչՙ կա նաեւ առողջ եւ սխալները շտկելուն օգնող, լավագույն ուղի հուշող քննադատություն, որն օգնում է չհամակերպվել չորս կողմում նկատվող անախորժ ու վնասակար երեւույթներին, ականջալուր դառնալ մեծ թվով տարօրինակ դրսեւորումներին: Այլապես ուղղակի հնարավոր չի սուսիկ-փուսիկ աչք փակել, ինչ որ մեկի «խաթրի» համար շրջանցել մերօրյա մեծ թվով աղաղակող թերությունների եւ նմանատիպ այլ իրողությունների նկատմամբ: Կարծում եմ, յուրաքանչյուրիս պարտքն է կույր չձեւանալ, երբ մեր հասարակության մեջ առկա են մեծ թվով խոցելի եւ քննադատելի եզրեր, սակայն ամեն ինչ մութ ակնոցներով նայելու կարիք էլ չկա:

Հասկանալի է նաեւ, որ ոմանք դիտավորյալ եւ ծրագրված ծայրահեղությունների են գնում եւ բիրտ ու անվանարկող քննադատում են յուրաքանչյուր երեւույթ եւ անձնավորաությանՙ անկախ նրանց մեղավորության աստիճանից: Սակայն մյուս կողմից էլ լինում են պատճառներ ու փաստարկներ, որոնք այնքան աչքառու եւ ցցուն են, որ պարզապես հնարավոր չի շրջանցել դրանք, քարացած կեցվածք ընդունել եւ չարտահայտվել դրանց մասին:

Զարմանալի նաեւ, որ մեզանում իսպառ բացակայում է ինքնաքննադատություն հասկացությունը: Շատերի համար դա ամբողջական բացասականության հետ է նույնացվում եւ դրա մասին մտածել անգամ չեն ցանկանում հատկապես բոլոր նրանք, ովքեր տիրապետում են ինչ-ինչ լծակների, որոշակի բարձունքից են նայում մարդկանց, համոզված են իրենց անսխալականության մեջ եւ պատրաստ են պարզապես բզկտելու բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն «քիթը խոթել» իրենց գործերի մեջ:

Երկար կարելի է խոսել այս հարցի մասին: Հատկապես մեր օրերում, երբ մեր բեւեռացված հասարակության մեջ անհանդուրժողականությունը գերակշռող է դարձել բոլոր մակարդակներում, երբ ավելի տարածված է անզիջում, ամբողջովին սեւացնող քննադատությունը: Երբ այս կամ այն առիթով անդրադարձներ են կատարվում մեր իրականությունը պարուրած բազմաթիվ ցավոտ խնդիրների, կարծում ենք, որ քննադատությունն էլ պետք է տանելի եւ ընդունելի լինի ոչ միայն իր բովանդակությամբ, այլեւ ձեւով ու նպատակներով: Հակառակ դեպքում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք իրենց կարճատեսությամբ ու կամայական մոտեցումներով կարող են մեկնաբանել որեւէ երեւույթ: Դա ծնում է իրողություն, որը թե՛ ազգային-պետական, թե՛ անվտանգության տեսակետից վերջին հաշվով ձեռնտու է միայն մեր ոչ բարեկամներին:

Քննադատենք քննադատելին, միաժամանակ սովորենք մեր մեծերից եւ չայրենք իրար կապող բոլոր կամուրջները, այլ պարոնյանաօտյանակամսարային հումորախառը, հանդուրժող ու միմյանց օգնելուն կոչված մեթոդներով ու բովանդակությամբ քննադատենք միմյանց:

01-06.07.2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ