ԳՈՐԿՈՒ ԿՏԱՎՆԵՐԸ ԱՐՎԵՍՏԻ ԲԵՅԶԼ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ Հ.Ծ. «Մինչ համավարակի պատճառով աշխարհը թավալգլոր ցած է գլորվում, իսկական արվեստագետների արժեքը բարձրանում է», գրում է Պելեգրինո Դ՛Ասիեռնոն , անդրադառնալով այս տարվա «Արտ Բեյզլ» առցանց տոնավաճառում Արշիլ Գորկու կտավների ներկայացմանը: Նա «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում տեղադրված իր հոդվածում մեջբերելով մրցանակակիր կոմպոզիտոր Միշել Էքիզյանի վերոնշյալ նախադասությունը, մատնանշում է, որ անցյալի եւ ներկայի վարակահարուցիչների պայմաններում Գորկու արվեստի ու կյանքի պատմությունը նոր իմաստ է փոխանցում բոլոր նրանց, ովքեր «ծիածան են որոնում» անձրեւից հետո: Տոնավաճառում վաճառքի են դրված Գորկու «Պարտեզ Սոչիում» կարեւորագույն գործերից փոքրիկ մի բնանկար, վաղ երեսունականներից «Գիշեր, առեղծված եւ կարոտախտ» շարքից երկու կտավ, ինչպես նաեւ քառասունականների կեսերին արված գծանկարներ: Էքիզյանը, որ դոկտորական է պաշտպանել Կոլումբիա համալսարանում, հեղինակն է «Գորկու երազների պարտեզը» 80 րոպե տեւողությամբ օպերայիՙ հիմնված տեսլականի տեր Ոստանիկ Ադոյանի անցած ողբերգական կյանքի (արվեստանոցում հրդեհ, քաղցկեղ, կնոջ անհավատարմություն, ավտովթար, եւայլն) տարբեր դրվագների վրա: «Նրա արվեստը, այդուհանդերձ, լի է սիրով ու խիզախությամբ», հավատացած է Էքիզյանը, որի օպերայի նախնականՙ կամերային ընթերցման միջոցով ներկայացումը տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին Նյուարկի (Նյու Ջերսի) Արվեստի թանգարանի շքեղ Բիլի Ջոնսոն թատրոնում, որտեղ դեռեւս պահպանված մնում է «Էտյուդ Նյուարկ օդակայանի որմնանկարներից» մեկը: Օպերայի բեմական ներկայացումը հետաձգվել է համավարակի պատճառով: Նրանում Գորկու դերը կատարելու է Բրոդվեյի գլխավոր դերակատարներից Բրենտ Բարեթը (բարիտոն-տենոր), որ միջազգայնորեն ճանաչված է «Օպերայի ուրվականը» եւ «Չիկագո» մյուզիկլների իր կատարումներով: Նկար 1. Միշել Էքիզյանը եւ Վահագն Արսլանյանը Գորկու որմնանկարի առաջ |