RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:30:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1443, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ» ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԿԱՆ ՕՐԻՆԱԶԱՆՑ ՀԱՅԵՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիայում Հայաստանի մասին տեղեկություն տրամադրող գերմանալեզու HAYPRESS լրատվական առցանց ծառայության հարցմանն ի պատասխան ԳԴՀ քրեական հետախուզության վարչությունն իրազեկել է, թե «հայկական մաֆիա» արտահայտությունն այլեւս չի կիրառվելու: Նույն աղբյուրի հավաստմամբ, դաշնային կառավարությունն էլ խուսափելու է շրջանառել վերոհիշյալ ձեւակերպումը, որ գերմանալեզու մեդիա էր սպրդել եւ տարեցտարի «ամրացել»ՙ MDR-ի հետաքննական նյութերից հետո, որ 2014-ից սկսյալ անդրադառնում էր գերմանաբնակ հայերի մասնակցությամբ քրեական տարբեր պատմությունների լուսաբանմանը:

Ինչպես իրազեկել ենք ժամանակին, 2014-ին Էրֆուրտում հրազենի կիրառմամբ տեղի ունեցած բախումների մասին MDR-ի հրապարակումից հետո, հայկական խմբավորումների կամ նրանց ներգրավմամբ ծեծուկռիվն ու տարբեր խարդախ գործարքներ լայն հրապարակայնություն գտան հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգի եւ Լուդվիգ Քենդցիայի հետեւողական լուսաբանման շնորհիվ, օրինազանց հայերի ծագումնաբանությունը շեշտադրվեց այնքան, որ աստիճանաբար «հայկական մաֆիա» պիտակավորման վերաճեց, որ սկսեց լայն կիրառություն գտնել հատկապես Գերմանիայում բնակվող թուրք-ադրբեջանական շահարկումների հարահոսի մեջ: Մեր թերթի էջերում բազմիցս արծածել ենք գերմանական ԶԼՄ-ներում վերոհիշյալ լրագրողներիՙ «հայկական մաֆիայի» մասին հետաքննության մանրամասները, որ ի թիվս այլ դեպքերի առավելաբար հենվում էր Էրֆուրտի հայտնիՙ ծեծկռտուքով, հրազենի կիրառմամբ, ռուսական, եվրասիական կազմակերպված հանցախմբերին կամՙ մաֆիային հարող երկու կլանների բախման միջադեպին:

Սա սկիզբն էր, ցավոք, հիշյալ լրագրողները այս թեմայի միակ «մասնագետը» չէին. Տպագիր մամուլը, ռադիոն, նաեւ հեռուստատեսությունը սկսեց հաճախ գործածել «հայկական մաֆիա» ձեւակերպումը, նշելով նաեւ հայտնի մարդկանց անուններ, որ իրենց տվյալներով, այս կամ այն մասնակցությունն ու դերակատարումն ունեն այդ խմբավորման մեջ: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն իր մարզական լրահոսում գրել էր, թե «կեղծ գործարքների կիրառմամբ խաղադրույքներ կատարելու համաեվրոպական ցանցում նկատելի մասնակցություն ունի «հայկական մաֆիան»:

Կազմակերպված հանցավոր խմբավորումների մեջ «ամենավտանգավորներից մեկը» համարվող, միջազգային առումով հայտնի քրեական այս խումբըՙ «հայկական մաֆիայի» անդամների ոչ օրինական բիզնեսի մաս է կազմում ֆուտբոլի, ձեռքի գնդակի, բասկետբոլի, թենիսի մեջ կեղծ խաղադրույքներ կատարելն ու դրանցից եկամուտ ստանալը»: ARD-ի ծավալուն հրապարակման հեղինակ Բենիամին Բեսթը հաղորդել էր, թե Գերմանիայում հայկական մաֆիայի անդամների կատարած 28 խաղադրույքներից յուրաքանչյուրն իրականություն էր դարձել 3 օրվա ընթացքում: «Հայերը խաղադրույք են դնում տարբեր մարզաձեւերում, նրանք կապ ունեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների, բասկետբոլիստների, թենիսիստների , ձեռքի գնդակ, վոլեյբոլ խաղացողների հետ, հաճախ մարզիկները Արեւելյան Եվրոպայից են, թեեւ այլ երկրներից էլ կան», գրել էր հոդվածագիրըՙ ընդգծելով մարզիկներին կաշառելու, կեղծ գործարքների մեջ «գերմանահայկական մաֆիայի» ակտիվ դերակատարման մասին:

Ինչպես գրել ենք ժամանակին, այս պիտակավորումը խարան դարձավ հատկապես Էրֆուրտում եւ կենտրոնական Գերմանիայում բնակվող օրինապաշտ գերմանահայերի համար, որ չվարանեցին տեղական թերթերում բարձրաձայնել ազգային պատկանելիությամբ «դասակարգվելու», նսեմացնող պիտակավորման հետեւանքով օրըստօրե խորացող սոցիալ-հոգեբանական խնդիրների մասին: Գերմանահայ կազմակերպությունները, հատկապես Գերմանահայոց կենտրոնական խոհուրդը բողոքագիր-բացատրագիր հղեցին նախ վերոհիշյալ լրագրողների հրապարակումների հավաստիությունը վիճարկելով, ապա խորհուրդ տալով զերծ մնալ ընդհանրացված պիտակավորումներից: Այդուհանդերձ գերմանական մեդիայի որոշ աղբյուրներ շարունակում էին «անարգել» կիրառելՙ երեւի նաեւ վարժություն դարձածՙ «հայկական մաֆիա» ձեւակերպումը:

HAYPRESS -ի մեր գործընկերների վերոհիշյալ պարզաբանումը, հուսանք, ազդակ կդառնա գերմանագիր մեդիայի համար, որ օրինազանցների մասին արտահայտվելիս զերծ մնա էթնիկ ընդհանրական պիտակավորումից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ