ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՐՁԵՐ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս Ոչ բոլորը գիտեն, որ Երեւանի սրտում կա մի փոքրիկ արհեստանոց, որտեղ մտնելով աչքերիդ համար կարող է տոն լինել. հայկական գորգանախշեր, զարդանախշեր, բայց ոչ թե գորգերի, այլՙ բարձերի ու սփռոցների վրա: Ով կմտածեր, որ արհեստանոցի երկաթյա դռան հետեւում կարող էին տեղ գտնել այդ մեծ գունապնակն ու հայկական մշակույթի կարեւոր մաս կազմող գորգանախշերը: Այս ամենը «ՄԻՍՄԱ» ընկերության մասին է, որը հիմնադրվել է 2004թ.ին: Ընկերությունն ունի երկար տարիների աշխատանքային փորձ մասնավոր հատվածի եւ պետական համակարգի հետՙ օպերատիվ տպագրության ոլորտում: 2019թ. մայիսի 14-ից, նվիրված ընկերության 15-ամյակին, սկսեց նոր նախագիծ ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ անվանումով, որի նպատակն է հայկական գորգագործության բացառիկ նմուշներիՙ թանգարաններում պահպանվող գորգերի եւ դրանց ընտրյալ զարդանախշերի ճանաչմանն ու տարածմանը նպաստելը: «Հասավ 15-ամյակը եւ հասունացավ մի գաղափար, որ պետք է ստեղծենք հայկականը: Ինչու հենց բարձերը, որովհետեւ այն ասոցացվում է տան, ընտանեկան ջերմության եւ սիրո հետ, ինչպես նաեւ բիզնես տեսանկյունիցՙ բոլորն օգտագործում են, աչքի համար հաճելի է եւ տարբերվող: Հիմնական գաղափարն այն է, որ ամեն անգամ ցանկանում եմ ինչ-որ բան հնից ստեղծել, հինը նոր դարձնել ու ցուցադրել բոլորին»,- մեզ հետ զրույցում պատմեց ընկերության հիմնադիր-տնօրեն Ծովինար Միսկարյանը : «Ամենահայկականը» նախագծով նրանք առաջարկում են ունենալ հին հայկական գորգանախշերով ասեղնագործված բարձեր, սփռոցներ, անձեռոցիկներ, պայուսակներ, խաղալիքներ եւ այլն: Ասեղնագործության անկյունում ներկայացված են «Ջրաբերդի», «Տավուշի», «Զանգեզուրի», «Շուշիի» խմբերի գորգերի նախշեր, «Վահանակիր» եւ «Մեմլինգ» դասին պատկանող գորգանախշեր, ինչպես նաեւ «Պազիրիկ» գորգը, որը հայտնաբերված հայկական ամենահին գորգն է (Ք.ա. VI-V դդ.), այն հիմա պահվում է Սանկտ- Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում, սակայն այցելելով «ՄԻՍՄԱ» կարելի է ոչ միայն տեսնել, այլ նաեւ գնել եւ տան մի անկյունում ունենալ հին հայկական մշակույթից մի փոքրիկ մասնիկ: «Բարձերը հաճելի են բոլորին եւ կարելի է համադրել տան ինտերիերի հետ, լինի հին, թե նոր լուծումներով, էական չէ, ունենալով տան անկյունում այս նախշերով իրեր, լինի բարձ, սփռոց, թե հուշանվեր, կարելի է տան ինտերիերը դարձնել իդեալական, բայց սա արդեն ոչ թե մեր աշխատանքի արդյունքն է, այլ մեր նախնիների, որոնք կարողացել են ստեղծել այնպիսի մնայուն արժեք, որը տարիներ հետո կարելի է կիրառել կենցաղում: Այն ոչ միայն գեղեցիկ է, այլ նաեւ իր մեջ ջերմություն ու սեր ունի եւ կարողանում է ամփոփել հայկական մշակույթը»,- իր խոսքում նշեց տիկին Միսկարյանը: Այս ամենի հետ մեկտեղ, ասաց նա, կարեւոր է, որ գնորդների մեծ մասը օտարերկրացիներ ենՙ գերմանացի, չինացի, ամերիկացի եւ այլն, քանի որ նրանք ավելի մեծ հնարավորություն ունեն ձեռք բերելու ապրանքատեսակները եւ ավելի շատ են գնահատում եւ ցանկանում մի մասնիկ տանել իրենց հետ Հայաստանից»: Ամեն մեկն ունի իր պատմությունը, որն սկսվում է ժայռապատկերներից եւ ավարտվում XIX դարի գորգագործությամբ եւ ասեղնագործությամբ, սա միջոց է ոչ միայն տեսականին վաճառելու, այլ նաեւ զբոսաշրջիկին ուղղորդելու թանգարաններ, որտեղ ներկայացված են այդ գորգերի նմուշները: Մինչ կարանտինը տեսականիին կարելի էր ծանոթանալ մի քանի հուշանվերների խանութներում եւ ցուցահանդեսներում, իսկ հիմա միակ վայրը, որտեղից կարելի է ձեռք բերել այս ձեռագործ հուշանվերները, «ՄԻՍՄԱ» ասեղնագործության անկյունն է: «Տեսականին առաջարկում ենք հյուրանոցներին եւ ռեստորաններին, որտեղ հյուրերը կարող են տեսնել եւ, ինչու ոչ, նաեւ գնել: Ունենք օնլայն խանութ, որտեղ ներկայացված է մեր տեսականին, առաջին օնլայն վաճառքը եղել է Կանադայից, սակայն մենք ավելի շատ նախընտրում ենք գնորդի հետ իրական շփումը, երբ գնորդը ներկայացնում է իր տան ինտերիերը, գույները եւ մենք իր հետ միասին փորձում ենք գտնել այն, ինչը ավելի իդեալական կդարձնի իրենց տունը»,- ասում է տիկին Միսկարյանը: «Ճանաչե՛նք, տարածե՛նք, սովորեցնե՛նք, նվիրե՛նք, գնե՛նք «ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ», հենց սա է ամենահայկական ընկերության կարգախոսը: |