ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել Այս օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում հայ եւ ադրբեջանցի ցուցարարների միջեւ բախումներն օր-օրի նոր լիցք են ստանում: Խաղաղության նպատակով արվող հայերի կոչերն առավելաբար ուղեկցվում են բռնություններով ու վերածվում արյունալի բախումների: Հուլիսի 22-ին Բրյուսելում Բելգիայի հայերի կոմիտեն հանրահավաք էր կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմացՙ ի պաշտպանություն Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ոտնձգությունների: Մեծաթիվ հայեր զորակցելու էին շտապել ոչ միայն Բելգիայի տարբեր քաղաքներից, այլեւ Հոլանդիայից , ֆրանսիայից, Գերմանիայից: Հայկական եռագույնն ու վերջին օրերին Տավուշում զոհված մեր հերոսների նկարներն էին բարձրացվել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Ըստ նախատեսվածի, մեր հայրենակիցներն հակված էրն խաղաղ հանրահավաքի միջոցով եվրոպական ատյաններին հասու դարձնել ադրբեջանական ոտնձգություններն ու լայնատարած պատերազմի վերսկսման վտանգի հետեւանքները: Սակայն ադրբեջանական կողմը, որը պատսպարվել էր երկաթյա արգելապատնեշներով ու գտնվում էր ոստիկանների եռաշերտ պաշտպանության ներքո, հանարհավաքը սկսվելուց ճիշտ տաս րոպե անց ձվեր, լոլիկներ, քարեր նետելով հայկական կողմի վրաՙ անընդմեջ բղավում էր «Արցախն Ադրբեջան է»... Դրան փոխադարձ հետեւեց հայկական կողմի պատասխանը: Անմիջապես խուճապ, խառնաշփոթ սկսվեց, եւ ոստիկաններն արցունքաբեր գազով , ջրցան մեքենաներով հարձակում սկսեցին հայկական կողմի վրա ՙ փորձելով ճնշել մեր հայրենակիցներին: Ոստիկաններն իրենց պատնեշ վահաններով հայերին հետ հրելով հեռացնում էին դեսպանատան տարածքից , սակայն հայերը չենթարկվելով ոստիկաններինՙ շարունակեցին պատասխան հարվածներով քարեր նետել եւ ամոթանքներ հասցնել ադրբեջանական կողմին: Ադրբեջանի դեսպանատունը գտնվում է բարձր դիրքի վրա: Նրանք իրենց դրոշները պատուհաններից էին ծածանում, նրանցից ոչ-ոք չէր համարձակվել նույնիսկ փողոց դուրս գալ, այլ իրենց հուսալի բարձր դիրքերից շատ ավելի հեշտությամբ էին հարվածում, որի հետեւանքով մեր հայրենակիցներից մի քանիսը գլխի լուրջ վնասվածքներ ստացան: Ամբողջությամբ արյունով թաթախված, ոստիկանների արցունքաբեր գազից եւ ջրցան մեքենաների հարվածից վնասված մեր հայրենակիցներն անկոտրում մնացին, չընկճվեցին ու չհեռացան տարածքից, այլ մնացին շարքերումՙ շարունակելով վանկարկել «Ադրբեջան = Էրդողան», «Ադրբեջանն ահաբեկիչ է», «Հայաստան-Հայաստան-Հայաստան», «Արցախ-Հայաստան»: Մեկ ժամ նախատեսված հանրահավաքը ձգվեց երկու ժամից ավել: Չնայած ոստիկանների բիրտ ու կոպիտ պահվածքին, հայերը համառորեն չէին հեռանում տարածքից: Հակառակը, հայկական երաժշտության ուղեկցությամբ ամբողջ փողոցի երկայնքով ծածանվում էր եռագույնը, հայրենասիրական երգ ու պարով հայերը համախմբման կոչեր անելով վանկարկում էինՙ «Հայեր, միացեք, միացեք հայեր»...: Հանրահավաքի ավարտին տեղեկացանք, որ մեր երիտասարդներն ի պատասխան նախահարձակ Ադրբեջանին հասցրել են ադրբեջանական ավտոմոքենա վնասել: Հանրահավաքից հետո մեր հայրենակիցներն ավտոմքենաներին փակցված եռագույն դրոշներով, ազդանշանների ուղեկցությամբ շարժվեցին դեպի Բրյուսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ , ուր ներկաները հարգանքի տուրք մատուցեցին ի խոնարհումն հայ ազատամարտիկների հիշատակին: Եվրոպայի հայ քաղաքական եւ հասարակական բոլոր կազմակերպությունները եվրոատյաններին քաղաքական տարբեր հարթակներից այս օրերին իրազեկման բանակցություններ են տանում ՙ ադրբեջանական ագրեսիայի, պատերազմի վտանգավոր հետեւանքների շուրջ: Հուլիսի 21-ին Եվրոպայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն արտահերթ առցանց հանդիպում էր հրավիրել 13 եվրոպական երկրների Հայ դատի 30 ներկայացուցիչնեի հետ, ուր քննարկվել են Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունների հետեւանքները: Վերահաստատելով իր սկզբունքները ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն ընդգծել է, որ վճռականորեն շարունակելու է ի նպաստ Հայաստանի պետական շահերի եւ հայ ժողովրդի ամբողջական իրավունքների պաշտպանության, եվրոպական ատյանների, լրատվական շրջանակների հետ համագործակցելով իրազեկելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի հակամարդկային, ահաբեկչական եւ կործանարար քայլերի մասին: Երեկ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խումբը եւս հայտարարություն է տարածել, որում դատատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, մասնավորապես շեշտել է, որ Ադրբեջանը պետք է ընդունի ԵԱՀԿ հրադադարի խախտումների հսկողության ու հետաքննության մեխանիզմը: Բաքուն պետք է վերադառնա բանակցային գործընթացին եւ վերջ տա պատերազմական հռետորաբանությանն ու ագրեսիային, ընդունի Մինսկի խմբի առաջարկները, այն էՙ դիպուկահարների դուրս բերում շփման գծից, հրադադարի խախտումների մեխանիզմի կիրառում եւ ԵԱՀԿ դիտորդների ընդլայնում: Ադրբեջանը պետք է հետեւի Հայաստանի օրինակին եւ կիրառի նշված նորմերըՙ հակամարտության խաղաղ կարգավորման համար: |