RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 15:50:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 735, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՌՈՒՍԱԿԱՆ ՎԻԶԱԺԻ ԼԵԳԵՆԴԸ». ՆԱՆԱՐԱ ԲԵՐՅՈԶԻՆԱՙ ԻԶՈՅԻ ՎԱՂՈՅԻ ԴՈՒՍՏՐԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուսաստանցի առաջատար կոսմետոլոգ եւ դիմահարդար, վիզաժիստների աշխարհի չեմպիոն, Վարսահարդարների համաշխարհային կազմակերպության գեղագիտական բաժնի ստեղծագործական տնօրեն, դեկորատիվ կոսմետիկայի Ռուսաստանի հավաքականի մարզիչ, «Դոլորես» վարսահարդարման ակադեմիայի եւ ՍՊԻԿՐ ուսումնական կենտրոնի դասախոս, «Համաշխարհային ոսկե մարզիչ», միջազգային անթիվ մրցույթների դափնեկիր, մեր հայրենակցուհի Նանարա Բերյոզինան ռահվիրա է իր մասնագիտության մեջ...

Մոսկվայի պետական համալսարանում կենսաբանի մասնագիտություն ստացած Նանարան դեռեւս խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ կոսմետոլոգների հավաքականի գլխավոր մարզիչ եւ միջազգային կարգի դատավոր: 1982-ից դիմահարդարների եւ կոսմետոլոգների միջազգային բոլոր մրցույթներում նրա աշխատանքներն արժանացել են մրցանակների, այդ թվումՙ 18 ոսկե մեդալի: Նանարա Բերյոզինան մեծ ներդրում ունի ռուսական եւ միջազգային վիզաժիստների մրցույթային շարժման զարգացման գործում: Նրա համար դիմահարդարումը արվեստ էՙ ստեղծված կանանց դեմքերի եւ մարմինների վրա...

- Հարգելի Նանարա, «վիզաժիստ» բառն առաջին անգամ ինձ հանդիպել է 1990-ականների սկզբին, ձեր մասին գրված մի հոդվածում: Կարո՞ղ ենք ասել, որ դուք կանգնած եք Ռուսաստանի դիմահարդարների արվեստի դպրոցի ակունքներում...

- «Վիզաժիստ» բառն իսկապես հայտնվեց 90-ականներին, իսկ դրանից առաջ վիզաժով զբաղվում էին կոսմետոլոգները: ԽՍՀՄ-ում դրա հիմնադիրները եղան Դոլորես Կոնդրաշովան, Ս. Մոժելյովան եւ Տ. Կարսովան: Նրանց լաբորատորիայում կատարելագործվում էին մասնագետներ ողջ ԽՍՀՄ-ից: Երբ 1970-ականներին սկսեցի իմ մրցույթային գործունեությունը, պայմաններն ընդգրկում էին ցերեկային եւ երեկոյան դիմահարդարում: Դա ինձ համար ձանձրալի էր, ես ուզում էի գործն ավելի բարդացնել, ստեղծագործել: Ինչպես կա հագուստի բարձր նորաձեւություն, նույն կերպ ուզում էի ստեղծել բարձր դիմահարդարում: Այդպիսով հղացա «Պոդիումային վիզաժ» մրցույթի պայմանները, բոլոր մասնակից երկրներն այն ընդգրկեցին իրենց առաջնություններում եւ օգտագործում են մինչ օրս: Այնուհետեւ ստեղծեցի դիմահարդարում երիտասարդների, ավարտական երեկոյի, հարսանիքի համար, մի քանի հեղինակային սխեմաներ, որոնք այսօր գործածում են շատ երկրներում:

- Կյանքի ձեր նշանաբանը շարունակո՞ւմ է մնալՙ «Զգացե՛ք գեղեցկության ուրախությունը»...

- Երբ 1970-ականներին մի հարցազրույցում ինձ խնդրեցին երկու խոսքով բնորոշել իմ մասնագիտությունը, ես տվեցի հետեւյալ սահմանումը. «Գեղեցկությունը լավ տրամադրություն է, իսկ լավ տրամադրությունը ոչ միայն կնոջ, այլեւ շրջապատի մարդկանց առողջության գրավականն է»: Յուրաքանչյուր դեմք անհատական է, եւ պետք է կարողանալ ընդգծել այն, ինչը որ գեղեցիկ է յուրաքանչյուր դեմքին:

- Բայց ժամանակի ընթացքում գեղեցկության չափանիշները փոխվում են: Ձեր կարծիքովՙ ինչպիսի՞ն են դրանք 21-րդ դարում: Օրինակ, ինձՙ որպես տղամարդու, վանում է կնոջ դեմքին սիլիկոնե ու այլ կարգի միջամտությունը: Մինչդեռ այսօր նույնիսկ երիտասարդ աղջիկներն են հակված արհեստական միջամտությունների...

- Հիմա նորաձեւությանը տուրք տալը, հատկապես երիտասարդների մեջ, պարզապես կույր նմանակում է: Արհեստական գեղեցկությունը սարսափելի է: Խնամքը պետք է լինի ողջամիտ, իրավասու մասնագետների հետ խորհրդակցելուց հետո: Այդ բոլոր խոշորացրած շուրթերն անձնական կյանքում առկա անբավարարվածության նշան են:

- Մաշկի երիտասարդացման ո՞ր մեթոդն եք նախընտրումՙ բոտոքսը, կոսմետիկ վիրահատությունը, թելերով ձգելը...

- Երիտասարդացման լավագույն մեթոդը դեմքին բարի ժպիտ ունենալն է եւ դեմքի ամենօրյա խնամքը:

- Ենթադրում եմ, որ թատրոնը եւ երաժշտությունը կարեւոր տեղ են գրավում ձեր կյանքում: Ձեր դիմահարդարման աշխատանքներից մի քանիսը վերնագրված են «Ռավելի Բոլերո», «Առլեկին», «Ագռավի թագուհի»...

- Ես մեծացել եմ գեղեցկությամբ շրջապատվածՙ հորս գեղանկարները, գեղեցիկ ու միշտ նորաձեւ հագնված մայրիկս: 1976-ին առաջին անգամ եղա Լենինգրադում ու երկու օր դուրս չեկա Էրմիտաժից: Ձեռակերտ հրաշագեղ շքեղությունը պարզապես գերեց ինձ: Այցելել եմ աշխարհի լավագույն թանգարանները եւ ոգեշնչվել եմ: Ինձ սրտամոտ է երաժշտությունըՙ դասականից մինչեւ փոփ, որի ներշնչումներն օգտագործում եմ բոդի արթում: Ես սիրում եմ հստակ ստվերագծումը (ինչպես դասական նկարչության մեջ), դա ստեղծագործության այն անաղարտությունն է, որով տարբեր երկրների իմ ուսանողները տարբերվում են իրենց գեղեցիկ ձեռագրով:

- Դուք «Վելա-Դոլորես» մոսկովյան գեղեցկության կենտրոնի մասնագետ եք, հիմնադրված Դոլորես Կոնդրաշովա-Տերտերյանի կողմից, որը նաեւ հիմնադրել է Ռուսաստանի վարսահարդարների եւ կոսմետոլոգների առաջին միությունը: Մոսկվայի Վարսահարդարների, վիզաժիստների եւ եղունգների սպասարկման «Դե Վաժան» միջազգային ակադեմիան ղեկավարում է Վաժա Մխիթարյանը, Ռուսաստանում հայտնի են նաեւ միջազգային կարգի վարսահարդարներ եւ նորաձեւության դիզայներներ Մարինա Ամիրբեգովան, Մարինա Վասկանյանը, դե իսկ ձեզ վաղուց են անվանել «արդի ռուսական վիզաժի լեգենդ»: Ինչո՞վ եք բացատրում ձեր ոլորտում հայերիՙ այդպիսի բարձր նվաճումներ ունենալու փաստը:

- 1972-ին Դոլորեսը բացեց Գեղեցկության կենտրոնըՙ համախմբելով ինձ, քո նշած երկու Մարինաներին ու շատ տաղանդավոր վարպետ Օլգա Բերբերյանին Դոնի Ռոստովից: ԽՍՀՄ վիզաժիստների թիմում Վաժայից բացի ընդգրկված էին նաեւ Վլադիմիր Մկրտչյանն ու Իվան Գրիգորյանը: Իսկ ինչով բացատրել այդքան շատ տաղանդավոր հայազգի վիզաժիստների առկայությունը... դուք գիտեք, որ հայերը տաղանդավոր ժողովուրդ են, հմուտ եւ ստեղծագործ, որոնք գնահատում են գեղեցկությունը...

- Որքան գիտեմ, ձեր իսկական անուն-ազգանունն Արմենուհի Մկրտչյան է եւ դուք ծնունդով Գյումրիից եք...

- Ես ծնվել եմ Գյումրի-Լենինականում: Անձնագրով անունս իսկապես Արմենուհի է, բայց հայրս մանկուց ինձ անվանել է Նանարա: Հորսՙ նկարիչ Վաղարշակ Մկրտչյանին, Լենինականում գիտեին որպես Իզոյի Վաղո: Նա մասնակցել է պատերազմին, եղել է հետախույզ: Լենինականում ուներ արվեստանոց, շատ էր նկարում, քանդակում, նկարազարդում եկեղեցիների պատերը: Հորս շատ նկարներ մեր տանն էին, բայց երկրաշարժից հետո մեր հարեւանը մեզ տվեց ընդամենը երեք նկար...

- Նանարա, հիշո՞ւմ եք մայրենի լեզուն:

- Ութերորդ դասարանում գնել եմ հայերենի ինքնուսույց եւ սովորել եմ հայերեն թե՛ կարդալ, թե՛ գրել, թե՛ խոսել: Մանկությանս տարիներին հաճախ արձակուրդներս անց եմ կացրել Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, ծնողներիս կյանքը դասավորվեց այնպես, որ ես մեծացա Նալչիկումՙ տատիկիս մոտ, ուսանեցի եւ կարիերաս սկսեցի այնտեղ (1983-ին ինձ շնորհվել է Կաբարդինո-Բալկարիայի կենցաղային ծառայությունների վաստակավոր աշխատողի կոչում): Իններորդ դասարանից ես հստակ գիտեիՙ ինչ եմ դառնալու եւ քայլ առ քայլ, անշեղորեն գնացի դեպի իմ նպատակը...

- Վերջին անգամ Հայաստանում եղել եք 2015-ինՙ վարսահարդարման, դեկորատիվ կոսմետիկայի եւ եղունգների արվեստի Հայաստանի 10-րդ առաջնությունում: Ինչպե՞ս եք գնահատում դիմահարդարման արվեստի վիճակը Հայաստանում:

- Հայաստանը, վարսահարդարների եւ կոսմետոլոգների միության նախագահ Մարինա Ավետիսյանի գլխավորությամբ, 2002 թվականից մասնակցում է վիզաժիստների աշխարհի եւ Եվրոպայի առաջնությանը: Հայ վիզաժիստների մակարդակը շատ բարձր է, դա են վկայում նրանց ստացած միջազգային պարգեւները: Մասնավորապես Հրանուշ Եղոյանի աշխատանքներն արժանացել են կարեւոր մրցանակների: Կարող եմ ասել, որ Հայաստանում, ինչպես ոչ մի ուրիշ տեղ, շատ զարգացած է դիմահարդարում կատարելըՙ նախքան որեւէ միջոցառման գնալը...

Նկար 1. Նանարա Բերյոզինան Մաքսիմ Գալկինի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 10-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ